Ժողովուրդ. Ի վերջո՝ ծեծե՞լ է, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 21-ին “Ժողովուրդ”-ը գրել էր, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի որդին՝ Հակոբ Բարսեղյանը, ռետինե մահակով (դուբինկայով) դաժանաբար ծեծի էր ենթարկել նույն քաղաքի երիտասարդ բնակիչ Սահակ Սահակյանին։ Երեկ լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, թե Սահակ Սահակյանը Հակոբ Բարսեղյանի հարազատն է, ու նրանք ընկերներով կատակ են արել, ինչի արդյունքում Սահակը փասվածք է ստացել։ “Կատակով ձեռքս գցեցի Արմանի վզովը և քաշեցի իմ կողմը, գլուխը կպավ ծնոտիս, ցավ զգացի, սկզբում ինձ թվաց՝ ատամս է։ Երբ ատամս շարժեցի, թեթև արյուն եկավ ասեցի՝ բայց ոնց որ մենակ ատամս չի, լավ չէի հասկանում՝ ատամս էր շարժվում, թե ծնոտս։ Մեր հիվանդանոցում ստուգեցին, պարզվեց, որ ծնոտս է կոտրվել”,-նշել է Սահակը։
 
Մի կողմ թողնելով հեքիաթը, որ ձեռքը վզով գցելու հետևանքով երիտասարդի ծնոտը կոտրվել է, կենտրոնանանք փաստի վրա։ “Ժողովուրդ”-ի աղբյուրները շարունակում են պնդել, որ Սահակն ու Վարուժան Բարսեղյանի ընտանիքը ոչ մի ազգակցական կապ չունեն։ Եվ իսկապես, քաղաքապետի որդին դաժանաբար ծեծի է ենթարկել Սահակին այն բանի համար, որ իրենից “ցածր” տղան փորձել է նկատողություն անել, թե “մեքենադ արագ մի՛ քշիր”։ Ավելին, տեղեկացանք, որ ծեծին ներկա է եղել նաև նույն քաղաքի բնակիչ Տիգրան Սիմոնյանը, որը քաղաքապետի որդու մտերիմ ընկերներից է։ Իսկ կռիվը տեղի է ունեցել Վարուժան Բարսեղյանին պատկանող գազալցակայանի հարևանությամբ, որտեղ շատ մարդիկ են հավաքված եղել, ու բազում ականատեսներ կան։ Իսկ ինչ վերաբերվում է Սահակ Սահակյանին, ապա նրան 4 ժամ վիրահատել են։ Ու քանի որ մենք բացահայտել էինք կատարվածը, քաղաքապետն այնպես է “կազմակերպել”, որ ծեծվածն արագ տեղափոխվի տուն՝ բուժումը շարունակելու համար։ Հավելենք, որ Սահակի բուժման ծախսերը քաղաքապետն իր վրա է վերցրել՝ այդպիսով “փակելով” ծեծվողի հարազատների “բերանը”։ 




Լրահոս