ՆԱ ՊՈՒՏԻՆԻՆ ՄՈՏԻԿԻՑ ՏԵՍԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ արտերկրում բնակվող որոշ հայ գործիչների համար Հայաստանը դարձել է պարապ ժամանակվա զբաղմունք, վաղուց հայտնի իրողություն է: Այս գործում «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը, թերեւս կարող է համարվել առաջատար: Սակայն վերջին տարիներին Արա Աբրահամյանը մի տեսակ ընդհատակ էր անցել, եւ նրա ձայնը առանձնապես չէր լսվում: Սակայն արդեն մի քանի օր է՝ հայկական մի քանի լրատվամիջոցներ լուրեր են տարածում այն մասին, թե իբր «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է Հայաստանում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել եւ այդ նպատակով ցանկանում է նոր կուսակցություն հիմնել (գործողների մեկի բազայի վրա) եւ մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հայտնի է՝ Աբրահամյանը գործարար է եւ նրա համար առաջնահերթը գումար վաստակելն է, ուստի կուսակցություն բացելու տարբերակը կարելի է բացառել, բայց մյուս կողմից՝ ծուխն առանց կրակի չի լինում: Ակնհայտ է, որ Աբրահամյան եղբայրները, որոնցից երեքը Հայաստանի նախորդ խորհրդարանում պատգամավոր էին (3-ն էլ տարբեր կուսակցություններից), չէին կարող համակերպվել հավերժ խաղից դուրս մնալու մտքի հետ: Այժմ բավական հարմար պահ է նրանց համար իրենց ապագան կարգավորելու, քանի որ Արա Աբրահամյանը ՌԴ նախագահին կից ինչ-որ հանձնաժողովի նախագահի պաշտոն է ստացել: Իհարկե, ինքնին պաշտոնն իրենից բան չի ներկայացնում, բայց կարեւորը ՌԴ նախագահին կից կարգավիճակն է, ասել կուզի՝ նա Վլադիմիր Պուտինին մոտիկից կարող է տեսնել, ավելին՝ նույնիսկ չի բացառվում, որ հետը մի քանի բառ կփոխանակի: Հենց այս գործոնը խաղարկելով էլ Աբրահամյանները փորձում են ետ ստանալ իրենց երբեմնի դիրքերը:

 

 

 
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում եւս մեկ անգամ ասել է, որ իր եղբայրը՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելու մտադրություն չունի: Սակայն, երբ նա ներկայացրել է ՀԷՑ-ում տիրող իրավիճակը, ըստ էության, կարելի է ասել, պարզաբանել է, թե ինչու իրենք չեն ցանկանում գնել այդ ընկերությունը: «Համակարգը ֆիզիկապես ու բարոյապես մաշված է, ուստի պետք է լուրջ ներդրումներ արվեն, բայց ներդրումների պորտֆելն այնքան է մեծացել, որ կազմակերպությունն արդեն չի ընկալվում որպես վստահելի գործընկեր` երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու համար: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՀԷՑ-ը տարիներ առաջ արդեն իսկ մոտ 200 միլիոն դոլարի վարկ է ստացել շատ բարձր տոկոսադրույքով՝ 12 տոկոսով: Եվ հիմա ով էլ գնի այս ցանցերը, որոշ առումով պետք է այդ բեռը թեթեւացնի, հակառակ դեպքում դարձյալ վստահելի չի լինի եւ չի կարողանա էժան վարկեր ձեռք բերել»,- պարզաբանել է Կ. Կարապետյանը:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանություններն արդեն կայացրել են քաղաքական որոշում, թե ով պետք է դառնա պոլիտեխնիկի ռեկտոր: Իշխանությունները սատարելու են դաշնակցական, ԱԺ նախկին պատգամավոր Ոստանիկ Մարուխյանի թեկնածությունը՝ այդ քայլով հընթացս լուծելով ՀՅԴ-ի հետ մերձեցման խնդիրը: Նկատենք, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշտոյանը վերջերս ջանք ու եռանդ չի խնայում հրապարակային կերպով այդ որոշումը համապատասխան օղակներում լսեցնել տալու եւ Մարուխյանին իր աջակցությունը հայտնելու համար: Նախարարը, որը բացարձակ ակտիվ չէր պոլիտեխնիկի սեքս-սկանդալից հետո, հիմա նոր եռանդով լծվել է իր աշխատանքին: Նախ՝ որպեսզի ապացուցի իր վերեւներին, որ հարց լուծող նախարար է ու այդպիսով պահպանի իր պաշտոնը դաշնակցական ոտնձգություններից, երկրոդը` որովհետեւ «դեղին քարտ» է ստացել պոլիտեխնիկի շուրջ վերջին մեկ տարվա սկանդալային իրադարձություններում ցուցաբերած պասիվության եւ խնդրի հանգուցալուծումը այսքան ձգձգելու համար:

 

 

 

 
Երեկ խորհրդարանում մեկնարկած Աժ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով համայնքների խոշորացման ծրագրին փաստացի մեկնարկ է տրվում: Օրենքի նախագիծը կոչվում է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին»: Բանն այն է, որ օրենքում հիշատակվող «Հարակից տարածքներ»-ը Տավուշի մարզի Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքներն են: Այդ գյուղերում, ինչպես նաեւ Դիլիջանում, այս տարվա մայիսի 15-ին հանրաքվե անցկացվեց, որի ընթացքում բնակիչներն իրենց կարծիքն արտահայտեցին եւ որոշ դեպքերում դեմ քվեարկելով՝ ակամայից Դիլիջանի հետ դարձան մեկ միավոր՝ Դիլիջան շրջկենտրոնով: Եւ, ահա, ներկայացված օրինագծով Դիլիջանն առաջարկվում է դարձնել տուրիստական կենտրոն, իսկ վերը նշված համայնքները փաստացի պետք է դառնան Դիլիջանին սպասարկող տարածքներ: Ի դեպ, արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկն էլ «Հայփոստի» մասնավորեցման վերաբերյալ է:

 

 

 

 
ԴԵՄԱԳՈԳԱՊԵՏԱԿԱՆ

Երեկ մեկնարկած Աժ արտահերթ նստաշրջանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցն այլեւս չքննարկվեց` չնայած ընդդիմադիր որոշ պատգամավորների փորձերին: Պարզվեց` Աժ ղեկավարությունը անցած ուրբաթ հրավիրած լսումներով իր անելիքն ավարտած է համարում եւ հարցի քննարկման շարունակության անհրաժեշտություն չի տեսնում: Իսկ առաջիկա հանրային ընդվզման ողջ պատասխանատվությունն էլ դնում է լրատվամիջոցներիս ուսերին.«Այն, որ ընդվզումը բոլորիս մոտ է, դա կա: Բայց բոլորս չէ, որ ընդվզման ճանապարհ ենք բռնելու: Լրատվությունը դուք եք, եթե ամբողջ օրը քարոզեք, որ թալանեցին, տարան, կերան, ընդվզողներ կլինեն»,- ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` ինչպես միշտ «փայլելով» իր հակասական մտազեղումներով: Ընդվզող, բայց ընդվզման ճանապարհը չբռնող Գրիգորիչը թանկացումը պայմանավորել է բացառապես դոլարի արժեւորմամբ` ասելով. «Որովհետեւ այդ հարաբերությամբ դուք էլ այսօր ավելի վատ եք ապրում, այդ հարաբերություններով փաստորեն 60 դրամով ավելացել է դոլարի արժեքը»:
Այս հայտարարությունից հետո դժվար է չհարցնել, բա եթե հասկանում եք, որ մենք, այսինքն՝ ժողովուրդը, առանց այդ էլ այսօր ավելի վատ ենք ապրում, ինչ սրտով եք էլ ավելի չարքաշ գոյատեւման դատապարտում մարդկանց: Այս հարցին ի պատասխան, սակայն, դարձյալ բերվել են «անհերքելի» հիմնավորումներ. «Եթե կաթը թանկանում է, բնական է, որ էլեկտրաէներգիան էլ պիտի թանկանա»,- պատճառաբանել է Աժ նախագահը` այն դեպքում, երբ գյուղացիները տեւական ժամանակ է՝ բոլոր հնարավոր միջոցներով բողոքում են կաթի չհիմնավորված էժանացման դեմ:
Ինչ վերաբերում է Կառավարության կողմից հազար նպաստառու ընտանիքներին տրվելիք փոխհատուցումը բավարար համարելուն, այն դեպքում, երբ ՀՀ-ում ավելի քան 1 միլիոն մարդ պաշտոնական ցուցանիշներով աղքատ է, այստեղ եւս Գալուստ Սահակյանն ունի պատասխան. «105 հազար տան բնակիչներն ամեն մեկն առանձին հոսանք չեն վճարում: Մեկ հաշվիչ է, եւ ամբողջ ընտանիքը 1 հաշվիչով է վճարում, այսինքն՝ մոտ 700 հազար բնակիչ է լինում»: Ամենազավեշտալին, սակայն, Աժ նախագահի հետեւյալ` ամփոփիչ հիմնավորումն է. «Ի՞նչ քայլ պիտի անենք, ըստ ձեզ: Աշխատավարձ եթե բարձրացնենք, էլի ժողովրդի հաշվին է լինում: Բա ժողովուրդն է բյուջե ստեղծում, ազգն է պահում, դուք գիտեք՝ Գալուստ Սահակյանը կամ մյո՞ւսն է ազգը պահում»: Փաստորեն, իշխանությունները աշխատավարձերը չեն բարձրացնում` բացառապես ժողովրդի մասին մտածելով: Այս մակարդակի դեմագոգիայից հետո արդեն բոլոր մեկնաբանությունները պարզապես անիմաստ են:




Լրահոս