ԵԶԴԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Արծվաշենի վերջին մարտերում հայերի հետ կռված եւ զոհված, ազգությամբ եզդի Գագիկ Հաջոյանի ընտանիքը ֆինանսական ծանր վիճակում է գտնվում, իսկ ազատամարտիկի հորն անհրաժեշտ էր շտապբուժօգնություն: «Սանջար» հ/կ նախագահ Բորիս Մուրազին ազատամարտիկի ընտանիքին օգնելու խնդրանքով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը: Սակայն մինչ ՊՆ-ն դիմումի պատասխանը կուղարկեր, զոհվածի հայրը մահացել է` միայնակ թողնելով կնոջն ու անչափահաս որդուն: ՊՆ դիմումի մեջ նշված է. «Գագիկ Հաջոյանի ընտանիքի կարիքներին հնարավոր կլինի անդրադառնալ 2003-2007թթ. զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց հետո»: Այս պատասխանը զայրացրել է եզդիներին, որոնք բողոքի ձայն են բարձրացրել նամակ-պատասխանի կապակցությամբ: «Ինչի՞ համար էր Գագիկ Հաջոյանը գնացել կռվելու, եթե իր ընտանիքի անդամներն անտարբերության են մատնվել պետության կողմից»,-համացանցի տարբեր քննարկումներում գրում են եզդիները:
ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է
«Ա1+»-ի տեղեկություններով ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստում քննարկվել է Վարդգես Գասպարիի դիմումը, ինչպես նաեւ՝ հարցին առնչվող մյուս նյութերի վերաբերյալ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պարզաբանումներն ու դիրքորոշումը: Սակայն, ըստ կարգի, առայժմ հաձնաժողովը չի կարող տեղեկատվություն տրամադրել քննարկումների ընթացքի վերաբերյալ:
ՕՐԲԱՆԻՆ ՏԵՍՆԵԼՈՒ
Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Բուխարեստ (Ռումինիա): ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:
ԱՆՍԵՌ ԴՀՈԼ
«Հմայակ Հովհաննիսյանի հոգեվիճակը հասկանալ չեմ կարող, որովհետեւ տարբեր սեռական պատկանելություն ունենք, եւ, բնականաբար, օգնել էլ չեմ կարող»,-168.am-ին ասել է ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով ՀՔՄ նախագահ Հ. Հովհաննիսյանի կողմից երեկ իր վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին: Հովհաննիսյանը մասնավորապես ասել էր. «Երբ Արտաշես Գեղամյանը էլեկտրաշոկով բուժեց իր ռադիկուլիտը, նույն ձեւով 2004-ի ապրիլյան էլեկտրաշոկով բուժում ստանալուց հետո Գեղամյանը չկար, անցել էր խորը ընդհատակ: Հետո Գեղամյանը հայտնվեց ու հայտարարեց, որ իրեն զանգել է ԱՄՆ դեսպանն ու ասել՝ ինչու ես կորել, մենք քո մեջքին կանգնած ենք: Հետո ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը, որը մինչ այդ արժանանում էր Գեղամյանի բուռն գնահատականներին, որակավորվեց որպես կաշառք վերցնող Սերժ Սարգսյանից: Փոխվեցին Գեղամյանի ելույթների բովանդակությունը, ուղղվածությունը, քննադատում էր Ռուսաստանին, ի պատիվ իրեն՝ սկսեց անգլերեն սովորել: Հիմա նորից սկսել է ռուսերենով ելույթ ունենալ»: Իր հերթին Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով Գեղամյանի ասածներին, նշել է, թե չի պատրաստվում մեկնաբանել «դհոլի» ասածները:
ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑՈՂԸ ՏՆԻՑ ԶՐԿՎԵՑ
Ըստ որոշ լուրերի՝ «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, 2007-2012թթ. ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աշոտ Տոնոյանը (Տոնուսի Աշոտը) զրկվել է Զեյթունի Կամարակ թաղամասում գտնվող իր առանձնատնից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա այդ տունը ստիպված է եղել գրանցել Սեդրակ Առուստամյանի անունով, որը, սակայն, մեր թերթին ամիսներ առաջ վստահեցրել էր, որ դա «լկտի սուտ է»: Տոնոյանը 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու եւ իր վրա էր վերցրել Զեյթուն համայնքում ԲՀԿ քարոզարշավի պատասխանատվությունը` դրա համար ԲՀԿ ղեկավարից ստանալով համապատասխան ֆինանսավորում: Ըստ լուրերի՝ ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ի ստացած ձայների եւ ֆինանսավորման միջեւ էական տարբերություն է առաջացել, ինչի արդյունքում ԲՀԿ ղեկավարը Տոնոյանից վերցրել է նշված առանձնատունը: