“Ժառանգություն” կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը թիվ 1 ընտրատարածքի ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններից հետո վրդովված է, բայց այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ինքն անհրաժեշտ է համարում ժողովրդին հույս տալ:
“Պետք է հասարակությանը բացատրել, որ անհրաժեշտ է տեր կանգնել իրենց իրավունքներին: Ուզում եմ ասել, որ եթե այսպես շարունակեն ընտրություն կատարել՝ պատգամավորի ճիշտ կերպարի ու քաղաքապետի աներձագի միջև, ապա լավ բան չի կարելի սպասել”,- ասաց նա։
“Սա խոսում է իշխանության թուլության մասին: Նա այնքան է թուլացել, որ ԱԺ-ում մեկ կոճակ ավել սեղմողի համար գնաց նման բանի”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ասուլիսին ներկա պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ ինքը զարմանում է ընդդիմության զարմանքի վրա:
“Աներձագ լինելը քաղաքական կատեգորիա չէ և մեղք չէ: Ով էլ լիներ այսօր իշխանության գլխին, անելու էր ամեն ինչ, որպեսզի իր թեկնածուն անցնի”,- հակադարձեց նա:
“Ստյոպա Սաֆարյանը շատ լավ պատգամավոր էր, և ես ցավում եմ, որ նա այսօր խորհրդարանում չէ: Բայց տեղի են ունեցել նորմալ ընտրություններ, և հաղթել է այն թեկնածուն, որը ուժեղ է եղել”,-նշեց նա:
Մարգարիտ Եսայանը, անդրադառնալով թիվ 1 ընտրատարածքում ընտրված Ռոբերտ Սարգսյանի լռությանը, ընդգծեց, որ ավելի լավ է մարդ լուռ լինի, քան որոշ քաղաքական գործիչների նման անմտություն խոսի: