Դեպի Հայաստան տուրիստական հոսքերը հիմնականում եվրոպական երկրներից են: Հայկական զբոսաշրջային գործակալություններից մեկի տնօրեն Մարինա Կպրելյանի խոսքով` Հայաստան են գալիս Գերմանիայից, Ավստրիայից, Անգլիայից, Իսրայելից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, նաև Ճապոնիայից ու ԱՄՆ-ից: Բայց ինչպես Մարինա Կպրելյանն է նշում, պատկերն ավելի ընդլայնված կլիներ, եթե Հայաստանից նշյալ ուղղություններով լինեին մշտական ուղիղ չվերթներ, նաև` Չինաստան, եվրոպական այլ երկրներ:
Ինչ վերաբերում է արտագնա տուրիզմին, ապա այս տարի հայ տուրիստներն ավելի շատ նախընտրում են գնալ Վրաստան, որն ապահովում է մատչելի հանգիստ, Հունաստան, Իսպանիա: «Լավ փաստ է, որ նաև Իսպանիայից են գալիս Հայաստան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Մարինա Կպրելյանը:
Բանախոսի տեղեկացմամբ` Հայաստանի ճանաչվածությունը միջազգային ասպարեզում ապահովվում է, բայց ոչ բավարար կերպով: «Տուրիստական կազմակերպությունների կարծիքով` Հայաստանը բավական գովազդված չէ` լինի տեսահոլովակներով, տուրիստական նյութերով, քարտեզներով: Մեր դեսպանատներն այլ երկրներում պետք է ավելի ակտիվ լինեն ու տարածեն Հայաստանի մասին տեղեկատվությունը»,-ասաց Մարինա Կպրելյանը: