Ժողովուրդ.Իրական վերաբերմունքը.Խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այն որ Հայաստանում հանրապետությունում բնապահպանական իրավիճակը բավականին մտահոգիչ է, հայտնի փաստ է: Առկա թերի օրենսդրական դաշտից օգտվելով` հայրենի օլիգարխները շարունակում են  չնչին վարձավճարներով  մի քանի տասնյակ տարիներով “իրենցով անել” Հայաստանի անխտիր բոլոր քիչ թե շատ շահութաբեր հանքերը, զուգահեռաբար` նաեւ միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին ջանքեր գործադրելով  նոր հանքավայրերի  հայտնաբերման ուղղությամբ: Ի պաշտոնե երկրի բնության պահպանությանը կոչված պաշտոնյաների կողմից  բնաքանդության եւ  հայրենի ընդերքի թալանի աղաղակող դեպքերը բազմաթիվ են: Հենց միայն նախկին բնապահպանության նախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր, խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հերիք է` որպես ասվածի հավաքական  օրինակ: Բոլորին քաջ հայտնի է, որ հանքարդյունաբերության ոլորտում  հսկայական մասնաբաժիններ ունեն ինչպես ներկայիս իշխանության` Հայաստանի հանրապետական կուսակցության, այնպես էլ իրեն այլընտրանք հայտարարած “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավարները: Նաեւ  գաղտնիք չէ, որ նախկին իշխանության` ՀՀՇ-ի  եւ ՀՀՇ-ամերձ շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց իշխանության տարիներից սկսած`  եւս անմասն չեն հայրենի ընդերքի բարիքներից: Իսկ այն համեմատաբար նորաստեղծ քաղաքական ուժերի ղեկավարները, որոնք չունեն համապատասխան հզորություն, բավարարվում են փոքր ՀԷկ-երի  բիզնեսով, ինչպես օրինակ` “Ազատ դեմոկրատների”  ղեկավարը: Սակայն դա ամենեւին էլ չի խանգարում, որպեսզի ՀՀԿ-ից բացի,  բոլոր քաղաքական ուժերը` մեկը մյուսից բարձր կուրծք ծեծեն եւ աղաղակեն իշխանության վարած վանդալային բնապահպանական քաղաքականության, մասնավորապես`   հանքարդյունաբերության  ոլորտում   ահռելի չափերի հասնող թալանի մասին: Հատկապես ՀԱԿ-ը եւ “Ժառանգությունը” նախորդ խորհրդարանական ընտրություններում իրենց նախընտրական ծրագրի մի զգալի հատվածը հատկացրել էին  այս խնդիրներին, եւ ոչ քիչ թվով քվեներ ստացան նաեւ հենց այդ ոլորտում հնչեցրած մտահոգությունների հաշվին: Եվ ահա, ընդամենը վեց ամիս անց, Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին նվիրված միջազգային լրջագույն գիտաժողով, որին մասնակցում են տարբեր երկրների հեղինակավոր մասնագետներ: Եվ երբ կազմակերպիչները հարցրել են` կա՞ արդյոք դահլիճում հայաստանյան որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ, հետեւել է քար լռություն: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ երբ չկա բնապահպանական խնդիրները քաղաքական դեմագոգիայի նպատակներով օգտագործելու հնարավորություն, հենց այդպիսին է  խնդրով “շահագրգիռ” քաղաքական ուժերի  վերաբերմունքը: 




Լրահոս