ՀՅԴ անդամ, ՇՄ Ախուրյանի շրջանի ՀՅԴ կոմիտեի նախագահ Արծրուն Իգիթյանը թիվ 35 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի նախընտրական քարոզչության ժամանակ Ախուրյանում ուղեկցել է ՀՀԿ թեկնածուին եւ քարոզչության ամբողջ ընթացքում Արման Սահակյանի կողքին է եղել: ՀՅԴ անդամ Արծրուն Իգիթյանից galatv .am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա սատարում է ՀՀԿ թեկնածուին:
“Ես ՀՅԴ ներկայացուցիչ եմ, իսկ ՀՅԴ-ն իր որոշումը կայացրել է՝ ոչ մեկին չենք սատարում: Իսկ ես կոմիտեի նախագահն եմ, եւ ուրեմն՝ ենթարկվում եմ կուսակցության ներքին կանոնակարգին”,-ասաց Իգիթյանը: ԳԱԼԱ-ի հարցին, թե ի՞նչ տրամաբանությամբ էիք այդ դեպքում մասնակցում Արման Սահակյանի քարոզչությանը, ՀՅԴ ներկայացուցիչն ասաց. “Այսօր ինձ տեսել եք Արման Սահակյանի կողքին, վաղն էլ կտեսնեք Մուրադի կողքին: Եթե համայնքում հանդիպում կա, ես համայնքի ղեկավար եմ, համայնքից պիտի փախչե՞մ: Ես պարտավոր եմ, համայնքի ղեկավար եմ, դուք մոռանու՞մ եք դա, պարտավոր եմ ապահովելու հանդիպումները, տարածք տրամադրելու, ռեկլամի համար տեղ տրամադրելու: Ես իմ աշխատանքային պարտավորությունների կատարման մեջ եմ, ես չեմ խառնվում: Մեր մոտ կուսակցական խնդիրները խիստ են դրված”:
Փաստորեն, ՀՅԴ անդամ Ա. Իգիթյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ական թեկնածուի հանդիպումներին մասնակցել է որպես Ախուրյան համայնքի ղեկավար:
ՀԱԿ թեկնածուից galatv .am-ը փորձեց ճշտել, թե Ախուրյանում Մուրադ Գրիգորյանի հանդիպումներին դաշնակցական գյուղապետը, դարձյա՞լ որպես համայնքի ղեկավար եւ ոչ կուսակցական, ներկա գտնվել է:
“Իմ հանդիպումը ախուրյանցիների հետ եղել է մշակույթի տանը: Համագյուղացիները հավաքված են եղել, էդ տեսահոլովակն էլ կա, եւ գյուղապետը չկա: Նա տեղյակ եղել է, որ ես հանդիպման եմ գնում Ախուրյան: Իրազեկումը փակցված է եղել համայնքի տեսանելի վայրերում, իրազեկված են եղել տեքստային մասով առանձին: Ես չեմ զարմանում, քանի որ քարոզարշավի առաջին օրերին համայնքապետերը մոտենում էին, գոնե բարեւում, խոսք էին ասում, բայց նրանք բոլորն արժանացան տոտալ հարձակման, եւ հիմա գյուղապետերի փախնելու հոգեբանությունն ու հոգու վախը հասկանում եմ”,-ասաց ՀԱԿ թեկնածու Մուրադ Գրիգորյանը:
ԳԱԼԱ-ի հարցադրմանը, թե արդյոք ՀՅԴ անդամին էլ հրահանգել են մասնակցելու ՀՀԿ թեկնածուի քարոզչությանը, ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանն ասաց. “Հրահանգե՞լ, հրահանգելը ո՞րն է, դուք մեղմ եք ասում, շանտաժով, սպառնալիքով, ուլտիմատումով ստիպել են, որ գնա ու մասնակցի”: