ՏՈՆՈՒՍԻ ԱՇՈՏԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԶԻՋԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շինարարական բիզնեսով զբաղվողները լավ հաշվում են իրենց օգուտները, բայց երբ հերթը հասնում է իրենց վճարումներին, ցույց են տալիս, որ, օրինակ, 8-ից հանած 1-ը հավասար է 2-ի. ընդ որում, դա էլ հակառակ կողմը պետք է վճարի: «Տոնուս» ընկերությունը կարծես թե հենց այդ տրամաբանությամբ էլ երեկ փորձում էր ցույց տալ, որ հայցվորին պարտք չէ կամ նրան «զիջելը» մեծ լավություն է:
Էլիտար շենքերի շինարարությամբ զբաղվող «Տոնուս» ընկերության սեփականատերը՝ Աշոտ Տոնոյանը, որը քաղաքական շրջանակներում հայտնի է «Տոնուսի Աշոտ» մականվամբ, վերջին տարիներին մի նոր անուն էլ ձեռք բերեց՝ «Մալականի տապոռ»: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավորն այդ անունը ստացավ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Մալականի այգին հատելուց ու մի նոր էլիտար շենքի հիմքեր գցելուց հետո:  Հիմա, երբ շենքն արդեն կանգնած է, սկսվել է դատական գործընթաց:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ վերսկսվեց նորակառույցի բնակարանատերերից մեկի՝ Կարեն Հովհաննիսյանի հայցի քննությունը, քանի որ կողմերը չէին հաշտվել: Քաղաքացու շահերի ներկայացուցիչ Ներսես Հարությունյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ իր վստահորդն ընկերության հետ կնքած պայմանագրով պարտավորվել է 16.5 միլիոն դրամով մեկսենյականոց բնակարան գնել նորակառույց շենքում: Վճարել է նշյալ գումարի մեծ մասը, իսկ 3 մլն-ն պետք է վճարեր սահմանված ժամկետում՝ արդեն պատրաստի բնակարանը (համապատասխան ներքին հարդարումներով) ստանալուց հետո: Սակայն ընկերությունը չի հասցրել նախատեսված ժամկետում բնակարանը շահագործման հանձնել, ուստի, ըստ հայցվոր կողմի, ընկերությունն այս պահի դրությամբ իրեն պետք է վճարի մոտ 8 մլն դրամ ժամկետանց տույժ: Փաստորեն, ստացվել է, որ ընկերության տույժերն ավելի մեծ են, քան քաղաքացու պարտքը: Եւ վերջինս դիմել է դատարան՝ ընկերությունից գումար բռնագանձելու պահանջով. ավելի ճիշտ, հաշվի առնելով պարտքի եւ տույժի հարաբերակցությունը, բնակարանի գինը՝ նվազեցնել տույժի գումարը:
Սակայն ընկերությունը կարծես թե չի ցանկանում քաղաքացուն պատշաճ ձեւով զիջել. ասում է՝ բնակարանի համար պարտք մնացած 3 մլն-ից 1 մլն-ն կարող եմ զիջել: Դա, իհարկե, 2 ամիս առաջ, իսկ երեկվա նիստում կողմերը չբացառեցին երկրորդ փորձից հաշտվելու տարբերակը, թեեւ հայցվոր կողմն ասաց, որ իրենք մինչ դատարան դիմելը փորձել են հարցը լուծել արտադատարանական կարգով, սակայն ընկերությունն իր՝ ոչ ձեռնտու պայմաններն է թելադրել իրենց: Կ. Հովհաննիսյանին ասել են՝ տունը պատրաստ է, սակայն նրա փաստաբանը դատարանում հայտնեց, որ գնացել են, տունը տեսել եւ պարզել, որ սանհանգույցի սվաղը չկա, պողպատի փոխարեն պլաստմասսե խողովակներ են անցկացրել, պատուհաններն էլ տեղադրված են, բայց թերություններ ունեն, ուստի իրենք ընկերությունից պահանջում են վճարել մինչեւ կետանցի տույժերի վերջնական մարման օրը կուտակվելիք գումարն ամբողջությամբ:
«Տոնուս»-ի ներկայացուցիչ Մարիամ Ղուլյանը դատարանում ասաց՝ զիջենք, բայց խելամիտ չափով, քանի որ սահմանված ժամկետում տունը կառուցված է եղել, ինչ վերաբերում է ներքին հարդարմանը՝ սվաղին եւ այլն, ապա նրա խոսքով` «դա մի քանի ժամվա գործ է»: Հայցվորի ներկայացուցիչ Ներսես Հարությունյանն էլ պնդեց, որ այդ վիճակը վերոնշյալ առումով չի համապատասխանում կատարողական ակտով նախատեսված վիճակին, իսկ փոխզիջման շուրջ կարող են հստակ դիրքորոշում հայտնել, եթե պատասխանողը կոնկրետ ասի, թե որքան գումարն է խելամիտ զիջում համարում: Նա նաեւ հավելեց, որ դատական պրակտիկայում «խելամիտ չափ»-ի չափորոշիչներ իրեն հայտնի չեն եւ օրինակ բերեց բանկերին. երբ բանկը բռնագանձում է անում քաղաքացուց, նրանից պահանջում է մայր գումարը եւ կետանցից հետո հաշվարկված ամբողջ տույժի գումարը:  
Մ. Ղուլյանն էլ «խելամիտ» չափ չնշեց. պարզապես պատճառաբանեց, որ բնակարանը շահագործման հանձնելու գործընթացն ուշացրել են անհաղթահարելի ուժի՝ ֆինանսական ճգնաժամի պատճառով, բայց շենքը, բնակարանը, դրա սեփականաշնորհման վկայականը առկա են: Ավելին, գործընթացի ուշացումը հետեւանքներ, վնասներ չի առաջացրել հայցվորի համար. օրինակ՝ ուշացման պատճառով տուն չեն վարձել, գումար չեն ծախսել: Իսկ ընդհանրապես, անհամաչափություն կա պարտքի եւ ժամկետանց տույժի միջեւ, որին պետք է ըմբռնումով մոտենալ: Հայցվորն էլ հակադարձեց, որ իրենք պարտավոր էլ չեն ապացուցել կրած վնասի հանգամանքները, քանի որ կա երկկողմ պայմանագիր՝ կամային հարաբերություններ, ֆինանսական ճգնաժամն էլ չի կարող անհաղթահարելի ուժ լինել պարտավորության ոչ պատշաճ կատարման համար: Ընկերության ներկայացուցիչը վիճակը թեթեւացնելու մի փորձ էլ արեց. ասաց՝ 2011թ. սեպտեմբերից տույժը չէր կարող հոսել, քանի որ այդ ժամանակ արդեն շենքը պատրաստ էր: Դատարանի հարցին, թե մինչ այդ հաշվարկվածը ճիշտ էր, պատասխանողն ասաց՝ այո՛: Այդուհանդերձ, դատարանը հաշտվելու եւս մեկ հնարավորություն եւ 7 օր տվեց՝ հաշտության տեքստ պատրաստելու եւ դատարան ներկայանալու համար:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս