ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԵՐԿԱՐԱՁԳԵ՞Ն
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ  երեկ  դռնփակ  նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչի դիմումը` եւս 2 ամսով ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին:

ԵՐՐՈՐԴ «ԳԼՈՒԽԸ»
«Առավոտի»` ՀՀ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «գոմեշի մսի գործով» կա երրորդ բռնված «գլուխը»՝  Վարդան Թունյանը, որը ՊՆ-ում զբաղեցնում էր նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության եւ գնումների փաստաթղթերի ձեւակերպման վարչության պետի պաշտոնը: Փաստորեն, նա երրորդն է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանից եւ Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանից հետո:

ԾԵԾԵԼ Է
Սեպտեմբերի 15-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնապահի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանցագործությունների քննության բաժնի հետաքննիչ Սուրեն Հարությունյանի միջեւ միջադեպ է եղել: «Առավոտի» տեղեկացմամբ` Գ. Ծառուկյանի թիկնապահը ծեծի է ենթարկել հետաքննիչին: Վերջինս, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը եւ վստահեցրել, որ Գ. Ծառուկյանի թիկնապահների հետ երբեւէ առնչություն չի ունեցել:

ԲԱՐԿԱՑԵԼ Է
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարկացել է ֆրանսիացի լրագրողի վրա, երբ նա հարց է տվել Հայաստանում կոռուպցիայի մասին»,-գրել է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը` հղում անելով ֆրանսիական «Տրիբուն դը Լիոն» թերթի՝ նոյեմբերի 22-ի թողարկմանը: «Ես Սերժ Սարգսյանին հարց ուղղեցի նրա երկրում կոռուպցիայի մասին, եւ թե արդյոք Հայաստանը կողմ է, որ Սիրիայում պահպանվի ներկայիս վարչակարգը: Իմ հարցը ստուդիայում հարցազրույցից հետո լարվածություն ստեղծեց: Թարգմանիչը հարձակվեց վրաս, իսկ Հայաստանի նախարարներից մեկը մատ թափ տվեց վրաս»,-թուրքական թերթի պնդմամբ՝ «Տրիբուն դը Լիոն»-ին պատմել է «Ֆրանս 3» հեռուստակայանի լրագրող Օլիվիե Միշելը:

ՌՈՒՍՆԵՐԸ ԶԻՆՈՒՄ ԵՆ
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել ԾՌ-35Ծ ուղղաթիռների հերթական խմբաքանակը` համաձայն երկու երկրների միջեւ դեռեւս 2010-ին կնքված պայմանագրի: Նշենք, որ ուղղաթիռների առաջին խմբաքանակն առաքվել է Ադրբեջան անցյալ տարի: Թե եւս քանի ուղղաթիռ է ստանալու Ադրբեջանը, հայտնի չէ: Նշենք միայն, որ այս պայմանագրին զուգահեռ, մեկ այլ պայմանագրով Ադրբեջանը ՌԴ-ից գնելու է 60 Mi-8/Mi-17. ուղղաթիռներ: Այսպիսով՝ մեր ռազմավարական դաշնակիցը համարվող ՌԴ-ն ակտիվորեն զինում է մեր թշնամուն:

ՉԻ ՎԱԽԵՑԵԼ
Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն «Անի» հյուրանոցում մասնակցել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ՀԿ-ների նախաձեռնած քննարկմանը: Ավելին, նա նշել է, թե ԸՕ-ն առաջիկայում բարելավվելու է, բայց այս պահին դժվար թե որեւէ փոփոխություն մտցվի: Ուշագրավն այն է, որ նույն ՀՀԿ-ականները նախորդ շաբաթ պարզապես վախեցան ու չեկան ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին, որտեղ նախատեսված էր քննարկել ԸՕ փոփոխությունների նախագիծը: Մինչդեռ նրանք կարող էին ներկա գտնվել նիստին ու ներկայացնել իրենց բոլոր վերապահումները ՀԱԿ հեղինակած ԸՕ փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Բայց քանի որ ԱԺ պասիվ մեծամասնությունը ամբիոնի մոտ զիջում է ընդդիմությանը, ՀՀԿ-ականների այս պահվածքը կարելի է համարել նորմալ:




Լրահոս