Արմեն Աշոտյանը և Թիերի Մանդոն մասնակցել են նոր մասնաշենքի բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղար Թիերի Մանդոն, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին և Ֆրանկոֆոն Քաղաքապետերի Միջազգային Ասոցիացիայի նախագահ Պ. Բայեն այսօր մասնակցել են Երևանի ֆրանսերենի խորացված ուսուցմամբ թիվ 119 ավագ դպրոցում նոր մասնաշենքի բացման պաշտոնական արարողությունը:

«Ուրախ եմ ֆրանսիացի գործընկերոջս հետ այս նոր մասնաշենքը բացելու առթիվ: Ես կիսեցի իմ ցանկությունը նրա հետ առ այն, որ երազում եմ Հայաստանում մի օր ունենանք ֆրանսիական ավանդույթների շարունակող առանձին կրթօջախ, որը թույլ կտա Հայաստանի կրթական համակարգում ունենալ ևս մեկ միջազգային կրթական ծրագիր: Հայ–ֆրանսիական համագործակցությունը խարսխված է նախևառաջ արժեհամակարգային ընդհանրության և ավանդական մշակութային և պատմական հարաբերությունների վրա»-,նշել է Արմեն Աշոտյանը` առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով նաև Երևանի քաղաքապետարանին` դպրոցի տարածքը բարեկարգելու համար:

Պետքարտուղար Թիերի Մանդոն, հայտնելով իր հիացմունքը, նշել է. «Շատ հուզիչ է. ես տեսնում եմ, որ այստեղ մեծ, նշանակալի աշխատանք է կատարվել, և շատ խորհրդանշական երևույթի առաջ մենք կանգնեցինք, որով արտացոլվում է հայ-ֆրանսիական բարեկամությունը»:

Նշենք, որ 2013 թ-ի հունիսի 19-ին ՀՀ ԿԳ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան միջև կնքվել է կրթական համագործակցության հուշագիր, որի նպատակն է` ավագ դպրոցում խթանել ֆրանսերեն լեզվի և ֆրանսերեն գրականության խորացված ուսուցումը և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագրի ներդրումը` ի հավելումն հանրակրթական հիմնական ծրագրի, Ֆրանսիայի պատմություն և աշխարհագրություն, ֆրանսիական քաղաքակրթություն առարկաների ուսուցմամբ` շաբաթական տասը դասաժամով:

12-րդ դասարանի ավարտին քննությունները հաջողությամբ հանձնած աշակերտներին կտրվեն ֆրանսերենի ուսուցման դիպլոմ, որը հնարավորություն կընձեռի ընդունվել Ֆրանսիայի տարբեր բուհեր: Ներկայումս գործում են 10 և 11-րդ դասարանները, որտեղ ընդհանուր թվով սովորում է 53 աշակերտ: Ուսուցման համար նախատեսված մասնաշենքը կառուցվել է Ֆրանկոֆոն Քաղաքապետերի Միջազգային Ասոցիացիայի օժանդակությամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարության ֆինանսական ներդրման արդյունքում:




Լրահոս