2007թ. օգոստոսի 25-ին Վանաձորում աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել. կեսգիշերն անց իր տնից ընդամենը 50 մետր հեռավորության վրա սպանվել էր Լոռու մարզի գլխավոր դատախազ Ալբերտ Ղազարյանը՝ հրազենային 4 վնասվածք ստանալով:
Դատախազի ողբերգական մահից անցել է 8 տարի, սակայն մինչ օրս սպանությունը պաշտոնապես համարվում է չբացահայտված: Որևէ մեկը սպանության համար պատասխանատվություն չի կրել:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը Հատուկ քննչական ծառայության վարույթում է: 2007 թվականի օգոստոսի 25-ին հարուցված քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել 2007 թվականի դեկտեմբերի 10-ին: Դեպքից մեկ տարի անց՝ 2008 օգոստոսի 25-ին քրեական գործով վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառով:
Այդուհանդերձ, դատախազի մտերիմներն ու մի շարք վանաձորցիներ վստահ են՝ մեղադրյալների անունները բոլորին են հայտնի, այդ թվում՝ իրավապահ մարմիններին, պարզապես ծածկադմփոց անելու շահագրգռվածություն շատերն ունեն:
Ո՞ւմ է ձեռնտու դատախազի սպանության գործի կոծկումը
Դեպքից անմիջապես հետո սկսվեցին լուրեր շրջանառվել, թե գլխավոր մեղավորների ցանկում են Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, այլ ներկա և նախկին պաշտոնյաներ, հեղինակություններ:
Մեղավորների շրջանակը, դատախազին ճանաչողների խորին համոզմամբ, մշտապես մեծանում է և ներկայիս անորոշ վիճակից ելնելով` դեռևս կմեծանա: Իսկ թե ովքեր են վերը նշված անձանցից հարցաքննվել, ինչ հանգամանքներ են բացահայտվել կամ պարզ դարձել, որ հարցերին են պատասխաններ տրվել, դժվար է ասել:
Ինչպես է դեպքը տեղի ունեցել
Նշված օրը անհայտ անձը Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի ուղղությամբ 4 կրակոց էր արձակել` դեպքի վայրում թողնելով «Մակարով» տեսակի ատրճանակի նույնքան պարկուճ: Արդյունքում դատախազը ստացել էր երեք միջանցիկ և մեկ կույր վնասվածք` թիկունքի, ուսերի և պարանոցի շրջանում: Սովորաբար ոտքով աշխատանքի գնացող և տուն վերադարձող դատախազին մարդասպանը թույլ չէր տվել մոտենալ առանձնատանը, քանի որ մուտքի մոտ տեսախցիկներ էին տեղադրված: Դեպքի օրը դատախազի հետ էր եղել միայն հեղինակություն համարվող վանաձորցի Գառնիկ Ղաբուզյանը` Գոջո մականունով, ով առաջին կրակոցից հետո փախուստի էր դիմել: Ալբերտ Ղազարյանի սպանությունից հետո սկսեցին շրջանառվել տարբեր վարկածներ:
Տեղեկություններ տարածվեցին, որ Լոռու մարզի նախկին դատախազը մարզի՝ արդեն հիշատակված պաշտոնյաների մասին որոշակի բացահայտումներ էր կատարել, որոնք պատրաստվում էր հրապարակել, և հենց այդ պատճառով էլ Ալբերտ Ղազարյանին «լռեցրին»:
Ալբերտ Ղազարյանի կողմից արված բացահայտումները
Տեղի ունեցած սպանությունից հետո սկսեցին մեղավորների անուններ շրջանառվել, որոնց մասին արդեն նշվեց: Ըստ Վանաձորում շրջանառվող լուրերի՝ սպանությունը կապ ունի Վանաձորի մաքրման կայանում տեղի ունեցած գողությունների հետ, որոնք ահռելի մեծ գումարների հետ էին կապվում, և որոնց վերաբերյալ տեղեկություններ է իմացել դատախազ Ալբերտ Ղազարյանը: Հենց այս գողություններում նշվում էին նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի, քաղաքապետ Սամվել Դարբինյանի և այլ պաշտոնայների անուններ: Ըստ նույն լուրերի, դատախազին հայտնի են եղել նաև Վանաձորում ապօրինի ծառահատումների վերաբերյալ աղաղակող փաստեր: Այդ ամենը ևս կապվում էր Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի անվան հետ, իսկ ավելի ստույգ` նրա եղբոր և աներորդու, ինչպես նաև նրանց մտերիմ մի քանի գնդապետերի, որոնք փայտի մշակման գործարան ունեն: Ալբերտ Ղազարյանն էլ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով գողությունների գործով նախաքննությունն ավարտվել է. շուտով կհրապարակի կասկածյալների անունները: Նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել նաև Հանրային հեռուստաընկերությունը:
Հայտարարություն, սակայն, այդպես էլ չեղավ. Ալբերտ Ղազարյանը սպանվեց: Թե ինչպես կզարգանային իրադարձությունները Ղազարյանի ողջ մնալու պարագայում, դժվար չէ պատկերացնել, ուստի հասկանալի է, որ Լոռու գլխավոր դատախազին վերացնելը շատերին էր ձեռնտու:
Ավելորդ չենք համարում նշել, որ հարուցված քրեական գործը Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով է, այն է` դիտավորյալ սպանություն, որը կապված է անձի` պաշտոնական պարտականությունները կատարելու հետ: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, գործի վարույթը կասեցվել է:
Հ.Գ. Թե որքանով է դատախազությանը պատիվ բերում գործընկերոջ սպանությունը չբացահայտելը, դա թող որոշեն իրենք:
Ավելորդ չենք համարում նկատել, որ վանաձորցիները Լոռու գլխավոր դատախազ գեներալ Ալբերտ Ղազարյանի հետ մեծ հույսեր էին կապում. նա անկախ էր, որևէ կուսակցության չէր պատկանում, բացահայտել էր մի շարք ապօրինություններ, մասնավորապես կապված բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Իսկ նրա անժամանակ մահից հետո բոլոր նրանք, ովքեր կասկածվում էին սպանությանն ինչ-որ կերպ մասնակցություն ունենալու մեջ, այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում՝ խուսափելով արդարադատությունից:
Թեպետ վանաձորցիներն այդ ժամանակ մեծ հույսեր ունեին, որ սպանությունը կբացահայտվի «տաք հետքերով», սակայն վերջին հույսերն արդեն մարում են: Ավելին, նրանք վստահ են, որ սպանությունը եղել է պատվիրված և բացառապես ՀՀ վերնախավի «դաբրոյով»:
Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում:
Օգտագործվել են կադրեր YerkirMedia.TV-ից:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան