«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը ակտիվորեն աշխատում է` քաղաքական ասպարեզում իր տեղն ու դիրքը պահելու համար: ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանին հանդիպեցինք կուսակցության գրասենյակում: Կուսակցության ղեկավարի խոսքերով` գրասենյակն արդեն 5-րդ տարին է, գտնվում է Զաքյան 10 հասցեում. «Սա Պետական գույքի կառավարման վարչության տարածքն է, մենք վարձակալում ենք, 2-րդ հարկն ամբողջությամբ մերն է»: ՀԺԱՄ-ը մայրաքաղաք Երեւանում 4 գրասենյակ եւս ունի` Նանսենի 1-ում, Մալաթիա-Սեբաստիայում, Շենգավիթում եւ Քանաքեռ-Զեյթունում, եւս գործող 8 գրասենյակ ունեն մարզերում. Այն հարցին թե ինչպե՞ս է պահվում կուսակցությունը, ի՞նչ ֆինանսների միջոցով, պարոն Մկրտչյանն ասաց. «Մեր կուսակցության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեր անդամները հիմնականում միջին խավի ներկայացուցիչներ են, թե՛ վարչության անդամները, թե՛ խորհրդի անդամները փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, այսինքն՝ գործարարներ են, եւ հենց մեր անդամների միջոցով էլ ձեւավորվում է մեր ընթացիկ վիճակը, բայց որ մեկը մեզ մեծ ֆինանս տա, նման բան չկա, մենք էլ համեստ միջոցներով ապրում ենք»: Առաջիկա Աժ ընտրություններին կուսակցությունը որոշել է. «2012 թվականին որոշում ունենք մասնակցելու ընտրություններին, բայց էնպես չի, որ միայնակ կգնանք: Մենք ցանկանում ենք մեր քաշային կատեգորիայի կուսակցություններով միավորվել, ինչ-որ բլոկ կազմել, որի համար արդեն գործընթաց ենք սկսել: Հիմա կոնկրետ չի լինի նշել, քանի որ դեռ համաձայնություն չկա, ուղղակի նախաբանակցային փուլ է, կա 4 կուսակցություն, որ մտածում է այդ ուղղությամբ: Հնարավոր է` գարնանը մենք որոշակի փաստաթուղթ ստորագրենք համատեղ գործունեության մասին»: Պարոն Մկրտչյանը հավելեց նաեւ, որ «եթե չհաջողվի այդպես միավորում կառուցել, կնայենք նախընտրական տարուն, բայց հաշվի առնելով Հայաստանի քաղաքական իրավիճակը` մենք կողմ ենք, որ արտախորհրդարանական ուժերը տարբեր միավորումներով խոշորանան, մենք դեմ ենք, որ 60 կամ 70 կուսակցություն լինի»: Կուսակցության ղեկավարի խոսքերով. «ՀԺԱՄ-ն այսօրվա դրությամբ մոտ 5600 անդամ ունի: Կարող եմ ասել, որ մենք 7200 ունեինք, բայց նախորդ ընտրություններին, որ չմասնակցեցինք, որոշակի առումով, որոշ մասը պասիվացել է»: ՀԺԱՄ-ի նախագահը փաստեց. «Մենք բազմաթիվ անգամ ֆիքսել ենք, որ մենք քաղաքական դաշտի կենտրոնում ենք գտնվում` կենտրոնամետ ենք, այսինքն` մենք գործում ենք կենտրոնից դեպի ընդդիմություն դաշտում»: Եւ ըստ ՀԺԱՄ-ի ղեկավար Վահրամ Մկրտչյանի. «Ժողովուրդը ՀԺԱՄ-ից պետք է ակնկալի ոչ ստանդարտ` օրիգինալ լուծումներ տարբեր հարցերի վերաբերյալ»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՄԵՂՎԻ ՊԵՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ