Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը` այսօր «Ոչ թալանին» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել Ազատության հրապարակում:
Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը հայտնեց, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց քաղաքապետարանի կողմից նախապես գծված երթուղիով շարժվել և չխախտել օրենքը: Armlur.am-ի հարցին` եթե ամեն դեպքում ակտիվիստները որոշեն շարժվել դեպի Բաղրամյան պողոտա, ինչ քայլեր են լինելու ոստիկանության կողմից, փոխոստիկանապետը պատասխանել է. «Ոստիկանությունն այլևս հանդուրժողականություն չի դրսևորելու և օրենքով սահմանված կարգով պահպանելու է հասարակական կարգը»:
Իսկ հստակեցնող հարցին` ինչպես է պահպանվելու հասարակական կարգը, արդյոք լինելու են բերման ենթարկելու դեպքեր, Վ. Օսիպյանը չի բացառել: «Հասարակական կարգը պահպանելու համար հնարավոր է նաև բերման ենթարկելու դեպքեր լինեն»:
Ի դեպ Վալերի Օսիպյանը հայտնել է, որ իրենց տեղեկություններ են հասել այն մասին, որ ակտիվիստների շրջանում սադրիչներ կան, ովքեր ամեն բան անելու են Բաղրամյան պողոտա գնալու համար: Իսկ «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Հակոբյանն էլ իր հերթին է տեղեկացրել, որ իրենց հասած տեղեկություններով` կան քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր փորձելու են խափանել ակցիայի բնականոն ընթացքը:
Մանրամասները Armlur.am-ի տեսանյութում