3 ՀՈԳԻ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ, ՄԵԿԻ ՈՏՔԸ ԿՏՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Ժամը 14:20-ի սահմաններում Վարդենիսի երկաթգծի կայարանի մոտ գտնվող 40 մ երկարությամբ եւ 4 մ բարձրությամբ կամուրջը փլուզվել է: Փլատակների տակ է մնացել հինգ մարդ, որոնցից երեքը տեղում մահացել են, երկուսին տեղափոխել են հիվանդանոց` ծանր մարմնական վնասվածքներով. նրանցից մեկի ոտքը կտրվել է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նշված կայարանը սպասարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:
Դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի երկաթգծի կայարանից 2 կմ հյուսիս գտնվող կամրջի մոտ, որի երկաթբետոնե «կոնստրուկցիաների» տակ են մնացել 5 հոգի. Վարդենիսի բնակիչներ Վազգեն Սարգսյանը, Գագիկ Ավետիսյանը եւ Սեւան քաղաքի բնակիչ Ներսիկ Մարտիրոսյանը` Սեւանի երկաթգծի կայարանի ղեկավարը, տեղում մահացել են, իսկ Վարդենիսի բնակիչներ Ռոբերտ Համբարձումյանը եւ Արգամ Անտոնյանը մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանց տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն, այնուհետեւ Երեւանի «Առաջին կլինիկական» կենտրոն:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Վահե Դավթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ փլուզման պատճառներն առայժմ հայտնի չեն. «Դեռեւս հետազոտություններ են իրականացվում, կարծում եմ՝ վաղը՝ կեսօրին, ամեն ինչ պարզ կլինի: Հետազոտական խումբը կներկայացնի եզրակացությունը, եւ մենք հայտարարությամբ հանդես կգանք»:
Վահե Դավթյանը պարզաբանեց, որ կամրջի վրա իրենց աշխատակիցները վերանորոգման աշխատանքներ էին իրականացնում. «Խոսքը ոչ թե կամրջի կապիտալ վերանորոգման մասին է, գիտեք, որ կամուրջը վերանորոգման փուլում է գտնվում, այլ այսօր (երեկ-Ս. Գ.) հատուկ պատուհան էր հայտարարվել, որը նշանակում է, որ երթեւեկությունն այդ հատվածում արգելվում է, որպեսզի ժամը 12:00-ից մինչեւ երեկոյան 23:00-ն համապատասխան աշխատանքներ իրականացվեին: Նշեմ, որ այդ աշխատանքները մասնավորապես ուղղված էին հիդրոիզոլացիայի պրոցեսի ապահովմանը»:
Նա նաեւ նշեց, որ իրենց ընկերությունը հաճախ է նման միջոցներ կիրառում. «Մոտ 30 կմ հատվածներում մենք հիդրոիզոլացրել ենք, դե այս անգամ նման դժբախտ դեպք է պատահել: Ասեմ նաեւ, որ այնտեղ կար կապալառու, որն իրականացնում էր այդ աշխատանքները»:
Զրուցեցինք զոհվածներից Վարուժան Սարգսյանի ընկերների հետ: Նրանք նշեցին, որ Վարուժանը շատ աշխատասեր մարդ էր:  Բնակվում էր իր կնոջ, որդու, հարսի ու թոռնիկների հետ: «Շատ հրաշալի անձնավորություն էր, իր ընտանիքին նվիրված մարդ, որն ամեն ինչ անում էր՝ իր ընտանիքը պահելու համար: Տղան նոր էր աշխատանք գտել, մինչ այդ Վարուժանը մենակ ինքն էր աշխատում ու ընտանիքի հոգսերը հոգում: Ինչքան տեղյակ ենք, ռելսերի վրա էր աշխատում»,-նշեցին զոհվածին ճանաչողները:
Երեւանի «Առաջին կլինիկական» կենտրոնից փորձեցինք տեղեկանալ, թե ինչպես է վիրավորներից Արգամ Անտոնյանի առողջական վիճակը: Սակայն հիվանդանոցից պատասխանեցին, որ առայժմ որեւէ տեղեկություն չեն կարող տրամադրել:
Նշենք նաեւ, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս