Ներկայումս թանգարաններն ու թանգարանային գործը կարգավորվում են որոշակի իրավակարգերով, ընթացակարգերով, սակայն չկա թանգարանների մասին օրենք: Օրերս հայտնի դարձավ, որ մշակվել եւ Կառավարության հավանությանն է արժանացել «Թանգարանների ու թանգարանային գործի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ-ին: «ժողովուրդ»-ը Երեւանի թանգարանների տնօրենների հետ զրուցել է նման օրենք ունենալու անհրաժեշտության մասին՝ պարզելու համար, թե ինչ կտա այն թանգարաններին:
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն, օրինակ, այն համոզման է, որ օրենքն անհրաժեշտություն է նախ հավաքածուների անձեռնմխելիությունը, թանգարաններին ամրացված շենքերի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ՝ թանգարանների սոցիալապես անապահով աշխատակիցների խնդիրները լուծելու առումով:
«Օրինակ` մայրաքաղաքում թանգարանների շենքերի դիրքը շատ գայթակղիչ է ոմանց համար, ուստի պետք է գործի հստակ օրենք, որպեսզի այն վերջնականապես հիասթափեցնի այդ շենքերի նկատմամբ ոտնձգությունների նկրտումներ ունեցողներին: Ինքս շատ կուզենայի, որ մենք ունենայինք օրենք, որն անձեռնմխելի կդարձներ նաեւ թանգարաններին ամրացված շենքերն ու շինությունները: Այդ օրենքը վաղուց պետք է լիներ»,-մեզ հետ զրույցում ասաց Կ. Վարդանյանը:
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն էլ է վստահ, որ օրենքն անհրաժեշտություն է, առանց որի դժվար է աշխատել: Նրա կարծիքով` հարցի երկրորդ կողմն է` օրենքը կշրջանցվի, թե ոչ, բայց փաստ է, որ դրա բացակայության պայմաններում, ընդհանրապես, գործունեություն ծավալելն է դժվարանում:
Ն. Թուխիկյանի խոսքով` թանգարանների մասին օրենքը պետք է նախ` աշխատակիցների իրավունքների եւ պարտավորությունների կանոնակարգման եւ երկրորդ` թանգարանային հարստության անվտանգության ապահովման համար:
«Օրինակ` հիմա գոյություն ունի հայաստանյան թանգարանների ունեցվածքի շտեմարան, յուրաքանչյուր թանգարան եւս ունի իր շտեմարանը, որտեղ ամփոփված են նաեւ այն տեղեկությունները, որոնք չեն ներկայացվում այցելուներին: Կարծում եմ` պետությունը պարտադիր պետք է ունենա այդ շտեմարանը, իմանա` ինչ ունի եւ ինչ չունի: Չէ՞ որ ամեն բան չէ, որ պետք է ներկայացվի թանգարանի այցելուներին: Ուստի օրենքը պետք է կանոնակարգի, որ տեղեկատվությունը կարելի է ներկայացնել եւ, որը՝ ոչ: Սա անվտանգության առումով լուծման ենթակա թիվ մեկ խնդիրն է»,- ասաց Ն. Թուխիկյանը:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն այն համոզման է, որ ցանկացած օրենք, որը ճիշտ կգործի, անհրաժեշտ է օդ ու ջրի պես եւ միայն կնպաստի ոլորտի զարգացմանը: Նրա խոսքով` թանգարանների թիվ մեկ խնդիրն է` հասու լինել ցանկացած այցելուի: «Եթե հարցը դիտարկենք ֆիզիկական տեսանկյունից, ապա թանգարանը պետք է հասու լինի, օրինակ, հաշմանդամներին: Մեկ այլ տեսանկյունից կարեւոր է, որ թանգարանները հետաքրքրեն մարդկանց, օրինակ` երիտասարդներին: Պետք է մշակել օրենքներ, որոնք վերջիններիս կկապեն թանգարանների հետ»,- ասաց Լ. Հակոբյանը:
Տնօրենի խոսքով, եթե, օրինակ, թանգարանը գործում է բնակելի շենքում, եւ եթե այն պատմամշակութային արժեք է ներկայացնում, ապա պետք է ձեւակերպվեն հստակ օրենքներ, բնակիչների համար պետք է սահմանվեն կանոններ (օրինակ` լվացքը չփռել շենքի հենց առաջնամասում, չաղտոտել տարածքը եւ այլն):
Իսկ արդեն թանգարանի ներսում, Լ.Հակոբյանի պատկերացմամբ, պետք է գործեն հստակ օրենքներ, որոնց կենթարկվեն բոլոր այցելուները: «Երբեմն մարդիկ թանգարան են մտնում մեծ կապոցներով, պայուսակներով: Մենք, իհարկե, սաստում ենք նրանց, ոմանք լսում են, ոմանք` ոչ: Բայց այս պարագայում ցուցանմուշների անվտանգության խնդիրը կա»,- նկատեց նա:
Լ. Հակոբյանն առանձնացրեց նաեւ թանգարաններում արտակարգ իրավիճակների ժամանակ էվակուացիայի խնդիրը կարգավորելու հարցը: Նա նաեւ այն կարծիքին է, որ Հայաստանի մայրաքաղաքը պետք է ունենա ընդհանուր օրենքներ, որոնք ինչ-որ չափով կտարածվեն նաեւ թանգարանների վրա:
Աննա Բաբաջանյան