ԹԱՆԿԱՐԺԵՔ ՍԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում որոշվել է Կոնդ թաղամասում՝ Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում, Երեւանի համայնքային սեփականություն հանդիսացող ավելի քան 1000 քմ մակերեսով հողամասը նվիրաբերել «Երեւան, իմ սեր» հիմնադրամին` բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաներին հայտնել է, որ նվիրաբերվող գույքի արժեքը մոտավորապես մեկ միլիոն դոլար է կազմում: Ինչպես հիշում ենք, դեռեւս մեկուկես տարի առաջ մեկնարկած «Երեւան, իմ սեր» ծրագրի շրջանակներում հայտարարվեց, որ Երեւանում կառուցվելու են երեք շենքեր, որոնցից մեկը հատկացվելու է միայնակ մայրերի եւ նրանց երեխաների կարիքներին, մյուսում լինելու է կենտրոն լսողության հետ խնդիրներ ունեցող երեխաների համար, իսկ երրորդը ծառայելու է եկեղեցու սպասավորների կարիքներին: Եվ ուրեմն, առաջին հայացքից արտառոց ոչինչ չկա, եթե ի վերջո նվիրաբերված հողամասում կառուցվող երեք շենքերը ծառայելու են բարեգործական նպատակներով:  Խնդիրն այն է, սակայն, որ «Երեւան, իմ սեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ոչ այլ ոք է, քան ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը. մի մարդ, ով, մեղմ ասած, փողի կարիք չունի, եւ ում ստեղծած հիմնադրամը եւս պետք է որ փողի կարիք չունենար: Ուրեմն ո՞րն է պատճառը, որ Արմեն Սարգսյանը զլանում է վճարել իր ծրագրի, իհարկե ողջունելի ծրագրի, իրականացման համար անհրաժեշտ հողամասի գումարը, եւ ինչո՞ւ է կառավարությունն այդքան շռայլ գտնվում հենց Արմեն Սարգսյանին ընդառաջելու հարցում: Եվ դա այն պարագայում, երբ նույն կառավարությունը ձեռքուոտք ընկած ամեն կերպ փորձում է վաճառել Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտգործնախարարության շենքը, որպեսզի միջոցներ ունենա նախկին արդարադատության նախարարության տեղում կառուցել կառավարական նոր մասնաշենք: Հասկանալի է, որ Տիգրան Սարգսյանը պետք է մի ձեւով վարձահատույց լիներ Արմեն Սարգսյանին` 2011թ-ին Մեծ Բրիտանիայի  արքայազնի հետ լուսանկարվելու պատիվն ընձեռելու համար, սակայն անհասկանալի է, թե ինչու պետք է դա արվի համայնքային միջոցների հաշվին: Գուցե ոմանք տեղին չհամարեն բարեգործական ծրագրի համար կառավարության կողմից մեկ միլիոն դոլարանոց նվերի կապակցությամբ մեր դժգոհությունը, սակայն կարծում ենք, որ նույն կառավարությունը շատ ավելի մեծ բարեգործություն արած կլիներ, եթե այդ մեկ միլիոն դոլարով գոնե մեկ բազմաբնակարան շենք կառուցեր ու հատկացներ սոցիալապես անապահով, բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին: Իսկ Արմեն Սարգսյանն էլ իրապես բարեգործություն արած կլիներ, եթե Կասկադում վերջերս իր կողմից գնված 970 հազար դոլարանոց բնակարանի փոխարեն նշված հողամասը ձեռք բերեր սեփական միջոցներով: Չնայած երեւի թե նրան այդ մեկ միլիոնը պետք է նշված բնակարանի վրա հսկայական մանսարդի շինարարական աշխատանքների համար:




Լրահոս