ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության օրվա առթիվ.
«Սիրելի երեխաներ և ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Յուրաքանչյուր երեխայի մեջ մի կտոր հայրենիք կա, յուրաքանչյուր երեխայի ճակատագիր հայրենիքի ճակատագրի մի մասնիկն է, ուստիև երեխայի հանդեպ վերաբերմունքը վերաբերմունք է հայրենիքի հանդեպ, նրա պաշտպանությունը հայրենիքի պաշտպանություն է:
Մեզ համար մանկապաշտությունն ու հայրենապաշտությունը նույն երևույթն են, երկուսն էլ առանձնահատուկ են մեր սրտում և գիտակցության մեջ՝ պահանջելով նվիրում, սեր ու ջանք: Երեխայի մեջ գալիքը տեսնելով՝ այն նույնացնում ենք երկրի ապագայի հետ և առավելագույն եռանդ ու պատվախնդրություն ներդնում ավելի բարեկեցիկ վաղվա օր ապահովելու գործում, օր, որն սկսվում է ներկայից և յուրաքանչյուրիցս պահանջում երեխայի իրավունքի գիտակցում և դրա պաշտպանություն, երեխայի հանդեպ հոգատարություն և պատասխանատվություն: Երեխաների պաշտպանության հարցում պետք է լինի ոչ թե պատասխանատվության բաժանում, այլ մեկտեղում հասարակության բոլոր անդամների կողմից, որտեղ միակ շահը հենց բարեկեցիկ մանկությունն է, միակ շահառուն՝ երեխաները, իսկ վերջնարդյունքում՝ հայրենիքը:
Կառուցելով բարեկեցիկ երկիր՝ ստեղծում ենք այն պայմանները, որոնցում արժանապատվորեն մեծանալու է հայրենիքի վաղվա պաշտպանը, վաղվա քաղաքացին, առաջընթացի վաղվա շարժիչ ուժը:
Վերստին շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և ամենայն բարիք»: