Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկամամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մայիսի 20-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վերջինիս օգնականն ու վարորդը։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ։
Քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ, հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք։
Սյունիքի մարզպետի և ավտոմեքենայի մեջ գտնված մյուս, ինչպես նաև քրեական գործով հարցաքննված մի քանի այլ անձանցից վերցվել են փորձանմուշներ և կրակոցների արգասիքների հետքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։ Քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական, դատաբժշկական, դատահետքաբանական և այլ փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։