Քաղաքային իշխանություններն այսուհետ ևս աջակցելու են համատիրություններին. փոխքաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները օրենքով սահմանված բազմաբնակարան շենքերի պարտադիր նորմերի պահպանման ընդհանուր վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծել են համապատասխան հանձնաժողովներ`դրանց կազմերում ընդգրկելով նաև  Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին: Հանձնաժողովները տարեսկզբից մինչ օրս մասնագիտական ուսումնասիրություններ  են իրականացրել թվով 58 համատիրություններում, և ըստ այդմ, մի քանի չափանիշներով գնահատել կատարված աշխատանքը:

Ուսումնասիրության արդյունքները, անելիքներն ու հետագա ռազմավարությունը   քննարկվել են աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, տվյալ համատիրությունների նախագահները, ինչպես նաև քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության առանձին աշխատակիցներ: Մեկ առ մեկ քննարկվել են հանձնաժողովների կատարած ստուգայցերի ուղղություններն ու բաղադրիչները, ներառյալ տարեկան ակնկալվող հաշվարկային գումարները, պարտադիր նորմերով սահմանված աշխատանքների և համատիրությունների պահպանման ծախսերի համամասնությունը:

Առանձին դեպքերում իջեցվել են այն գնահատականները, որոնք տրվել էին համատիրություններին` ելնելով հանձնաժողովների ստուգումների արդյունքներից: Որոշհամատիրությունների աշխատանքը գնահատվել է անարդյունավետ, ինչից ելնելով վարչական շրջանների ղեկավարներին տրվել է հանձնարարական կազմակերպչական և կառուցվածքային փոփոխություններ կազմակերպելու ուղղությամբ:  Կամո Արեյանը հատկանշել է, որ համատիրությունների ինստիտուտի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը վերջին տարիներին թեև գործնականում դրական տեղաշարժ արձանագրում են, ու այդ առումով կան բազմաբնակարան շենքերի կառավարման  բազմաթիվ օրինակելի համատիրություններ, սակայն ընդհանուր արդյունքը դեռ գոհացուցիչ չէ, ինչը երբեմն հարուցում է քաղաքացիների արդարացի դժգոհությունը:

«Քաղաքային իշխանություններն այսուհետ ևս հնարավորին աջակցելու են համատիրություններին` ստանձնած պարտականությունները պատշաճ կատարելու պարտադիր պայմանով: Մենք այլընտրանք չունենք, մեր  բակերիգերակշիռ մասն արդեն բարեկարգ են ու գեղեցիկ, սակայն, դրան զուգահեռ, հարակից բազմաբնակարան շենքերում դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնց լուծումը իրագործելի կլինի միայն հոգատար ու սրտացավ վերաբերմունքի  և համախմբված ջանքերի դեպքում: Մենք իրավունք չունենք չարդարացնելու մեր բնակիչների սպասելիքները, հատկապես, որ նրանց մեջ շատ են պարտաճանաչ վճարումներ կատարող քաղաքացիները:  Համատիրությունների հարգելի նախագահներ ու կառավարիչներ, լավն ու օրինակելին մշտապես կխրախուսվի, իսկ ովքեր կփորձեն թերանալ, կամ անլուրջ մոտեցում ցուցաբերել, բնակիչների դժգոհության հետևանքով հրավիրված ժողովներից հետո ստիպված կլինեն իրենց տեղը զիջել ավելի գործունյա ու բարեխիղճ գործընկերներին: Ի վերջո մեր գերագույն նպատակը երևանցիների համար բնակության հաճելի միջավայր ապահովելն է » ,- նշել է Կամո Արեյանը:

Ամփոփելով խորհրդակցությունը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը  վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան հանձնաժողովներին հանձնարարել է մեկամսյա ժամկետում շտկել նկատված և արձանագրված թերությունները, իրականացնել կանխատեսվող գումարների գնահատականների մանրամասն վերլուծություն, մանրակրկիտ հետևել արված գործի որակին ու ծախսերի արժանահավատությունը, հատուկ ուշադրություն դարձնել վերելակների անխափան և անվտանգ  շահագործմանը ,  հարկաբաժիններում  և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում իրականացված աշխատանքներին ` առանձին դեպքերում  կրճատելով համատիրությունների պահպանմանն ուղղված ծախսերը և խնայված միջոցները նպատակաուղղել բաժնային սեփականություն հանդիսացող այլ աշխատանքի իրագործմանը: Հատուկ կարևորվել է բնակիչներին կատարված աշխատանքի պարբերական հաշվետվության ապահովումը:

Կամո Արեյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ոլորտը քաղաքային իշխանությունների մշտական վերահսկողության ներքո է գտնվելու: Մինչ այդ, անկախ հանձնաժողովը յուրաքանչյուր վարչական շրջանում ընտրանքային կարգով կրկնակի ուսումնասիրություններ կանցկացնի առանձին համատիրություններում: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը վսատհեցրել է, որ 2015 թվականը համատիրությունների գործառույթների իրականացման և բարելավման առումով բեկումնային տարի է լինելու: Տարվա ընթացքում վարչական շրջաններում գործող հանձնաժողովների աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս