Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, թե դերասանուհի-երգչուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հիասթափվել, նեղացել ու հեռացել է Հայաստանից: Այդ ժամանակ “Ժողովուրդ” օրաթերթը զրուցել էր երգչուհու եղբոր` Սամվել Գրիգորյանի հետ, որը հավաստիացրել էր, որ քույրը շուտով վերադառնալու է: Իսկ թե ուր էր գնացել եւ ինչու, պարզեցինք անձամբ Արմինեից:
-Մեկնել էի Ֆրանսիա՝ իմ գործերով, պարզապես ցրվելու, հանգստանալու, նաեւ հետազոտման, մի քիչ ալերգիկ վիճակներ են մոտս: Նույնիսկ չգիտեմ՝ ինչու այդ տեսակ ինֆորմացիա տարածվեց: Հաստատ ոչ մեկից չեմ նեղացել ու գնացել: Ես երբեք Հայաստանից մշտական չեմ գնա, հնարավոր է՝ ժամանակավոր գնամ-գամ: Ֆրանսիայում մնացի 3 ամիս 10 օր ու վերադարձա:
-3 ամիսը մի քիչ շա՞տ չէ հանգստի համար: Այնտեղ նաեւ աշխատե՞լ եք:
-Չեմ կարծում, որ դա այդքան շատ է հանգստի համար: Երբ մի քիչ դեպրեսիայի մեջ եմ ընկնում, պարբերաբար գնում եմ ուրիշ երկիր՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, հետո թեթեւացած հետ եմ գալիս:
-Ինչի՞ց եք դեպրեսիայի մեջ ընկել, նեղվել:
-Էնպես չէ, որ շուրջս կատարյալ է, անընդհատ լինում են պահեր, երբ հիասթափվում ես: Ինձ թվում է՝ բոլորի մոտ էլ այդպես է: Ապրելավայր փոխելն ինձ շատ է օգնում, բայց հիմնովին երկիրը լքելու մասին չեմ էլ ուզում մտածել: Ինձ համար Հայաստանն աշխարհի ամենալավ երկիրն է:
-Երբ Ձեր եղբոր հետ էի զրուցում, նա էլ նույն կարծիքը հայտնեց` նշելով, որ Հայաստանն իր համար ամենալավ երկիրն է:
-Մենք այդպես ենք ընդունում հայրենիքը, էդպես էլ պետք է լինի: Պատահական չէ, որ այլազգիները գալիս, Երեւանում տուն են առնում: Հետո մեր երկիրն իր մթնոլորտով, էներգետիկայով ու շատ այլ հարցերով լավն է: Աշխարհով մեկ ման եմ եկել, բայց էս տեսակ երկիր չեմ տեսել:
-Ցավալի է, բայց ոչ բոլորն են կարծում, թե մեր երկրի նման երկիր չկա: Վստահ եմ՝ Ձեր շուրջն էլ կան երիտասարդ ընտանիքներ, որոնք արտագաղթում են:
-Հեռանալու պատճառները տարբեր են, ոչ մեկին էլ չեմ մեղադրում, ուրեմն մարդը չի գտնում իրեն էստեղ, փորձում է այլ տեղ գտնել, համենայնդեպս, ցանկալի է, որ չգնան: Կարծում եմ՝ նրանք, ովքեր հիասթափության պատճառով են գնացել, հետ են վերադառնալու:
-Ձեր այսօրվա սոցիալական կարգավիճակը Ձեզ գոհացնո՞ւմ է:
-Այո՛, մի քիչ աշխատանքային հարցերում ունեմ ոչ այդքան բավարարված պահեր, մնացած ամեն ինչ հրաշալի է: Փառք Աստծո, ինձ շրջապատում են լավ մարդիկ, ընկերներ, ընտանիք: Էլ ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար, սիրած մասնագիտություն, հարմարավետություն, ամեն ինչ էլ ունեմ:
–Աշխատանքի հետ կապված՝ ի՞նչը Ձեր սրտով չէ:
-Հաղորդումներ էի արել, ոնց որ ազատ հեռուստաալիք չկա այս երկրում, գրավված է ամեն ինչ: Ամեն տեղ իրենց մարդիկ են: Դա է վատ, որ ինչ-որ մարդկանց միջոցով դու պետք է անես քո հաղորդումը: Իսկ ես չկամ էդ գործում, որ գնամ, դիմեմ, խնդրեմ…
-“Դար 21” հեռուստաընկերությամբ վարում էիք Ձեր հեղինակած ,Իմ արեւե հաղորդումը, ինչո՞ւ դադարեցրիք:
-Որ ասեմ՝ գլոբալ պատճառ կար, այդպես էլ չէր: Երկու տարի անընդմեջ եթերում էի, հետո ճգնաժամը սկսվեց, նրանք էլ չկարողացան ինձ ֆինանսավորել: Ես էլ նոր հաղորդում նկարեցի, որ թեկուզ այլ ալիքով ցուցադրվի, բայց դա էլ չեղավ: Հիմա էլ մտածում եմ էլի ինչ-որ բան անել: Մտահղացումներ շատ ունեմ, բայց իրագործելն է բարդ, սարսափելի է: Ես եւ իմ եղբայրը երեւի թե շատերից տարբերվել ենք նրանով, որ ամեն ինչ մեր ուժերով ենք արել` առանց որեւէ մեկի օգնության, սիրած մարդու, բարեկամի, փողի: Մենք արդեն հարմարվել ենք այդ կարգավիճակին: Բայց հիմա ժամանակները փոխվել են, ինչ-որ պարամետրերով պետք է անցնես: Այդ առումով ինձ հետ մնացած եմ համարում:
-Իսկ սեփական միջոցներով հնարավո՞ր չէ ծրագրերն իրագործել:
-Վերջին չորս հաղորդումս սեփական միջոցներով էլ արեցի: Նենց ֆռռացրին էս ալիքից էն ալիք, նենց հիասթափեցրին, որ մարդ էլ ոչինչ չանի: Ինձ չեն ասում “չէ”, գոնե տղամարդկություն ունենան՝ ասեն: Այ էդ “չէ”-ն երբեք դեմքիս չեն ասում, արդեն սովոր եմ, որ դեմքիս ժպտում են, հետեւից խոսում: Իրենց պետք չէ, որ եթերում լինի գույն, մոխրագույն վիճակն իրենց դուր է գալիս: Արհեստական արգելքներ են ստեղծում: Այդ տեսակ խնդիրների շատ եմ բախվել: Տարիներ շարունակ ինձ գալիս, տանում էին Ղարաբաղ համերգների, դու էլ չունես տարբերակ չգնալու: Նույնիսկ շատ հիվանդ եմ եղել, բայց գնացել եմ: Իրենց պետք է եղել, որ մարզադաշտի համերգը ես բացեմ հումորով, երգով, հետո գալիս ես Երեւան ու տեսնում, որ այդ հատվածը մոնտաժ են արել, ու դու մեջը չկաս: Դա ուղղակի սարսափելի է, գժվել կարելի է: Տարիներ շարունակ այս վիճակն է, ես էլ այն մարդն եմ, որ չեմ բողոքում, լացում, հիմա լացողների դար է: Ինձ համար արժեքները պահպանվել են` արժանապատվություն, թասիբ, խիղճ, բարություն… Այս խոսքերը վերջին տարիներին չեն ասվում, չկան: Հիմա ուրիշ տեսակի մարդիկ են առաջ գնում:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ