Երեկ Երեւանի Խանջյան 20 հասցեի «Ջոս» սրճարանի հարեւանությամբ գտնվող կիսակառույց շենքը փլուզվել էր: Տուժածների թիվը 11-ն է: Նրանցից միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր: Տեղում պտտվող խոսակցությունների համաձայն՝ այդ տարածքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանին, սակայն նրա մտերիմները ջանադրաբար հերքում են տեղեկությունը:
Ականատեսներից մեկը՝ Հովհաննեսը, որին հաջողվել էր փլուզման վատ հետեւանքներից փրկվել, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շփոթված կրկնում էր. «Էս ի՞նչ եղավ: Մի վայրկյանում փուլ եկավ, չիմացանք, թե ոնց եղավ: Թողե՛ք գնամ ընկերներիս մոտ: Ի՞նչ իմանամ՝ ինչից եղավ: Ի՞նչ եղան ընկերներս: Գնամ հասնեմ ընկերներիս տեսնեմ, թե ոնց են»: Այսպիսով՝ չնայած դեպքի վայրում համազգեստավորների պակաս չկար, այնուամենայնիվ, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչն է փլուզման պատճառը: Միայն հայտնի է, որ փլուզման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի հատկանիշներով` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը: «Ո՞ւմ կողմից է խախտվել» հարցին դեռեւս պատասխան չկա:
Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ Խանջյան 20 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվությունը տրվել է «Մանկական զվարճալիքների կենտրոն» եւ «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ներին: Շինաշխատանքներն իրականացնում է «Չիլինգարյան դիզայն» շինարարական ՍՊԸ-ն: Շինթույլտվությունը տրվել է 2009-ի դեկտեմբերի 23-ին՝ զվարճալիքների կենտրոն, բացօթյա սրճարան կառուցելու համար: Թույլտվության ժամկետը երկարացվել է մինչեւ 2011-ի մարտի 17-ը: Այս տարի Երեւանի քաղաքապետարանը պարզել է, որ տրված ժամկետը լրացել է: Այդ պատճառով շինարարությունը դադարեցվել է, կազմվել արձանագրություն, եւ նշանակվել տուգանք` 2 մլն 200 հազ. դրամի չափով, որը վճարվել է: Այդ ամենից հետո կառուցապատողն օրենքով պետք է դիմեր քաղաքապետարան` ստանալու աշխատանքների շարունակման նոր ժամեկտի թույլտվություն: Սակայն մինչ օրս նա չի դիմել, ուստի այս պահին ընթացող շինաշխատանքներն ապօրինի են:
Թե ինչու է փլուզվել նորակառույցի երրորդ հարկը, փորձեցինք պարզել «Չիլինգարյան դիզայն» ՍՊԸ-ից, սակայն չստացվեց: «Մենք ենթակապալառու ենք, իսկ կապալառուն ուրիշ ընկերություն է»,-կոպիտ տոնով ասաց անտեղյակ քարտուղարուհին ու վայր դրեց լսափողսը: Իսկ «Ջոս» սրճարանի սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին գտնել չհաջողվեց. ասացին՝ երկրում չէ: Փոխարենը մտերիմները պնդեցին, որ փլված տարածքի հետ «Ջոս»-ն ու Փամբուկյանն առնչություն չունեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ