ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՍՊԵԼԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ
«Կանադայի Կինգստոն քաղաքի 24-ամյա բնակիչը ձերբակալվել է Սանտա Կլաուսի մասին առասպելը բացահայտելու համար»,-գրում է vesti.ru-ն: Քաղաքում տեղի ունեցող ավանդական նախատոնական Սանտա Կլաուսների շքերթի ժամանակ գինովցած երիտասարդը փողոցում հանդիպած երեխաներին բղավելով հայտնել է, որ իրականում Սանտա Կլաուս գոյություն չունի, եւ նրա կերպարը հորինված է ծնողների կողմից: Ծնողները ոստիկանություն են կանչել: Երիտասարդը ձերբակալվել է, իսկ հետո բաց թողնվել՝ որոշակի տուգանք վճարելով:

ԱՊՇԵՑՈՒՑԻՉ ՌԵԿՈՐԴ
«Բրիտանացի Յան Բրաունը, որն արդեն երկար տարիներ աշխատում է կրկեսում, ապշեցուցիչ ռեկորդ է սահմանել: 29-ամյա էքստրեմալն ընդամենը 13 վայրկյանում կուլ է տվել միանգամից 2 կեսմետրանոց թուր»,-հայտնում է Life News-ը: Նրա խոսքով՝ ինքը չափազանց շատ ժամանակ եւ ուժ է ծախսել նման արդյունքի հասնելու համար: Առաջին իրը, որը նա կուլ է տվել, եղել է սեղանի սուր դանակը: Դրանից հետո նա օրական 40 անգամ մետաղյա իրեր է կուլ տվել, այնուհետեւ սկսել աշխատել արագության կատարելագործման վրա:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ
«Ռուսաստանի գեղեցկուհի» մրցույթի արդյունքների համաձայն՝ ամենագեղեցիկն է ճանաչվել Ուֆայի բնակչուհի Էլինա Կիրեեւան: Մրցույթին մասնակցել է ավելի քան 60 աղջիկ ՌԴ տարբեր շրջաններից: Էլինան գրավել է ժյուրիի համակրանքը ոչ միայն իր իդեալական պարամետրերով, այլեւ իր դերասանական տաղանդով: Նա նշել է, որ մրցանակը նվիրել է իր մորը՝ ծննդյան օրվա առթիվ:

ՀՐԱՇՔՈՎ
Ըստ The Daily Mail-ի՝ ԱՄՆ Տեխաս նահանգում բժիշկները հրաշքով փրկել են նորածին աղջկան, որը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ՝ էքտոպիա կորդիսով: Աղջիկը ծնվել էր սիրտը դուրս: Նրա սիրտը բաբախում էր ոչ թե կրծքավանդակի մեջ, այլ կրծքավանդակի վրա:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս