Armlur.am-ի տեղեկություններով, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՔԿՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասով նյութեր են նախապատրաստվում: Սրա համար առիթ է հանդիսացել դեռևս 2012 թվականին տեղի ունեցած դեպքը:
Այսպես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, 2012 թվականի դեկտեմբերի 26-ին «Արթիկ» ՔԿՀ արդեն նախկին դատապարտյալ Արտակ Հակոբյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի է ենթարկվել ՔԿՀ աշխատակիցների կողմից, ապա տեղափոխվել «Հրազդան» ՔԿՀ պատժախուց:
Մինչև 2013 թվականի փետրվարի 11-ը դատապարտյալը պահվել է պատժախցում, ապա տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ: Մինչև հուլիսի 23-ը պահվել է պատժախցում: Դատապարտյալի նկատմամբ կատարված անմարդկային վերաբերմունքի դեպքի առթիվ էլ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում:
Հավելենք, որ հուլիսի 25-ին սույն գործի շրջանակներում առերեսումներ են կատարվել դատապարտյալի և ՔԿՀ աշխատակիցների միջև: Նրանցից է, օրինակ, այդ ժամանակ «Արթիկ» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Խաչատրյանը, ով այժմ «Սևան» ՔԿՀ-ում հերթափոխի պետ է: Առերեսվելեն նաև դատապարտյալն ու «Արթիկ» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետ Ժորժիկ Վարագյանը, Անվտանգության ապահովման բաժնի պետ Վահագն Երանոսյանը: Իսկ հետագայում պետք է առերեսվեն նախկին դատապարտյալն ու «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետ Հովիկ Հակոբջանյանը, ով այժմ ծառայում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, ինչպես նաև նույն ՔԿՀ պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը, ով Էրեբունու նախկին ոստիկանապետ, ԱԻՆ նախկին փոխնախարար Ավետիք Մկրտչյանի (Աղվես Ավո) որդին է, ով այժմ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է աշխատում: Առերեսում պետք է լինի նաև «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին օպերլիազոր Եգոր Հակոբյանի հետ, ով այժմ «Կոշ» ՔԿՀ ծառայող է:
Հուլիսի 25-ին առերեսման ժամանակ «Արթիկ» ՔԿՀ աշխատակիցները չեն հերքել, որ դատապարտյալին պահել են պատժախցում, որտեղ բացակայել է հոսանքը, ջուրը, զուգարանը: Ի դեպ, մեր տեղեկություններով, դատապարտյալը և իր հարազատները ՄԻՊ Կարեն Անդրեասյանին իրազեկել են տեղի ունեցածի մասին, սակայն օմբուդսմենը որևէ ընթացք չի տվել, անգամ կատարվածի մասին զեկույց չի ներկայացրել: