Համայնքներում անցկացված հանրաքվեն՝ սահմանադրականի փորձ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռիգայում կայանալիք գագաթնաժողովից երկու օր առաջ հրապարակված տեղեկատվությունը` Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվելիք բավականին ծավալուն փաստաթղթի եւ այդպիսով` Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն հարաբերությունների շարունակության եւ խորացման մասին, զուգահեռաբար նախանշեց նաեւ մեկ այլ գործընթացի մոտալուտ ավարտը: Խոսքը սահմանադրական բարեփոխումների մասին է, որը, ինչքան էլ ներկայացվի որպես բացառապես սեփական վերարտադրության նպատակով Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված գործընթաց, իրականում ունի շատ խորը արմատներ, որոնք տանում են դեպի Եվրամիություն:

2013թ. սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարության հաջորդ իսկ օրը, ստեղծելով սահմանադրական բարեփոխությունների մասնագիտական հանձնաժողովը, Սերժ Սարգսյանը այդպիսով փորձեց գոնե այս մասով իրագործել Եվրոպայի առջեւ ստանձնած իր պարտավորությունը, որը, բացի Հայաստանի Հանրապետության սահմանադրության բարեփոխումից եւ գուցե` առավել ժողովրդավար համակարգի ներդրումից, իր խորքում ուներ այլ` աշխարհաքաղաքական դրդապատճառ: Այն ուղղակիորեն կապակցված է Հայաստանում իրական իշխանությունը կրողների շրջանակի ընդլայնմանը: Մի բան, որը Արեւմուտքին հնարավորություն կտա առավել ճկուն վերահսկողություն եւ ազդեցություն հաստատել Հայաստանում` փորձելով հակակշռել Ռուսաստանի բացարձակ գերիշխանությանը:

Եվ, ահա, մասնագիտական հանձնաժողովը հայտարարում է, որ տասնչորս կուսակցություններ առաջարկություններ են ներկայացրել, եւ, բնականաբար, դա ասվում է նաեւ Վենետիկի հանձնաժողովին, որն իբրեւ նախապայման առաջադրել էր լայն կոնսոլիդացիան: Թե այդ տասնչորս կուսակցություններից քանիսն են մարդ կուսակցություններ, առնվազն Հայաստանում բոլորին է հայտնի: Ինչպես եւ դեռ մեկ տարի առաջ կանխատեսել էինք, եկել է ՀՀԿ-ի խորհրդարանական ցուցակում հանգրվանած մարդ-կուսակցությունների «գլխաքանակը» օգտագործելու ժամանակը, եւ նրանք հերթով` մեկը մյուսի հետեւից, ծավալուն առաջարկություններ են ներկայացնում` ստեղծելով քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի իմիտացիա:

Բնականաբար դա գաղտնիք չի կարող լինել նաեւ Վենետիկի հանձնաժողովի համար, որը, սակայն, այս իրավիճակում դժվար թե շարունակի պնդել իր առաջադրած պայմանը: Դե, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանություններն էլ, համայնքներում փորձարկելով հանրաքվեի անցկացման` վաղուց չկիրառված մեխանիզմը, զուգահեռաբար Ազգային ժողովում ընդունվելիք նախագծով շտկելով դրանում առկա բացերը` մինչեւ աշուն կազմ-պատրաստ կլինեն` սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելու համար:




Լրահոս