Գաստիկին, Տլեին և Ծգլին թաքցնելու մեջ մեղադրվողներն ազա՞տ կարձակվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով նախապես չխոստացած պարտակում մեղադրանքով 5 կալանավորվածները, ըստ երևույթին, ազատ կարձակվեն: Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց կալանավորվածներից Կարեն Երեմանի (Թիզ) պաշտպան Հրանտ Անանյանը, իր տեղեկություններով՝ նախաքննական մարմինը չի դիմել դատարան նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարացնելու միջնորդությամբ. «Ողջամիտ կլինի ենթադրել, որ վաղը չէ մյուս օրն ազատ կարձակվեն, քանի որ սահմանված ժամկետներում ԱԱԾ-ն կալանքը երկարացնելու միջնորդություն չի ներկայացրել»:

Հրանտ Անանյանը նշեց նաև, որ այս պարագայում քրեական հետապնդումը դադարեցնելու մասին իրենց որևէ որոշում չի տրամադրվել: Այսինքն` եթե 5 կալանավորների խափանման միջոցը փոխվի, սա չի նշանակում, որ գործը կկարճվի:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ի սկզբանե իրենք հայտարարել են, որ ձերբակալման համար վարույթն իրականացնող մարմինը որևէ հիմք չի ունեցել. «Իհարկե, չի բացառվում, որ վերջին պահին պարզվի` կալանքի ժամկետը երկարացվել է: Նման դեպք նախկինում եղել է: Եվ օրենքի խախտմամբ` իրավիճակը փոխվի»:

Armlur.am-ը ԱԱԾ-ից փորձեց պարզել` ճի՞շտ են տեղեկությունները, որ միջնորդություն չի ներկայացվել կալանքի ժամկետը երկարացնելու, սակայն, իմանալով, որ գործի մասին է խոսքը` հրաժարվեցին հարցին պատասխանել: Ստացվում է` Ազգային անվտանգության ծառայությունը, ում հանձնվեց Երրորդմասցի Լյովիկի սպանության գործի քննությունը, շարունակում է հույժ գաղտնի պահել անգամ այն ինֆորմացիան, որը նախաքննական գաղտնիություն չի պարունակում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գաստիկի, Ծգլի և Տլեի ձերբակալությունից օրեր առաջ հատուկ ջոկատայինները Ավան-Առինջում վնասազերծման աշխատանքներ էին իրականացրել, ինչի արդյունքում բերման էր ենթարկվել 5 հոգի: Նրանցից երկուսը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբյարներն են՝ Կարեն և Սուրեն Երեմյանները, ովքեր «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերն են, մյուսներն են Արտյոմ Կարապետյանը, Ալեքսեյ Մկրտչյանը, Նարեկ Հովսեփյանը:

Նրանք, շրջանառվող լուրերի համաձայն, զենք են տրամադրել Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվող Գաստիկին, Ծգլին և Տլեին:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մահացել է հայտնի քրեական հեղինակություն համարվող Լևոն Ղազարյանը` Երրորդմասցի Լյովիկը, Դրաստամատ Թադևոսյանը` Դերոն, և Մեսրոպ Նազարյանցը` Մոսոն:

Նրանց սպանության մեջ մեղադրվում են Սարգիս Գրիգորյանը (մականունը Ծգլ), Սարգիս Հախանումյանը (մականունը Տլե) և Վահան Հակոբյան (մականունը Գաստիկ):

Մի քանի օր հետախուզվելուց հետո նրանք ինքնակամ ներկայացել են իրավապահներին: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




Լրահոս