Նոյեմբերի 14-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանը դաժան ծեծի է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանի կողմից եւ ծանր վիճակում՝ դեմքը կարված, ծնոտը կոտրված, դուրս է եկել ֆեդերացիայից: Ավելին, նրան հեռացրել են աշխատանքից, քանի որ «Գանձասար»-«Փյունիկ» խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերել, եղել է ոչ սթափ վիճակում (խնջույքային տրամադրությամբ): Ըստ «Լուրեր.com»-ի՝ Հովասափյանի գտնվելու վայրն անհայտ է, հեռախոսահամարները՝ անհասանելի:
Սակայն հաջորդ օրը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հերքեց տեղեկությունը՝ ասելով, թե նման բան չի եղել:
Միջադեպի առնչությամբ «Ժողովուրդ»-ը հեռախոսազրույց ունեցավ բժիշկ Վարդան Հովասափյանի հետ:
-Պարո՛ն Հովասափյան, կբացատրե՞ք, թե ինչ է եղել:
-Աշխատանքային ինցիդենտ է եղել, երեւի գտել են, որ կարգապահության խախտում է եղել, եւ ազատել են աշխատանքից: Ոչ մի ուրիշ բան չի եղել, եւ դրա շուրջ կրքերը պետք է հանգստացնենք, ախր բան չի եղել:
-Այդ դեպքում ինչո՞ւ եք կորել, ինչո՞ւ ոչ ոք, անգամ Ձեր մտերիմները չեն կարողանում կապ հաստատել Ձեզ հետ:
-Ուղղակի հիմա իմ տրամադրությունն ընկճված է, որ իմ աշխատանքն եմ կորցրել, եւ դա այն բնագավառն էր, որը սիրում էի եւ աշխատում էի: Իմ տարիքում արդեն դժվար է նոր աշխատանքի մասին մտածել: Միայն այդ առումով է, որ կապի դուրս չեմ գալիս, եւ ուրիշ ոչ մի բան չկա: Թե չէ ես լավ եմ զգում ինձ, ոչ մի բան չի եղել:
-Իսկ այդ օրը Դուք Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպե՞լ եք:
-Հայրապետյանը հանդիպել է բոլորիս հետ, զրուցել եւ ճանապարհ է դրել, ուրիշ ոչ մի բան չի եղել:
-Իսկ ինչո՞ւ են Ձեզ հեռացրել աշխատանքից:
-Գիտեք, երեւի հետ գալու ճանապարհին տնօրենը տեղյակ եղավ, որ մենք մի փոքր խմիչք ենք օգտագործել, ընդամենը դա է եղել:
-Այսինքն՝ ոգելից խմիչք օգտագործելու պատճառով կորցրե՞լ եք աշխատանքը:
-Այո՛, քանի որ դա աշխատանքային կարգապահության խախտում է:
-Իսկ Ձեզ ի՞նչն էր ստիպել խախտել «աշխատանքային կարգապահությունը»:
-Դե գրել էին, չգիտեմ ինչ էին գրել՝ տրամադրության հետ կապված: Էդ են գրել անկետայի մեջ՝ «խնջույքային տրամադրության համար»:
ԲԺԻՇԿՆ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՓՆՏՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ