«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված 4 անձանցից մեկը` Հենրիկ Ավագյանը, արդեն ազգային անվտանգության ծառայությունում խոստավանել է, որ ինքն է կրակել մարզպետի մեքենայի ուղղությամբ, սակայն հրաժարվում է գրավոր ցուցմունք տալ:
Եվ այսպես, գրել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մայիսի 20-ին տեղի ունեցած մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործը շուրջ մեկ ամիս քննվում էր ՀՀ քննչական կոմիտեում: Սակայն հունիսի կեսերին ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական կոմիտեից պահանջեց մարզպետի դեմ կատարված մահափորձի գործը` նյութերին ծանոթանալու համար, եւ որոշվեց այլեւս չվերադարձնել քննչական կոմիտե, այլ ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար: Ի դեպ, երբ գործը գտնվում էր ՀՀ քննչական կոմիտեում, այս գործով հարցաքննվել էին 30-ից ավել անձինք, որոնց մեջ էր եղել Գորիսի «Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը եւ 2013 հունիսի 1-ին մարզպետի տան մոտ փոխհրաձգության ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը:
Եվ, ահա, երբ գործը ուղարկվեց ԱԱԾ մոտ երկու շաբաթ անց՝ հուլիսի 1-ին, ԱԱԾ պետը «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով մարզպետի դեմ տեղի ունեցած մահափորձի գործին, հայտնել էր, թե այդ գործով «լավ» եզրակացության են եկել: «Լավի» արդյունքում, հայտարարությունից երկու օր անց՝ հուլիսի 3-ին, առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում, խուզարկություն կատարվեց Բուդաղյանների տանը, որից հետո սպանված Ավետիք Բուդաղյանի մյուս եղբայը՝ Արա Բուդաղյանը, կանչվեց ԱԱԾ հարցաքննության:
Մեղադրանքն առաջադրվեց
Երեկ ԱԱԾ-ն պաշտոնապես հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել: Ըստ ԱԱԾ-ի` կալանավորված անձանցից Հենրիկ Ավագյանի բնակարանին կից շինությունում հայտնաբերվել է այն ինքնաձիգը, որից կրակվել է մարզպետի ուղղությամբ: Արդյունքում, Հենրիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել՝ պատվերով սպանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով:
Իսկ Կապանի բնակիչներ Գարեն Աթաջանյանին եւ Վիտալի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել՝ պատվերով սպանության փորձին օժանդակելու եւ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով: Արա Բուդաղյանին էլ ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանության փորձի դրդելու համար:
Ավելին՝ նախաքննություն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված անձանց կալանավորելու համար, ինչը դատարանը բավարարել է:
Ինչ կապ ունեն մարզպետի մահափորձի գործով կալանավորված այս 4 անձինք եւ, առհասարակ, ինչպես է ԱԱԾ-ն դուրս եկել նրանց հետքի վրա:
Եվ այսպես, Սյունիքի մարզպետի դեմ մահափորձ իրականացնելու գործով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Խոստովանեց
Եվ այսպես, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը, իր հետ կալանավորված անձանցից ճանաչում է միայն Վիտալի Մինասյանին: ՄԵր տեղեկություններով՝ որոշ ժամանակ առաջ Վիտալին Արայից 200.000 դրամ պարտքով գումար է վերցրել՝ իբր մոր ծննդյան օրը նշելու նպատակով: Ավելի ուշ վերադարձրել է 130.000 դրամը, իսկ մնացած 70.000 դրամը երկար ժամանակ չի տվել: Այս չարաբաստիկ 70.000 դրամի պատճառով Արա Բուդաղյանի եւ Վիտալի Մինասյանի միջեւ սկսվել է հեռախոսային խոսակցություն: Արան պարբերաբար զանգահարել է՝ իր պարտքն ուզելու համար: Վերջին անգամ հունիսի 6-10 ընկած ժամանակահատվածում՝ Ղարաբաղից գալու ճանապարհին է զանգահարել Վիտալիին եւ պահանջել, թե պարտքդ բե՛ր, տո՛ւր: Նա էլ պատասխանել է, թե կգաս, կտամ:
«Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ ԱԱԾ-ի համար հենց այս խոսակցություններն են հիմք հանդիսացել, որպեսզի Բուդաղյանի նկատմամբ քրեական մեղադրանք առաջադրվի՝ որպես Խաչատրյանի սպանության փորձի դրդիչ: Սակայն Արա Բուդաղյանը բազմիցս, նաեւ հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ինքը ճանաչում է միայն Վիտալիին, իսկ մյուս կալանավորված անձանց հետ կապ չունի եւ երբեւէ առնչություն չի էլ ունեցել: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ կտրականապես հերքում է իր առնչությունը մարզպետի դեմ մահափորձի գործին: Իսկ թե ինչ կպարզի նախաքննությունը, ժամանակը ցույց կտա:
Մեզ հաջողվեց պարզել, որ մահափորձի գործով կալանավորված Վիտալին եւ Հենրին հեռավոր բարեկամներ են, իսկ, ահա, Գարեն ու Հենրիկը՝ մտերիմ ընկերներ:
Ավելին՝ «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցամբ՝ ԱԱԾ-ում Հենրիկը բանավոր կերպով խոստովանել է, որ ինքն է կրակել մարզպետի մեքենայի ուղղությամբ: Իսկ կրակելու նպատակը եղել է միայն մարզպետին վախեցնելը եւ ոչ ավելին: Սակայն նա դեռ հրաժարվում է ցուցմունք գրել:
Դատելով ստեղծված իրավիճակից, ըստ էության, ԱԱԾ-ն նշված անձանց հետքի վրա դուրս է եկել հեռախոսային խոսակցությունները լսելու արդյունքում: Նույն հիմքով էլ ԱԱԾ խուզարկություններ է կատարել նշված անձանց բնակարաններում, եւ Հենրիկ Ավագյանի բնակարանին կից շինությունից հայտնաբերվել է այն ինքնաձիգը, որով կրակել են հենց մարզպետի ուղղությամբ: Իսկ գուցե այդ զենքը այնտեղ դրվել է, որպեսզի խուզարկուները գտնեի՞ն, իսկ կոնկրետ անձն էլ խոստովանե՞ր: Այս մութ պատմության մեջ բոլոր վարկածներն էլ կյանքի իրավունք ունեն:
Հ.Գ. Հենրիկ Ավագյանի պաշտպան Սյուզաննա Խչեյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի հետ երեկվա տեսակցությունից հետո որոշակի տեղեկություններ է ստացել եւ պետք է միջնորդություն ներկայացնի, որպեսզի «Հենրիկի կնոջ, ծեր մոր եւ երկու աղջիկների համար պաշտպանության միջոց կիրառեն, քանի որ որոշակի մտավախություններ կան»: Ըստ Էության, Հենրիկը իր պաշտպանյալին հայտնել է, որ խոստովանել է՝ հենց ինքն է եղել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակողը, դրա համար էլ անհրաժեշտ է, որ նրա ընտանիքի անդամները մարզպետի հնարավոր ոտնձգություններից պաշտպանվեն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Երեկ սպանություն էր տեղի ունեցել Երեւանի Նոր Արեշ թաղամասում: Հրազենային վիրավորումից մահացել էր 57-ամյա Վաղինակ Ասոյանը, որին վիրավոր վիճակում, բակի նստարանին, առաջինը տեսել էր կինը:
Եվ այսպես, ի՞նչ էին տեսել դեպքի պահին նշված տարածքում ապրող հարեւանները: Armlur.am-ի հետ զրույցում Վաղինակի հարեւանուհիներից մեկը հայտնել է, որ ինքը տեսել է, թե ինչպես է Վաղինակը զրուցում հեռախոսով, որից հետո էլ հնչել են կրակոցները:
Իսկ սպանված Վաղինակի եղբայրը՝ Աբո Ասոյանը, պատմել էր, որ եղել են ականատեսներ, թե ինչպես է ինչ-որ մեկը սպիտակ «Ինֆինիտի» ավտոմեքենայի միջից կրակոցներ արձակում:
Ըստ սպանվածի եղբոր՝ Վաղինակը առողջական խնդիրներ ուներ, եւ նրան ապրելու շատ կարճ ժամանակ էր մնացել. «Հիվանդ, թոշակառու տղա էր: Գնում էր դիալեզի, գալիս էր, օրերը հաշված էին: 8 փամփուշտ կար մարմնի մեջ, ո՞նց պիտի ողջ մնար»:
Թե ինչն է եղել սպանության պատճառը, եւ ով է սպանություն իրականացնողը, դեռեւս հայտնի չէ, սակայն սպանվածի եղբայրը՝ Աբո Ասոյանը, վստահեցրեց, որ Վաղինակը որեւէ մեկի հետ խնդիրներ երբեւէ չի ունեցել: Նա երկու ամիս առաջ էր Բելգիայից Երեւան վերադարձել:
Հ.Գ. ՀՀ ոստիկանությունը մի կողմից ցույց է ցրում, մյուս կողմից հանցագործություններ բացահայտում: Armlur.am-ը պարզել է, որ Բավրայի անցակետում ոստիկանները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող անձին, ում տեղափոխում են Երեւան: Ոստիկանությունից հաջողվեց ճշտել, որ սպանության մեջ կասկածվում է 1977թ. ծնված Գագիկ Վեսպանսիոնի Ղանդիլյանը, ով Էրեբունի թաղամասի բնակիչ է: Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ այս պահին ոստիկանները գործողություններ են կատարում Նոր Նորքի 9-րդ զանգվածում եւ գտել են մի ավտոտնակ, որտեղ գտնվում է այն ինքնաձիգը, որով էլ կատարվել է հանցագործությունը: Այլ մանրամասներ առայժմ մեզ չհաջողվեց ճշտել:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԷԼԻ ԾԵԾԵԼ ԵՆ
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը 168.am-ի ասել է, որ երեկ ոստիկանությունը բռնություն է կիրառել ակտիվիստների նկատմամբ` նրանց մեքենայով բերման ենթարկելու ճանապարհին: «Սպարտակ անունով մի անչափահասի եւ Նարեկ Այվազյանին բռունցքներով ծեծել են: Նարեկին հարվածել են գլխին, դա ես իմ աչքով եմ տեսել, ու այդտեղ ներսում բոլորն են տեսել»: Հարցին՝ ինչ-որ բան էին ասո՞ւմ Նարեկը կամ Սպարտակը, որ հենց իրենց են հարվածել, Վ. Շուշանյանը պատասխանել է. «Նարեկն ասում էր՝ մի՛ գոռացեք մեզ վրա, թողե՛ք, հանգիստ մտնում ենք մեքենա, այդ բերետավորներն էլ ասում էին՝ հանգիստ, վե՛ր ընկեք տեղներդ, արա, մեզ չե՞ք ճանաչում»:
ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ԾԱՆՐ ԵՆ
Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած կնոջ վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն ցուցանիշները բավարար են: Կնոջ` կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ եկած տղայի առողջական վիճակը նույնպես գնահատվում է ծանր, հիմնական ցուցանիշները բավարար են: Հիշեցնենք, որ 28-ամյա կինը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն էր ընդունվել հունիսի 30-ին ծանր վիճակում` այն բանից հետո, երբ ամուսինը հիվանդասենյակում կրակել էր նոր ծննդաբերած կնոջ վրա, ապա ինքնասպան եղել:
ՎԹԱՐՎԵԼ ԵՆ
Հուլիսի 5-ին` ժամը 01:55-ի սահմաններում, Բերձոր-Ստեփանակերտ ավտոմայրուղու 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար, ինչի արդյունքում մահացել են ՊԲ զինծառայողներ Սասուն Սամվելի Զիրոյանը (ծնվ. 1989թ.) եւ Մարատ Գրիգորիի Թադեւոսյանը (ծնվ. 1987թ.), իսկ Ալիկ Տիգրանի Պետրոսյանը (ծնվ. 1992թ.) եւ Սարգիս Արարատի Գեւորգյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԱՐՏԱՀԱՆԵԼ ԵՆ
Գյուղնախարարության տեղեկացմամբ` ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 40 հազար 53 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 հազար 719 տոննայի դիմաց:
Մասնավորապես, այսօրվա դրությամբ արտահանվել է 14 հազար 463 տոննա ծիրան՝ նախորդ տարվա 1791 տոննայի դիմաց, 1324 տոննա կեռաս՝ նախորդ տարվա 370 տոննայի դիմաց:
Հայկական կեռասը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, ԱՄՆ, Շվեյցարիա: