«ՉԱՐԱՃՃԻ» ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՐԳԵԼԵՑ PR-ՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել էր նախարարներին «դաստիարակել»՝ նկատողություն հայտնելով այն բանի համար, որ վերջիններս սկսել են աշխատելու փոխարեն իրենց սեփական PR-ով զբաղվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` վարչապետը տեւական ժամանակ է, ինչ վրդովված է մի քանի նախարարների աշխատաոճից ու որոշել է դրա մասին հրապարակային խոսել, քանի որ «ներքին» զգուշացումներն արդյունք չեն տվել:

Եւ այսպես, երեկ ՀՀ Կառավարության հերթական նիստի վերջում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիմանեց հայրենի նախարարներին՝ այս տարվա փետրվարի իր հանձնարարականը չկատարելու համար: Հ. Աբրահամյանը հիշեցրեց, որ հանձնարարական էր տվել արտերկրում ՀՀ դեսպանների հետ հանդիպումների մասին տեղեկատվությունը չհրապարակայնացնել. «Սակայն մի քանի նախարարներ շարունակում են այդ ոճը»,-վրդովված հայտարարեց վարչապետը:
Այնուհետեւ ինչպես դպրոցում են «չարաճճի» աշակերտների անունները բարձրաձայն կարդում, այդպես էլ վարչապետը ընթերցեց այն նախարարների անունները, որոնք չեն կատարել իր պահանջները: «Չարաճճիների» շարքում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը հանդիպել է Սիրիայում ՀՀ դեսպանի հետ, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որը Շվեդիայում հանդիպել է ՀՀ դեսպանի հետ ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, որը Նիդեռլանդներում հանդիպել է ՀՀ դեսպանի հետ: «Ձեռնպահ մնացե՛ք, երբ այդ տեղեկատվությունը տալիս եք մամուլին: ԱԳՆ-ն եթե դեմ է, պայմանավորվածություն ունեք, մի՛ արեք էդ բաները»,-եզրափակեց վարչապետը:
Նշենք, որ նախարարների PR աշխատաոճի մասին «Ժողովուրդը» բազմիցս բարձրաձայնել է. նշել ենք, որ օրվա «լրատվական ժապավեններում» հայտնվելու համար նախարարներն արդեն սկսել են իրենց յուրաքանչյուր խորհրդակցության վերաբերյալ տեղեկություններ տարածել: Հովիկ Աբրահամյանի Կառավարության անդամներն արդեն սովորություն են դարձրել փոխնախարարների, աշխատակազմի ու ինչ-որ մի վարչության պետի հետ հանդիպելուց հետո հաղորդագրություն տարածել՝ ցույց տալու համար, թե իրենք «գործ» են անում: Սա գաղտնիք չէր ՀՀ վարչապետի համար, ու անհասկանալի է, թե ինչու է նա միայն հիմա որոշել «պատժել» Կառավարության անդամներին: Սրա մասին ժամանակին բարձրաձայնել են նաեւ ԱԺ պատգամավորները, որոնք նշել էին, որ Կառավարության անդամները արտերկրում դեսպանների հետ «շոպինգի» են գնում եւ թանկարժեք ռեստորաններում ճաշում` աշխատանքով զբաղվելու փոխարեն: Տպավորություն է, որ ՀՀ վարչապետի «շուրթերով» նկատողություն տալը կապված է ՀՀ արտաքին գործերի նախարարության «խանդի» հետ, քանի որ դեսպանները սկսել են «չենթարկվել» ԱԳՆ-ին:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է այս առիթով զրուցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի մամլո խոսնակ Տիգրան Բալայանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք այս ամենը «խանդի տեսարան» էր:
-Պարո՛ն Բալայան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի նախարարների նկատողություն է տվել այն բանի համար, որ վերջիններս ՀՀ դեսպանների հետ հանդիպումների մասին տեղեկությունները հրապարակում են լրատվամիջոցներով: Արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը նախարարներին զգուշացրել էր, որ նման հանդիպումները չհրապարակայնացնեն:
-ՀՀ վարչապետի կողմից փետրվարին հանձնարարական է եղել Կառավարության անդամներին` զերծ մնալ արտերկրում հավատարմագրված Հայաստանի դեսպանների հետ հանդիպումների լուսաբանումից, խոսքը այդ հանձնարարականի կատարման մասին էր:
-Այսինքն՝ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն էլ էր նախազգուշացրե՞լ նախարարներին, որ նման հանդիպումները հրապարակային չդարձնեն: Խնդրում եմ նշեք նաեւ, թե ինչո՞ւ է նախարարներից պահանջվում այդ հանդիպումները «գաղտնի» պահել, ի՞նչ է, դա պետական կամ ռազմական գաղտնի՞ք է:
-Նորից եմ կրկնում՝ դա եղել է ՀՀ վարչապետի հանձնարարականը, վարչապետը զգուշացրել է իր հանձնարարականի չկատարման համար: Հանձնարարականը նախաձեռնվել էր արտաքին գործերի նախարարության կողմից:
-Արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀ Կառավարության անդամները չեն հարգում Է. Նալբադյանի խոսքը, ինչի համար էլ ՀՀ վարչապետը ստիպված եղավ միջամտել: Տեսակետ կա, որ սա ընդամենը ԱԳ նախարարության կողմից «խանդի տեսարանի» դրսեւորում է:
-Ո՛չ, արտաքին գործերի նախարարությունն էր նախաձեռնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով, որի մասին վարչապետը իր խոսքում նշեց:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ
-Պարո՛ն Ղազարյան, ինչո՞ւ չեք կատարել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը, ինչի պատճառով վարչապետը նկատողություն տվեց Ձեզ, ինչո՞ւ եք հրապարակում արտերկրում ՀՀ դեսպանների հետ Ձեր հանդիպումները:
-Խոսքը վերաբերում էր մեր այն հանդիպմանը, որի ժամանակ զուտ քննարկում էինք այստեղ հեծանվաուղին զարգացնելու հարցը, իրենց փորձը մեծ է. Հոլանդիայում դա շատ է զարգացած: Ուզում էինք այնտեղից մասնագետներ հրավիրել, բերել այստեղ, որպեսզի կարողանային մեզ մոտ եւս այդ ամենը զարգացնել: Խոսքը դրան էր վերաբերում: Մեզ տեղեկացրել են, որ չպետք է այն հրապարակային լինի, բայց մամուլի ծառայությունը հրապարակել է: Հիմա խախտում է, եղել է, ես էլ ընդունեցի, ինչո՞ւմն է հարցը:
-Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ Դուք զբաղված եք սեփական PR-ով ու որեւէ լուրջ աշխատանք չեք կատարում Ձեր գերատեսչությունում:
-Ես կարող եմ իմ ոլորտի համար պատասխան տալ, Դուք հարցը ուղղեցիք, ես էլ պատասխանեցի, ես նշեցի, թե կոնկրետ ինչ է քննարկվել, ես իմ աշխատանքն եմ կատարում: Սխալ է եղել, ես այդ սխալն ընդունել եմ:

 

 

 

 
ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ ՆՇԱՆԱԿԵՑԻՆ, ԲԱՅՑ ՀԵՏՈ «ՓՈՇՄԱՆԵՑԻՆ»

Դեռեւս 2014 թվականի ապրիլին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին ներկայացնելով նրանց նոր ղեկավարին` Կարեն Ճշմարիտյանին` համոզմունք հայտնեց, որ նա կկարողանա պատվով կատարել իր աշխատանքը: Բայց արի ու տես, որ Կարեն Ճշմարիտյանին ոչ մի կերպ չի հաջողվում գոնե փոքր-ինչ առաջ տանել իր գերատեսչության առջեւ դրված խնդիրները: Ավելին` անցած տարվա նոյեմբերին տեղեկություններ էին շրջանառվում, որ Ճշմարիտյանի աշխատանքից այն աստիճան դժգոհ են, որ նրան պատրաստվում են պաշտոնանկ անել: Չնայած դրան` ազդեցիկ միջնորդների շնորհիվ Ճշմարիտյանը կարողացավ մնալ իր պաշտոնին` հույս տալով, որ առաջիկայում ավելի լավ կաշխատի, սակայն նման բան տեղի չունեցավ:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարությունում Կ. Ճշմարիտյանին ներկայացնելիս հայտարարել էր. «Գտնում եմ, որ պարոն Ճշմարիտյանի նշանակումը տեղին է: Նա երկար տարիներ աշխատել է Կառավարությունում եւ Ազգային ժողովում: Համոզված եմ, որ նրա փորձն ու գիտելիքները կօգնեն մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Ակնկալում ենք ավելի մեծ եռանդ ու ջանք, որպեսզի կարողանանք մեր երկրի, տնտեսության առջեւ ծառացած խնդիրները միասնական ուժերով հաղթահարել»:
Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ Հ. Աբրահամյանի ակնկալիքներից որեւէ մեկը Ճշմարիտյանը չի կարողացել իրագործել. երկրի էկոնոմիկայում արձանագրվող տեսանելի հետընթացն ու այդ ֆոնին նախարարի ոչ ադեկվատ գնահատականները ցույց են տալիս, որ առաջիկայում եւս նման սպասելիքներն իզուր են: «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչով է այս օրերին զբաղված ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, երբ, օրինակ, հանրության համար այս սեզոնին առաջնային համարվող ավիատոմսերի շուկայում խայտառակ իրավիճակ է:
Պարզեցինք, որ Ճշմարիտյանի վերջին հրապարակային գործունեությունը եղել է հուլիսի 31-ին. ՀՀ էկոնոմիկայի նախարարը ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Իսկ դրան հաջորդող օրերին նախարարի գործունեության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկա: Նախարարության պաշտոնական կայքում անգամ տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք նախարարն այս օրերին հանգստանում է, որպեսզի գոնե հանրության համար պարզ լիներ, թե ուր է «անհետացել» Ճշմարիտյանը. պարզապես մատնվել է անգործությա՞ն, թե՞ մեկնել է «վաստակած» հանգստի:
Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ սա հերթական «չաշխատող» գերատեսչությունն է, որի գործունեության լավագույն գնահատականը երկրի՝ օրեցօր փլուզվող էկոնոմիկան է:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՈՐՈՇՈՒՄՈՎ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ
ՀՀ Կառավարության երեկվա նիստում ավիացիայի ոլորտին վերաբերող միանգամից երեք հարց էր ընդգրկված: Դրանց հիման վրա ընդունված որոշումները հիմնականում վերաբերում են ոլորտում իրավական փոխհարաբերությունների կարգավորմանը: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ Կառավարությունը պաշտոնապես ընդունեց, որ Հայաստանի ավիացիայի ոլորտը ծանր կացության մեջ է գտնվում, եւ փորձում են վիճակը իրավական ակտերով կարգավորել: Սակայն ողջ խնդիրն այն է, որ Հայաստանի ավիացիայի ներկա վիճակը ոչ թե իրավական ակտերի, այլ քաղաքական որոշման արդյունք է: Մասնավորապես այն որոշման, ըստ որի, Հայաստանը որդեգրեց բաց երկնքի քաղաքականությունը: Քանի դեռ Հայաստանն իր այս որոշումը չի վերանայել, ավիացիայի մասին խոսք լինել չի կարող: Հիշեցնենք, որ ՀՀ-ում «երկինքը բացվեց» ԱՄՆ անուղղակի պահանջով՝ ՀՀ նախկին վարչապետ Տ. Սարգսյանի ձեռամբ:

 

ԵՐԵՎԱԿԱՅԵԼՈՎ ԱՊՐՈՒՄ ԵՆ
ՀՀ Կառավարության երեկվա նիստում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ այս տարվա առաջին վեց ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.2 տոկոս: Ըստ նրա՝ ամենամեծ աճն առկա է գյուղատնտեսության մեջ: «Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը, մեկնաբանելով փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հայտարարությունը, նշեց. «Գյուղատնտեսության ոլորտում այս տարի աճ արձանագրվել է՝ կապված բնակլիմայական պայմանների հետ: Եւ հիմնականում դրանով է պայմանավորված տնտեսության ակտիվության աճի ցուցանիշը, քանի որ այն տնտեսության ոլորտում մեծ մասնաբաժին ունի: Սակայն ապրանքաշրջանառության մասով ունենք անկում»:
Ի դեպ, երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ծննդյան օրն էր, եւ գյուղատնտեսությանը ձոնած իր գովքը Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է նաեւ որպես ոլորտի նախարարի ծննդյան տոնի նվեր: Այլ կերպ ասած՝ մարդիկ իրենց համար երեւակայական Հայաստան են ստեղծել եւ ապրում են այնտեղ: Թվերով աճ են գրում, ուրախանում, գյուղատնտեսության նախարարն էլ իրեն ներշնչում է, թե իր շնորհիվ է գյուղացին կարողանում բերք աճեցնել:

 

ԿԸՀ ԱՆԴԱՄԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 136 հազար դոլար եւ 10 մլն դրամ: Սմբատյանը հայտնի է նրանով, որ մինչեւ ԿԸՀ անդամ դառնալը Երեւանի կենտրոնը ընդգրկող ընտրական հաձնաժողովների անդամ է եղել եւ բազմիցս մամուլում հիշատակվել է նրա անունը որպես փորձառու «թիվ գրողի» եւ բոլոր տեսակի ընտրակեղծիքները վարպետորեն քողարկողի: Ընտրություններից ազատ ժամանակ էլ նա տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել: Իսկ թե ինչպես է նա կարողացել իր հայտարարագրած գումարները վաստակել, թերեւս հասկանալի է, մի քիչ էլ իր համար է «թիվ գրել»:




Լրահոս