Ինչպես հայտնի է՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ի վերջո, կայացրեց էլէկտրաէներգիայի սակագնի` 6.93 դրամով թանկացման չարաբաստիկ որոշումը, որի արդյունքում, ըստ անկախ փորձագետների հաշվարկների, Հայաստանում առկա աղքատությունն ավելանալու է շուրջ տասը տոկոսով: Իբրեւ թե դա քիչ էր, «Ժողովուրդ»-ի հրապարակած գաղտնի նամակից պարզ դարձավ, որ առաջիկայում Հայաստանն առհասարակ կարող է հայտնվել խավարի մեջ` բառիս բուն իմաստով, քանի որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինը սակագինն ավելի շատ չբարձրացնելու դեպքում ՀԾԿՀ ղեկավարին սպառնում է ընկերության` լիցենզիայով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման դադարեցմամբ:
Եվ մինչ ողջ հանրությունը վրդովված է, էներգետիկ համակարգում «շունը տիրոջը չի ճանաչում», ՀՀ Կառավարությունը ստիպված փորձում է թերհավաքագրվող բյուջեի դեֆիցիտի նվազեցման եւ նոր վարկային միջոցներ ձեռք բերելու նպատակով ԱԺ-ում փոխել «ՀՀ արտաքին պարտքի մասին» օրենքը եւ էլ ավելի մեծացնել մեր երկրի արտաքին պարտքի բեռը, Հայաստանի նախագահի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածում այն մասին, որ երկրի նախագահը երեկ վերջապես խորհրդակցություն է հրավիրել… համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքների ընթացքի քննարկման նպատակով:
Փաստորեն, Սերժ Սարգսյանի համար երկրի թիվ մեկ խնդիրն այսօր համահայկական խաղերի անցկացումն է: Սա այլ կերպ, քան զավեշտ կոչելը դժվար է: Թեեւ զավեշտ անվանելն էլ ճիշտ չէ, քանի որ այս իրավիճակն արդեն ողբերգական է: Լավ, ինչքան պետք է ՀՀ քաղաքացիներին «ապահով Հայաստան» խոստացած երկրի նախագահն իր տեղում չլինի եւ ոչ ադեկվատ ընկալում ունենա, որ այս իրավիճակում նման կարեւորություն տա եւ հատուկ խորհրդակցություն հրավիրի ինչ-որ սպորտային միջոցառման անցկացման նպատակով: Հասկանալի է, որ Իլհամ Ալիեւի կողմից Եվրոպական խաղերի անցկացումից հետո Սերժ Սարգսյանն էլ ինքնադրսեւորվելու ցանկություն ունի, բայց նախ` մասշտաբների տարբերությունն է չափազանց տխուր, ապա եւ մեր երկրի ներկայիս վիճակը:
Ի վերջո, եթե Սերժ Սարգսյանը կարծում է, որ այս իրավիճակում իրեն կփրկի հանրությանը «հաց եւ տեսարաններ» ապահովելու դեռեւս հռոմեական կայսրերի փորձած մեթոդը, ապա սխալվում է, քանզի իր նախագահությամբ երկիրը հասցվել է այնպիսի վիճակի, երբ հանրությանն անգամ «հացով եւ տեսարաններով» պահելն է դարձել անհնար հացի բացակայության պատճառով: