Երեվանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն այսօր՝ ժամը 19:00-ին, ինչին կհաջորդեն տոնական համերգն ու հրավառությունը: Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի հեռուստաեթերում: Նույն օրը կվառվեն նաեւ Հանրապետության հրապարակի լուսային շատրվանները, որոնք այս ձմեռ կփոխարինեն ջրայինին: Բեմահարթակներ կլինեն Հանրապետության եւ Ազատության հրապարակներում: Ազատության հրապարակը կծառայի մանուկներին, որտեղ դեկտեմբերի 22-ից մինչ հունվարի 13-ը կլինեն հատուկ խաղեր եւ միջոցառումներ:
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 2:00-ն, կլինի համերգ` անհատ կատարողների մասնակցությամբ: Հունվարի 1-ին՝ մինչեւ ժամը 2-ը, կաշխատի Երեւանի մետրոպոլիտենը, բոլոր հարթակներում կլինեն սպասարկող համապատասխան անձնակազմեր, որոնք անհրաժեշտ են զանգվածային միջոցառումների ժամանակ: Ուղիղ կեսգիշերին կլինի մեծ հրավառություն: Հունվարի 5-ին Ազատության հրապարակը կծառայի միայն մանուկներին, որտեղ կլինեն բացօթյա ներկայացումներ, իսկ հունվարի 6-ին՝ 19:00-ին, կսկսվի Սուրբ Ծնունդին նվիրված արարողությունը, որը կմեկնարկի հոգեւոր հոր օրհնանքի խոսքով: Հունվարի 6-ի համերգային ծրագիրը կլինի հոգեւոր եւ ազգային թեմաներով: Տոնական միջոցառումների շարքը կեզրափակվի հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում կայանալիք համերգով: Տոնական բազմազան ծրագրեր են սպասվում նաեւ վարչական շրջաններում` համերգներ, բակային հանդիսություններ եւ անակնկալ նվերների մատուցում երեխաներին:




Լրահոս