Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև մեկ տարով հետաձգեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու հարցը: Նախագծով առաջարկվում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի խաղաղ պայմաններում զինծառայողների զոհվելու դեպքերով հարուցված քրեական գործերը և կապահովի դրանց թափանցիկությունը:
Հիմնական զեկուցող, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ կան շատ դեպքեր, երբ խաղաղ պայմաններում զինծառայողների զոհվելու դեպքերով հարուցված քրեական գործերը անաչառ քննության չեն ենթարկվում և հետո կասեցվում են:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում նշեց, որ գաղափարը շատ լավն է, սակայն ներկայացված նախագծում կան բազմաթիվ խմբագրական սխալներ, որոնք շտկելու կարիք ունեն: «Ես առաջարկում եմ հետաձգել նախագիծը, որովհետև այս տեսքով չենք կարող այն քվեարկել: Կան խմբագրական սխալներ, իրավական ձևակերպումները ճիշտ չեն: Ես պատրաստ եմ աշխատել հեղինակի հետ, որպեսզի շտկենք այդ սխալները և կրկին քննարկել, որովհետև գաղափարը լավն է և շատ կարևոր», ասաց Ջհանգիրյանը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ ընդգծեց, որ ողջունում է գաղափարը, սակայն նախագիծը փոփոխությունների կարիք ունի: