Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գեւորգյանի դրամական միջոցները, ըստ նրա ներկայացրած հայտարարագրի, կազմում են 23 հազար 700 դոլար, 19 հազար 500 եվրո եւ 850 հազար դրամ: Բացի այս՝ նա ունի մեկ բնակարան եւ երկու` «Toyota Land Cruiser 200 4.0» եւ «BMW 745» մակնիշի ավտոմեքենաներ:
Նշենք, որ նորընտիր քաղաքապետն իր պաշտոնը ստանձնելուց հայտարարագրում նշել է, որ այս տարվա հինգ ամիսներին ստացած իր աշխատավարձը կազմել է 1 մլն 562 հազար դրամ: Բացի այդ, ըստ հայտարարագրի, նա 380 հազար դրամով ինչ-որ գույք է օտարել: Իսկ թե որտեղի՞ց է այդքան փող դիզել, անհայտ է մնում: Նա մշտապես աշխատել է բացառապես պետական հիմնարկում՝ Ազգային ժողովում, որտեղ այդքան էլ բարձր աշխատավարձ չեն ստանում:
Վահագն Գևորգյանը խորհրդարանում աշխատում է դեռևս առաջին գումարման Ազգային ժողովից և շփումներ է ունեցել, ունի գրեթե բոլոր քաղաքական ուժերի և գործիչների հետ: Նրան ԱԺ-ում գրեթե բոլորը ճանաչում են, իսկ ընտրություններում նրան սատարում էին իշխող Հանրապետական կուսակցությունն ու ԲՀԿ-ն: Բայց աբովյանցիների լայն շրջանում նա այնքան էլ լայն ճանաչում չուներ:
Ու թեև նա մշտապես պետական պաշտոն է զբաղեցրել, այնուամենայնիվ, հասցրել է նաև բիզնեսների տեր դառնալ՝ օգտագործելով իր կապերն ու դիրքը: Ինչպես հայտնի է, նա ռուսաստանաբնակ հայերից մեկի՝ «Բինգո-բոոմ» բուքմեյքերական-խաղարկային բիզնեսին մոտ կանգնած ոմն Արմանի քավորն է, մանկության ընկերը: Քանի որ մեր օրերում քավորներին պատահաբար չեն ընտրում, ուստի Վահագն Գևորգյանին ևս պատահաբար չեն ընտրել: Փոքր ժամանակ Վահագնը փրկել-հանել է կրակն ընկած Արմանին՝ հետագայում դառնալով նրա քավորը: Տեղեկացնենք, որ «Բինգո-բոոմ»-ի Արմանը Ռուսաստանում ֆինանսավորում է «Եդինայա Ռոսիայի» երիտասարդական թևը: