«Ծիծեռնակաբերդը զվարճանքի տեղ չէ»: Armlur.am-ի հետ զրույցում ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նման կարծիք հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի և այն զվարճանքի կենտրոն դարձնելու Կառավարության որոշման մասին:
«Ես դա չեմ հասկանում, դա օրինական չէ, օրենքի խախտում է բոլոր տեսակետից: Եվ Մարզահամերգային համալիրը և Ծիծեռնակաբերդը ամբողջությամբ ընդգրկված են հուշարձանբների պաշտպանության ցանկում: Նրանք որևէ խնդիր չունեին նորացման, նրանք պահպանման խնդիր ունեն միայն: Եթե վաճառում էին, կարող էին պայման դնել, որ նշանակությունը պահպանվի: Ինչ կապ ունի կողքի խաղատունը կամ զվարճանքի կենտրոնը այդ օբյեկտի հետ: Այդ տարածքը պետական տարածք է և օտարման ենթակա չէ: Իսկ ես հասկացա, որ եթե այդ տարածքը սեփականաշնորհվի, ապա կկարողանան կառուցել տարբեր շինություններ: Իսկ ով է թույլ տալիս հանրային օգտագործման, առավել ևս հուշարձանների պահպանության տակ գտնվող օբյեկտը սեփականաշնորհել: Որոշման մեջ ասվում է, որ շինությունները պետք է կառուցվեն տարածքում: Ո՞ր տարածքում, գուցե այնտեղ եղած ապօրինի ռեստորանի տարածքը նկատի ունեն»,- դժգոհություն հայտնեց ճարտարապետը:
Քալաշյանի խոսքով` այն, որ Համալիրը գնած ընկերությունն ընդամենը 20 օր առաջ է ստեղծվել, ևս կասկածի տեղիք է տալիս. «Այդտեղ ավանտյուրայի մոմենտներ կան և դա պետք է պարզվի: Հայաստանում պետական մտածելակերպ չկա, մենք ամեն ինչը շրջանցելու ճանապարհով ենք լուծում, որովհետև բիզնեսի շահը շատ ավելի կարևոր է, իսկ մշակույթը, բարոյական հարցերը ոչ թե երկրորդական են, այլ` 10-րդական»: