ՄԱՐԴԱԿԵՐԸ
Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքը ձերբակալել է մի ոստիկանի, որը ծրագրել էր առեւանգել, եփել եւ ուտել ավելի քան 100 կնոջ: 28-ամյա երիտասարդն անանուն մեկի հետ հաղորդագրություններ է փոխանակել մարդակերությունն իրագործելու նպատակով: Ոստիկանն արդեն պատրաստել էր իր 100 զոհերի ցուցակը: Եթե մարդակերը մեղավոր ճանաչվի, ապա նրան ցմահ ազատազրկում է սպառնում:
ԾԻԾԱՂԻ ՓԱՌԱՏՈՆ
Մեխիկոյում մեկնարկել է ծաղրածուների աշխարհի ամենամեծ համագումարներից մեկը` Ծիծաղի փառատոնը: Ժանրի մոտ 500 վարպետներ հավաքվում են՝ միասին տոնելու ծաղրածուների 17-րդ միջազգային համագումարը: Միջոցառման ընթացքում մասնակիցները սովորաբար վարպետության դասեր են տալիս, ինչպես նաեւ կազմակերպում անվճար ներկայացումներ եւ ծաղրածուների զվարճալի շքերթներ քաղաքի բնակիչների համար:
ԶՈՔԱՆՉԻ ՕՐ
Հոկտեմբերի 26-ը զոքանչի միջազգային օրն է: Այն հիմնականում նշվում է ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի որոշ երկրներում: Տոնի հիմնական նպատակն ընտանիքի 2 կարեւոր անդամների միջեւ հարաբերությունների բարելավումն է: Այս տոնը նշելու ավանդույթը գալիս է Միացյալ Նահանգներից: Սկզբում այն դիտարկվում էր որպես կատակ, ապա մեծ տարածում ստացավ անգլալեզու երկրներում: Այս օրն ընտանիքի բոլոր անդամները` հիմնականում փեսան, պետք է չափազանց ուշադիր լինեն զոքանչի հանդեպ, կատարեն նրա բոլոր ցանկություններն ու ծաղիկներ նվիրեն նրան:
ՓՐԿԵԼ ԵՆ
«Բրիտանիայի բժիշկները կարողացել են փրկել փոքրիկ աղջկա կյանքը, որը ծնվել էր մանկական հազվագյուտ քաղցկեղի տեսակով` ֆիբրոսարկոմայով, որը քայքայում է հյուսվածքները»,-գրում է lifenews-ը: 9-ամսյա փոքրիկը իր կարճատեւ կյանքի ընթացքում արդեն ենթարկվել է քաղցկեղի ուռուցքների հեռացման 7 վիրահատությունների: Բացի այդ, հեռացրել են նրա երեք կողոսկրերը եւ թոքի մի մասը: Երեխայի ծնողները երջանիկ են, որ իրենց փոքրիկը կարողացել է հաղթահարել հիվանդությունը:
ԿԵՆԴԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԼԱՐԵՐ
Դանիացի գիտնականները, որոնք երեք տարի առաջ օվկիանոսի հատակին հայտնաբերել էին խորհրդավոր էլեկտրական լարեր, որոշել են դրանց աղբյուրը: Պարզվել է՝ ծովի հատակը ամբողջությամբ պատված է «կենդանի էլեկտրալարերով»՝ բակտերիաներով, որոնք միացած են բարակ երկար թելի նման ու շատ նման են կապույտ լարերի: Այս էլեկտրական շղթան բաղկացած է ոչ թե տարբեր բակտերիաներից, այլ այդ միաբջիջ թելերը պատկանում են մեկ ընտանիքի, որոնք ապրում են որպես միասնական օրգանիզմ ու հոսանք հաղորդում իրենցից բավական մեծ տարածության վրա: