ԵՂԲՈՐ ՆԱԽԿԻՆ ԿՆՈՋ ԳՐՊԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 36-ամյա Հարություն Պետրոսյանն այն բանից հետո, երբ հորեղբոր որդին բաժանվել է կնոջից, շտապել է հանդիպել վերջինիս ու սփոփել:
Կարմենի (անունը փոխված է) հետ հանդիպել են, ինտիմ կապեր հաստատել, հետո Հարությունը նրան ասել է, որ վերջինս այնքան լավն է, որ ինքը որոշել է բաժանվել կնոջից եւ ամուսնանալ նրա հետ: Ու որպեսզի Կարմենը հավատա իր ասածին, Հարութը նրան տարել է մի շենքի մոտ եւ հեռվից ցույց տվել մի տուն. այնտեղ ինքն իրականում շինարարության բանվոր է աշխատել, բայց ասել է, որ դա իր տունն է, որտեղ պետք է իրենք ապրեն ամուսնանալուց հետո:
Երբ Հարութի ասածը շոյել է Կարմենի ականջները, եւ նա հավատացել է իրենց պայծառ ապագային, Հարութն ավելի է ոգեւորվել եւ ցույց տալու համար, թե ինքը «լուրջ գործարար է», Կարմենին ասել է. «Ես մետաղների վաճառքով եմ զբաղվում, սակայն այս պահին չեմ կարողանում վճարել բանվորների աշխատավարձը»: Եւ այդ պատրվակով գրավ դնելու ու գումար վերցնելու համար Հարութը Կարմենից խնդրել է վերջինիս ոսկյա զարդերը: Հորեղբոր որդու նախկին կինը համաձայնել է, սակայն Հարութը ստիպված է եղել շահել նաեւ Կարմենի ծնողների վստահությունը, ինչն արել է ու նրանցից վերցրել 3 մլն 830 հազ. դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդեր, 6050 ԱՄՆ դոլար, 200 հազ. դրամ գումար եւ այդ ամբողջը խարդախությամբ հափշտակել:
Երբ Կարմենն ու ծնողները հասկացել են, որ Հարութն իրենց խաբում է, վեճ է ծագել Կարմենի հոր եւ «չկայացած փեսայի» միջեւ, որի ընթացքում Հարութը ձեռքի փայտով սկսել է հարվածել իր փողն ու գույքը պահանջող «չկայացած աներոջ» մարմնի տարբեր մասերին՝ նրան պատճառելով միջին ծանրության վնաս:
Հարութին մեղադրանք է առաջադրվել վստահությունը չարաշահելու միջոցով առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու եւ դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար:  

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս