ՀՀ ԱԱԾ Մամուլի Կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.
ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր 2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի զրպարտանքներին՝ հանրության առջև բացահայտելով նրա իրական դեմքն ու դրդապատճառները: Կանխատեսելի էր՝ նման բացահայտումից հետո, հոգեկան հավասարակշռությունից և սթափ մտածողությունից զուրկ դատապարտյալը կորցնելու է ինքնատիրապետումը և որպես պաշտպանվելու միջոց ընտրելու է բարձրաստիճան սպաներին վիրավորելու և իր հետ առճակատման սադրելու «մարտավարությունը»՝ նման վարքագծով հաստատելով ՀՀ ԱԱԾ տնօրենի խոսքում իր վարքագծին տրված գնահատականի արդարացիությունը : Այնուամենայնիվ, փոքր հույս կար, որ նա կգիտակցի իր քայլերի սնանկությունը և չի շարունակի անհեթեթ հայտարարություններ տարածել:
Ակնհայտ է, որ նման անհեթեթությունները նրա միակ միջոցն են սեփական անձի «կարևորությանը» հավատալու, իսկ իրեն դատի տալու կոչը՝ ոչ այլ ինչ է, քան խուլիգանության համար դատապարտվածի՝ քաղաքական հալածյալի և «այլախոհի» իմիջ ձեռք բերելու բաղձանք:
Այսքանից հետո, կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են: Շարունակել անդրադառնալ նրա զառանցանքներին և ցնդաբանություններին կնշանակի բանավեճի մեջ մտնել նրա հետ, ասել է թե՝ լրջորեն ընդունել և տուրք տալ նրա սադրանքներին: ՀՀ ԱԱԾ-ն հարկ չի համարում այլևս արձագանքել դրանց:
Լրատվամիջոցը, հրապարակելով նման «զառանցանքներ», ավելի շատ կորցնում է, քան ձեռք բերում: