ՀԵՏՈ ԷԼ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՓՈՂ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստը արագացված «տեմպերով» ընթացավ:  Հավանաբար պատճառներից մեկն այն էր, որ հինգշաբթի նախատեսված նիստը կայացավ չորեքշաբթի: Ու դրա հետ միասին փոփոխության էր ենթարկվել նաեւ «վարման ձեւը»: Կառավարության անդամները շատ արագ ներկայացնում էին իրենց կողմից բարձրացված հարցերն ու հեռանում: Նիստը տեւեց ընդամենը 25 րոպե:
Դատելով նիստի օրակարգում ընդգրկված 27 հարցերի բովանդակությունից՝ արդեն կարելի էր եզրակացնել, թե ինչն էր գործադիր մարմնի շտապողականության պատճառը: Տպավորություն էր, որ կառավարության նիստը պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության կամ վաճառքի համար էր կազմակերպվել:
Նախ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվեց Երեւանի Միկոյան 18 հասցեում գտնվող շարժական եւ անշարժ գույքը` շենքեր, կայաններ, տաղավարներ, ջրատար եւ կոյուղու ցանց, ամբարձիչներ եւ այլն, 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել «MED A. KGmbH» ընկերությանը, որից գոյացած տարեկան վարձավճարը՝ յոթ տարվա համար 1 մլն դրամ, ուղղվելու է ՀՀ պետբյուջե:
Ապա հայտարարվեց, որ 498 մլն դրամ է հատկացվել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության եւ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով: Այս որոշումներն ընդունվեցին ՀՀ նախագահի հանձնարարությամբ, քանի որ նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անհրաժեշտ էր համարվել, որ պետության ուշադրության կենտրոնում գտնվեն նաեւ զինծառայողների սոցիալական պայմանները:
Կառավարության որոշմամբ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն» թաղամասի 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի գազաֆիկացմանն աջակցելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացվել է 200 մլն դրամ Երեւանի քաղաքապետարանին տրամադրելու համար: Եվս 100 մլն դրամ հատկացվել է Երեւանի քաղաքապետարանին: Շուրջ մեկ մլրդ դրամ հատկացրել է «Հայռուսգազարդ»-ը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրեց, որ այս ծրագրի ավարտից հետո մայրաքաղաքում այլեւս չի մնա ոչ մի չգազաֆիկացված թաղամաս:
Գործադիրն իր համաձայնությունը տվեց նաեւ Երեւանի համայնքային սեփականություն հանդիսացող Կոնդ թաղամասում՝ Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքում, ավելի քան 1000 քմ մակերեսով հողամասը նվիրաբերել «Երեւան, իմ սեր» հիմնադրամին` բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով: Ըստ վարչապետի՝ նվիրաբերվող գույքի շուկայական արժեքը 400 մլն դրամ է (շուրջ 1 մլն դոլար):
Այսպիսով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ-երկու դրական ծրագրի «անվան տակ» մի քանի այլ հատկացումներ էլ հավանության արժանացրեց՝ երկրի սեփականությունը նվիրաբերելով սիրելիներին: Առաջ՝ դեպի ապահով Հայաստան:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս