Որդին մորն առաջարկել է սպանել ոստիկանին. նա կալանավորված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է Հատուկ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  Վլադիմիր Գ.-ի հարևանուհու Իրինա Կ.-ի կողմից ինքնավնասում կատարելու և անչափահաս երեխաներին սպառնալիքներ տալու վերաբերյալ ահազանգի հիման վրա 2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նրանց բնակարան է այցելել ոստիկանության Բազումի բաժնի օպերլիազոր Արման Ֆ.-ն, ով ներկայացել է և տանտիրուհի Նելլի Գ.-ի հրավերով` ներս անցել: Այդ ժամանակ տանտերերը հարձակվել են ոստիկանի վրա, չենթարկվելով վիճաբանությունը դադարեցնելու մասին վերջինիս օրինական պահանջներին, աթոռներով դիտավորությամբ հարվածներ են հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դրանից հետո Վլադիմիր Գ.-ն դանակով սպառնալիքներ է տվել Արման Ֆ.-ին, ապա Նելլի Գ.-ին առաջարկել է հափշտակել նրա հաշվեցուցակային զենքը և դրանով էլ սպանել վերջինիս: Վլադիմիր Գ.-ն այդ ժամանակ փորձել է խլել օպերլիազոր Արման Ֆ.-ի զենքը, սակայն նա տանտերերին նախազգուշացրել է վիճաբանությունը շարունակելու դեպքում կրակելու մասին և արձակել է նախազգուշական կրակոց:
Վլադիմիր Գ.-ն և Նելլի Գ.-ն օպերլիազորին վայր են գցել, և շարունակել հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում Վլադիմիր Գ.-ն կրկին ոստիկանից փորձել է խլել զենքը, որից հետո Արման Ֆ.-ն կրակել է վերջինիս ոտքին:
Վլադիմիր Գ.-ն և Նելլի Գ.-ն հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Վլադիմիր Գ.-ին և Նելլի Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 34-238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Վլադիմիր Գ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս