Հայաստանում օր օրի սնանկացող ընկերությունների թիվն աճում է. պատճառը վարկային եւ հարկային պարտավորություններն են եւ տնտեսության համընդհանուր անկումը: Վերջերս սնանկացող ընկերությունների շարքին ավելացավ նաեւ «Թալգրիգ» ՍՊԸ-ն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլի 8-ին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան «Թալգրիգ» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: «Թալգրիգ»-ի տնօրեն Հովհաննես Հակոբյանի պնդմամբ, սակայն, ընկերությունը բանկի գործունեության պատճառով է բռնել սնանկացման ճանապարհը:
Նշենք, որ «Թալգրիգ» ՍՊԸ-ն երկար տարիներ զբաղվել է ոչ միայն հրուշակեղենի, այլեւ ալյուրի արտադրությամբ եւ ներմուծմամբ: Այս ընկերությունը համարվել է «Գրանդ քենդի» ընկերության լուրջ մրցակիցներից մեկը, իսկ արտադրատեսակները տեղական շուկայում ավելի մատչելի գնով են վաճառվել, քան մյուսներինը: Սակայն այսօր «Թալգրիգ»-ը հայտնվել է ֆինանսական լուրջ դժվարությունների առաջ. ընկերությունն այլեւս չի գործում վարկային եւ հարկային պարտավորությունների պատճառով:
Ավելին` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի մայիսի 11-ի վճռով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ դիմումն ընդդեմ «Թալգրիգ» ՍՊ ընկերության բավարարվել է, եւ «Թալգրիգ» ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ: Այսպիսով, «Թալգրիգ»-ը «ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պարտք է 8 մլն 226 հազար 935 դոլար, 500 հազար դրամ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին՝ 21 հազար 114 դոլար, ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ 38 մլն 29 հազար դրամ, ՖՆ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությանը՝ 35 մլն 34 հազար դրամ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ պետական ռեգիստրում ներկայացված է երեք ընկերություն, որոնց անվանման մեջ առկա է «Թալգրիգ»-ը: Դրանք են՝ «Թալգրիգ», «Թալգրիգ պլյուս» եւ «Թալգրիգ գրուպ» ընկերությունները: Արդյոք այս երեք ընկերությունները կապված են իրար հետ: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ընկերության սնանկության գործերով կառավարիչ Հովհաննես Եղյանի հետ, ով ասաց. «Սնանկացել է «Թալգրիգ» ընկերությունը, որը երկար տարիներ զբաղվել է հրուշակեղենի արտադրությամբ: Ժամանակին այն գործել է Վանաձորում, սակայն վերջին տարիներին հաստատվեց Երեւանում: Հիմնադիրն է Թովմաս Գրիգորյանը»:
«Թալգրիգ» ՍՊԸ-ի սնանկության գործերով կառավարիչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նշեց, որ ընկերությունը վարկային մեծ պարտավորություններ ունի, որոնք էլ չի կարողանում մարել: «Այսօր նրանք, ովքեր ունեն վարկային մեծ պարտավորություններ, այլ պարտքեր, չեն կարողանում դրանք մարել: Սրան զուգահեռ ե՛ւ մարդկանց քանակն է նվազում, ե՛ւ սպառման շուկան է փոքրանում, այդ ամենն էլ իրենց դառը հետեւանքներն են թողնում գործարար դաշտի վրա»,- փոխանցեց Եղյանն՝ ընդգծելով, որ նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ ընկերությունը վարկային մեծ պարտավորությունների պատճառով է հայտնվել անելանելի վիճակում: Առայժմ հայտնի չէ՝ ընկերությունը առողջացման ծրագիր կներկայացնի՞, թե՞ ոչ: «Դեռ պարտատերերի առաջին ժողովը չի կայացել, բացի այս, պարտատերերի նախնական ցուցակը հաստատված չէ: Այս պատճառով հստակ չէ՝ արդյոք իրենք հնարավորություն ունե՞ն առողջացման ծրագիր ներկայացնել, թե՞ ոչ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Սնանկանալու իրական պատճառները պարզելու համար «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ընկերության տնօրեն Հովհաննես Հակոբյանի հետ, ով հայտնեց, որ իրենք փորձում են առողջացման ծրագիր մշակել, որպեսզի հասկանան՝ հնարավո՞ր է վերականգնել ամեն ինչ, թե՞ ոչ: «Խնդիրը հիմնականում կապված է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի հետ. մեր վարկային պարտավորությունը պայմանագրով նախատեսված էր 10 տարի ժամկետով, սակայն կարճաժամկետ վարկերի տրամադրումից տարիուկես հետո տոկոսի կտրուկ բարձրացում եղավ իրենց մոտ, եւ այդ ամենը վատ անդրադարձավ մեզ վրա, ու ընկերությունը գնաց դեպի սնանկացում: Պատկերացրեք, որ վարկի 6.5 տոկոսը բարձրացավ ու դարձավ 9.5, ապա՝ 14.5 տոկոս: Ավելի քան երկու անգամ բարձրացավ տոկոսը, որն էլ տնտեսվարող սուբյեկտի մոտ ֆինանսական մեծ դժվարություններ առաջացրեց: Ընդ որում, մենք ունեինք 7 մլն դոլարի վարկային պորտֆել, ու դրա տոկոսը 6.5-ից դարձնել 9.5, ապա 14.5, դա արդեն լուրջ հարված է, որին էլ չդիմացավ մեր ընկերությունը»,- ներկայացրեց Հակոբյանը:
Հ.Գ. Բիզնես դաշտում ընդունված մարտավարական քայլ է. երբեմն ընկերություններն արհեստական սնանկանում են՝ այդ կերպ խուսափելով հարկային եւ վարկային պարտավորություններից: Բայց այն ընկերությունները, որոնք տարիներ են ներդնում, ապրանքանիշ են ստեղծում, շուկայում տեղ են զբաղեցնում, իրենց նման «շռայլություն» թույլ տալ չեն կարող:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԳՈԼՈՐՇԻ ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ
Երեկ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Նաիրիտ» գործարանի շահագործման տեխնիկական իրագործելիության եւ ֆինանսական կենսունակության գնահատում» թեմայով հաղորդում: Վերնագրից արդեն կարելի էր ենթադրել, որ գործարանի հետ կապված մի շարք հարցերի պատասխաններ հանրությունը եւ պատգամավորները կստանան: Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չընթացավ:
ԱԺ պատգամավորները տեղեկացվել էին, որ տեղի են ունենալու լսումներ, որոնց ժամանակ հնարավոր կլինի մի շարք հարցեր ուղղել ե՛ւ նախարար Երվանդ Զախարյանին, ե՛ւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Եվ քանի որ նման բան տեղի չունեցավ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը զայրացած դուրս եկավ` հրաժարվելով որեւէ հաղորդում լսել. «Ես այստեղ չեմ եկել ինչ-որ հաղորդում լսելու: Գրված էր, որ լսումներ են լինելու, եւ մենք հնարավորություն կունենանք հարցեր ուղղել: Սակայն այս ֆորմատով հարցեր ուղղելու հնարավորություն չկա»,- զայրացավ պատգամավորն ու գնաց: Այնուհետեւ, ԱԺ եկած էներգետիկայի նախարարը անակնկալի եկավ՝ տեսնելով այդքան մեծ թվով պատգամավորների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների:
Ավելին՝ Ե. Զախարյանին Այվազյանը «տարավ» ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի սենյակ, որտեղ էլ վերջնական հայտարարի գալով սկսեցին քննարկումը: Քննարկման հենց սկզբում ե՛ւ Վ. Այվազյանը, ե՛ւ Ե. Զախարյանը հայտարարեցին, որ պատգամավորների հազարավոր հարցերին կպատասխանեն աշնանը, երբ տեղի կունենան մեծ լսումներ «Նաիրիտի» հարցով: Իսկ առայժմ, նախարարը խորհուրդ տվեց սահմանափակվել իրավիճակի վերաբերյալ իր կողմից ամփոփ տվյալների ներկայացմամբ:
Զախարյանը վստահեցրեց, որ Կառավարությանը ձեռնտու չէ լուծարել գործարանը, քանի որ դրա համար հարկավոր կլինեն միլիոնավոր դոլարներ: «Այսօր գործարանը կա՛մ պիտի վերագործարկվի, կա՛մ պիտի լուծարվի, որը կապված կլինի լուրջ ֆինանսական ծախսերի եւ բնապահպանական ծախսերի հետ: Դա շարքային ֆաբրիկա չէ, որ լուծարման հետ կապված այսօր որոշում կայացվի, եւ վաղը սկսվի լուծարումը: Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ ընկերության սննկացումը, որովհետեւ դա բերելու է մեծ ֆինանսական խնդիրների` կապված անվտանգության եւ այլնի հետ»,- հայտարարեց նախարարը: Վերջինս նաեւ նշեց, թե այս պահի դրությամբ պոտենցիալ ներդրողներ էլ չկան:
Պատգամավորները մի քանի հարցեր ամեն դեպքում կարողացան ուղղել նախարարին, սակայն այդ հարցերի պատասխանները գոհացուցիչ չեղան: Պատգամավորները չցանկացան նաեւ փակ քննարկում անել եւ լսել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, քանի որ հարցեր ունեին նախարար Երվանդ Զախարյանին:
Ամփոփելով կարող ենք ասել, որ, ըստ էության, «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հետ կապված որեւէ հստակ հայտարարություն ո՛չ նախարարի, ո՛չ էլ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի կողմից չարվեց: Մինչդեռ քննարկման թեման հենց դա էր` որոշել գործարանի հետագա ճակատագիրը: Կարելի է փաստել, որ սրանով իշխանությունները փորձեցին եւս մեկ անգամ գոլորշի բաց թողնել, իբր իրենք աշխատում են, մտահոգված են գործարանի ճակատագրով եւ փորձում են լուծումներ գտնել:
Ավելորդ չենք համարում նշել, որ «Նաիրիտ» գործարանի թալանը սկսվել է դեռեւս 2000 թվականից` Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, եւ իր գագաթնակետին է հասել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարության օրոք: Եվ հիմա նմանատիպ լսումներ կազմակերպելով՝ իշխանությունները դժվար թե կարողանան «բացահայտել» «Նաիրիտ» գործարանում տարիներ շարունակ տեղի ունեցած թալանն ու կեղծիքը:
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ
ԱՆՍՊԱՍԵԼԻ ՇՐՋԱԴԱՐՁ
Իջեւանում՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, շարունակվում է Տավուշի մարզի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանի, ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանի եւ «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի դատավարությունը:
Քրեական գործն առնչվում է 2014թ. ապրիլի 1-ի գիշերը Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ հնչած կրակոցներին եւ այդ կապակցությամբ քրեական գործի նյութերը կեղծելուն: Տավուշի մարզի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ Անդրանիկ Ազիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, իսկ «Իջեւանատան» սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին՝ 258 հոդվածի 4-րդ մասով: Քրեական գործով մեղադրողը Անդրանիկ Ազիբեկյանի համար պահանջել է հինգուկես, Արտակ Ավետիսյանի համար՝ չորսուկես, Անդրանիկ Խոջումյանի համար՝ 7 տարի ազատազրկում: Հուլիսի 27-ի դատական նիստում անսպասելի շրջադարձ է տեղի ունեցել: Արտակ Ավետիսյանը, ով դատավարության ողջ ընթացքում ցուցմունք չի տվել, չի պատասխանել հարցերի, այդ նիստում ելույթ է ունեցել:
Նշենք, որ Ա. Ավետիսյանը նախաքննության ժամանակ տված ցուցմունքներով իրեն մեղավոր է ճանաչել, ինքնախոստովանական ցուցմունքներ տվել: Նիստում ճառով հանդես է եկել նաեւ Արտակ Ավետիսյանի պաշտպան Արմեն Ադամյանը: Ինչպես հայտնեց Անդրանիկ Ազիբեկյանի կինը՝ Քրիստինեն, Արտակ Ավետիսյանն իր վերջին խոսքում իրեն մեղավոր չի համարել: Նա ասել է, որ հատուկ քննչական ծառայությունում իրեն առաջարկել են ընդունել մեղքը՝ խոստանալով, որ հետագայում հոդվածը կփոխեն 308 հոդվածի 1-ին մասի, եւ հետո իր համար ամեն ինչ լավ կլինի:
Արտակ Ավետիսյանի խոսքերով՝ իրեն առաջարկել են, որ Անդրանիկ Ազիբեկյանին համոզի ընդունել մեղքը, ինքը նրա հետ առանձին խոսելու թույլտվություն է խնդրել, սակայն առանձնազրույցի ժամանակ Ա. Ազիբեկյանը հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել՝ ասելով, որ ինքը հանցավոր ոչինչ չի արել: Սույն քրեական գործով դատավարության հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 4-ին, որի ընթացքում, հավանաբար, կհրապարակվի 3 ամբաստանյալների դատավճիռը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ