ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՏԻՊՎԱԾ
Զինծառայող Արթուր Քոչարյանը, որի մոտ հայտնաբերվել էր արյան հիվանդություն, բուժման նպատակով տեղափոխվել է Մոսկվա: Այս պահին նա բուժում է ստանում Մոսկվայի Դ. Ռոգաչովի անվան արյունաբանական ինստիտուտում: «Պաշտպանության նախարարությունն ամբողջությամբ իր վրա է վերցրել բուժման ծախսերը»,-«Ա1+»-ին հայտնել է ՊՆ բուժվարչության պետ Արտաշես Փարսադանյանը: Նշենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զինծառայողի հայրն ասել էր, որ դեղնախտով հիվանդ իր որդուն ճիշտ ժամանակին չեն բուժել, ինչի հետեւանքով նրա մոտ առաջացել է ջրծաղիկ, ապա՝ արյան վարակ:  

ԴԵՌ ԲՈՒԺՎՈՒՄ Է
Ըստ «Հենարանր»-ի՝ բանակին գոմեշի միս մատակարարելու քրեական գործով կալանավորված Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, որի սիրտը վիրահատել էին եւ ստենդավորել,  շարունակում է բուժվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Օհանջանյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Նրան սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում, նաեւ գույքի բռնագրավում: Առայժմ Օհանջանյանը հրաժարվում է ցուցմունքներ տալ եւ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում:

ՀԵՐՔԵԼ Է
Ռուբեն Հայրապետյանը հերքել է նախօրեին մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ինքը ծեծել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի՝ աշխատանքից ազատված բժիշկ Վարդան Հովասափյանին: «Ես նման բան չեմ արել, գնացե՛ք, իմ գործի տեղը հարցրե՛ք, գնացե՛ք, հարցրե՛ք բժշկին, ես մի շաբաթ ա՝ չեմ էլ գնացել կաբինետ: «Փյունիկ» ակումբը բժշկին ազատել է աշխատանքից, մարդիկ վերցնում են, գրում են»,-«Ա1+»-ին ասել է ՀՖՖ նախագահը:

ԿԻՆ ՉԵՆՔ ԸՆՏՐԻ
«Անուշ Սեդրակյանի ընտրվելու հավանականությունը զրո է, քանի որ նրան նախ չգիտեն, հետո նրա հենարան-կուսակցությունը քաղաքական դաշտում որեւէ ներուժ չունի»,-Tert.am-ին ասել է Ահարոն Ադիբեկյանը` գնահատելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին տեղեկությունները: Սոցիոլոգը նաեւ կարծում է, որ մեր հասարակությունը պատրաստ չէ կին նախագահ ընտրել:

10 ՕՐ Է ԽՆԴՐԵԼ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ երեկ սկսվել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սուրենյանցը ներկայացել է առանց պաշտպանի եւ դատարանից 10 օր ժամանակ խնդրել` պաշտպանի հետ պայմանագիր կնքելու համար:
Սուրենյանցը մեղադրվում է իր ծանոթ Գրիգոր Ղազաբյանից խարդախությամբ 508.000 ՀՀ դրամ գումար վերցնելու մեջ:

ՉՈՐՍ ՈՒՌԿԱՆ
Սեւանա լճում 4 ուռկան գցելու չափ ձուկ է մնացել: Tert.am-ի հետ զրույցում ահազանգել է  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի աշխատակից Բորիս Գաբրիելյանը: Դեռ նախորդ տարվա տվյալներով՝ Սեւանա լճում սիգ ձկնատեսակի պաշարը կազմել է մոտ 8.5 տոննա, ըստ որում՝ ոչ արդյունագործական չափերի: «Առաջ մեկ քսակավոր ուռկանը միանգամից 2 տոննա բռնում էր, այսինքն՝ մի 4 հատ որ գցես, ամբողջ լճի ձուկը կհանես»,-ասել է  Գաբրիելյանը:




Լրահոս