Այն, թե Հայաստանի իշխանությունները եւ հատկապես Կառավարությունն ինչպես են տարբեր ճոխությունների եւ «քեֆերի» վրա գումար ծախսում, ուղղակի տարակուսանք է առաջացնում: Կարելի է կարծել, որ այս մարդիկ չեն գիտակցում, թե Հայաստանի տնտեսությունում ինչ է կատարվում, կամ էլ գիտակցում են, բայց իրենց բացարձակ այդ ամենը հետաքրքիր չէ, եւ թքած ունեն, որ տարեվերջին պետբյուջեում կարող է գումար չլինել՝ թոշակ եւ աշխատավարձ վճարելու համար: Ինչպես հայտնի է՝ այս տարվա հուլիսին հարկերից եւ տուրքերից պետբյուջեի եկամուտները նույնիսկ անցած տարվա ցուցանիշի չափ չեն եղել: Մեկ ամսվա կտրվածքով անկումը կազմել է 2 միլիարդ դրամ: Սա այն դեպքում, երբ պետբյուջեի պլանը կատարելու համար անհրաժեշտ է, որ այս տարվա մուտքերն անցած տարվանից մոտ 20 տոկոսով ավել լինեն:
Զուտ անցած տարվանից պակաս լինելու հանգամանքը, սակայն, այս դեպքում իրավիճակի ողջ ողբերգությունը չի բնութագրում: «Ժողովուրդ»-ի նախորդ համարում նշել ենք, որ այս տարվա յոթ ամիսների արդյունքներով ՀՀ պետական բյուջե մուտքագրված հարկերը եւ տուրքերը կազմել են 592 միլիարդ 71 միլիոն դրամ: Այս ցուցանիշը եւս անցած տարվա յոթ ամիսներին հավաքագրված հարկեր-տուրքերից պակաս է մոտ 700 մլն դրամով:
Սակայն, ողջ խնդիրն այն է, որ ըստ ՀՀ պետական բյուջեի պլանի՝ երրորդ եռամսյակի արդյունքներով՝ հարկերից եւ տուրքերից եկամուտները պետք է կազմեն 827 միլիարդ 459 միլիոն դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ պետական բյուջեի պլանը կատարելու համար օգոստոսին եւ սեպտեմբերին անհրաժեշտ է լինելու հարկերի եւ տուրքերի տեսքով հավաքագրել ընդհանուր 235 միլիարդ 388 միլիոն դրամ: Կարող ենք ասել, որ նման ցուցանիշի արձանագրումը բացառվում է: Օգոստոսի եւ սեպտեմբերի հարկային մուտքերի ցուցանիշը լավագույն դեպքում կարող է հուլիսին արձանագրված թվի սահմաններում լինել:
Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ նշված երկու ամիսների մուտքերն ավանդաբար ավելի պակաս են լինում, քան հուլիսինը: Այսինքն՝ օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին պետբյուջեի հարկերից եւ տուրքերից մուտքերը լավագույն դեպքում լինեն ամսական 90 միլիարդ դրամի սահմաններում: Ասել է թե՝ երրորդ եռամսյակի արդյունքներով պետական բյուջեի մուտքերը հարկերից եւ տուրքերից թերակատարված է լինելու 50-ից 55 միլիարդ դրամով:
Նշենք, որ ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ պետական բյուջեով նախատեսված 1 տրիլիոն 399 միլիարդ 274 միլիոն դրամ ծախսերից 815 միլիարդ 897 միլիոնն արդեն ծախսված է: Մինչդեռ հիշեցնենք, որ յոթ ամիսների արդյունքներով հավաքագրվել է 592 միլիարդ 71 միլիոն դրամ: Այս իրավիճակում ստացվում է, որ Հայաստանի պետբյուջեն «նիսիայով» է թոշակ եւ աշխատավարձ վճարում:
Ավելին՝ այսօր արդեն ակնհայտ է, որ առաջիկա ամիսներին, մեղմ ասած, ոչ մի լավ բան չի կանխատեսվում: Այսինքն՝ եթե Հայաստանի տնտեսությանը հաջողվի պայթյուններից խուսափել, ապա լավագույն դեպքում կհաջողվի այսօրվա իրավիճակը պահպանել: Ինչը ենթադրում է, որ հարկերից եւ տուրքերից պետական բյուջեի մուտքերը հաջորդ ամիսներին լինելու են միջինը 90 միլիարդ դրամի սահմաններում: Այս պահին առկա են միայն այս տարվա յոթ ամիսների տվյալները, եւ եթե դրանց ավելացնենք նաեւ հաջորդող 5 ամիսների մոտավոր 450 միլիարդ դրամի մուտքերը, ապա ստացվում է, որ տարեվերջին պետբյուջեի ընդհանուր մուտքերը հարկերից եւ տուրքերից կկազմեն մոտ 1 տրիլիոն 40 միլիարդ դրամ: Սա այն դեպքում, երբ պետական բյուջեի պլանով հարկերից եւ տուրքերից տարեկան եկամուտները պետք է կազմեն 1 տրիլիոն 140 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած՝ արդեն իսկ ակնհայտ է, որ տարեվերջին պետական բյուջեն մոտ 100 միլիարդ դրամով թերակատարվելու է:
Ի դեպ, ՀՀ պետական բյուջեի մեկ ամսվա միջին ծախսը կազմում է հենց 100 միլիարդ դրամ: Այսինքն՝ ներկա ցուցանիշները վկայում են, որ տարեվերջին պետական բյուջեն մեկ ամսվա գումարի պակասուրդ է ունենալու: Էլ չենք ասում, թե ինչ տեղի կունենա, եթե հանկարծ դրամը շարունակի արժեզրկվել: Բայց այս ամենն այդքան ողբերգական եւ վտանգավոր չէր լինի Հայաստանի համար, եթե իշխանությունները գիտակցեին երկրի տնտեսությանը սպառնացող վտանգները, եւ նրանց գործողություններն ուղղված լինեին խնդիրների հաղթահարմանն ու վտանգների չեզոքացմանը: Բայց մարդիկ զբաղված են իրենց աշխատասենյակների պատերը ոսկեզօծելով, թանկարժեք կահույքներ գնելով եւ իրենց ջահելների համար տարատեսակ «քեֆեր» կազմակերպելով:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ