ՀՀԿ-ականը հորդորում է «Կիկոսի մահը» չդարձնել Քոչարյանի վերադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում չէր բացառել իր վերադարձը մեծ քաղաքականություն: «Երբեք մի ասա երբեք»,-հայտարարել էր Ռ. Քոչարյանը:

«Դա թերեւս ամենից շատ քննարկվող եւ ինձ համար ամենից փակ թեման է: Քաղաքականության մեջ ասում են` երբեք մի ասա երբեք: Ես ինձ հիանալի եմ զգում այն կարգավիճակում, որ հիմա ունեմ, սակայն դժվարանում եմ ասել` ապագայում այդ ամենը ինչ զարգացում կունենա: Չեմ ուզում որոշակի հստակություն մտցնել այս հարցում, եւ առաջին հերթին այն պատճառով, որ այդ հստակությունը չկա: Անձնական ցանկություն` վերադառնալ, մտնել այդ ամենի մեջ, կրկին վերցնել պատասխանատվության այդ բեռը, չկա, սակայն միշտ էլ կան որոշակի հանգամանքներ», -հավելել էր Քոչարյանը:

Այս հարցազրուցից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, միմյանց հերթ չտալով, սկսեցին հնարավորինս շատ ու հաճախ խոսել Ռ. Քոչարյանի վերադարձի ոչ իրատեսականության մասին՝ բացառելով նախկին նախագահի լուրջ դերակատարությունը Հայաստանի քաղաքական զարգացումներում: Սակայն գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի «քարոզիչներն» են պետք եղած ժամանակ «ակտիվացնում» Քոչարյանի գործոնը` հանրությանը «վախեցնելով» Քոչարյանով ու հիշեցնելով նրա պաշտոնավարման տարիները: Եվ սա արվում է միայն նրա համար, որ հանրությանը համոզեն, որ Ս. Սարգսյանն ավելի լավն է, եւ միայն նոր Սահմանադրության միջոցով կարող են «արգելափակել» Ռ. Քոչարյանի վերադարձը իշխանության:

Դա էր պատճառը, որ օրերս «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարեց. «Մի բան կարող եմ ասել. Միքայել Մինասյան, հոգնեցինք այս թեմայից: Ուրիշ առավել աշխատող մի բան մտածեք: Քոչարյանով վախեցնելը, թե Սերժ Սարգսյանը նրա ֆոնին ավելի լավն է, այնքան էլ լավ տարբերակ չէ: Իսկապես ձանձրացանք»:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են ՀՀԿ-ում այդքան ահաբեկված այն մտքից, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ ակտիվ քաղաքականություն:

-Պարո՛ն Նիկոյան, ամեն անգամ, երբ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս ու ակնարկում իր քաղաքականություն վերադառնալու մասին, ՀՀԿ-ականները իրար են «խառնվում», ամեն մեկն իր հերթին բացառում է Քոչարյանի վերադարձը՝ հայտարարելով, թե նա շանս չունի: Ինչո՞ւ են ՀՀԿ-ում մշտապես «ահաբեկված» Քոչարյանի վերադարձից:

-Անկեղծ ասած, ես Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը չեմ կարդացել, եկեք Կիկոսի մահը չդարձնենք, երբ գա ժամանակը, որեւէ քաղաքական գործիչ, որեւէ քաղաքական ուժ, կուսակցություն հստակ իր դիրքորոշումները կարտահայտի ու գործնական դրսեւորումներ կունենա, այդ ժամանակ էլ մենք կխոսենք, ես իմ տեսակետն այդ ժամանակ կներկայացնեմ: Ես այժմ չեմ կարող խոսել մի բանի մասին, որտեղ գործողություն չկա:

-Բայց Ռ. Քոչարյանի նմանատիպ յուրաքանչյուր հայտարարությունից, նաեւ այս վերջինից հետո ամեն կերպ փորձ է արվում նախկին նախագահի վերադարձը «կանխել»՝ հանրությանը «վախեցնելով» ու հիշեցնելով նրա պաշտոնավարման տարիները: Ինչո՞ւ է իշխանություններին այդչափ անհանգստացնում Ռ. Քոչարյանը:

-Դուք եք ինչ-որ ինտրիգաներ առաջացնում: Յուրաքանչյուր քաղաքացու համար հետաքրքիր է, երբ առաջին կամ երկրորդ նախագահները որեւէ կարեւոր իրադարձության մասին իրենց կարծիքն են ասում: Դրան կարելի է նորմալ վերաբերվել, բայց որ ինչ-որ հետեւություններ են անում կամ կոնկրետ կարծիքներ են արտահայտում , թե ինչ է լինելու ապագայում, ինչ կլինի դրանից հետո եւ այլն, ապա ես ասում եմ, որ անիմաստ է դրա մասին խոսել, երբ չկա գործողությունը: Երբ կլինի այդ «հետոն», այդ ժամանակ էլ մենք կխոսենք, կասենք մեր դիրքորոշումը, կարծիք կարտահայտենք: Ուղղակիորեն մենք կարող ենք խոսել, եթե կա գործնական դրսեւորում, բայց եթե չկա գործնական դրսեւորում, ապա ինչի մասին մենք կարող ենք խոսել: Ում եք տեսել իշխանության ներկայացուցիչներից, որոնք ահասարսուռ են այդ հարցազրույցից հետո: Շատ նորմալ է, եթե որեւէ քաղաքական գործիչ կուսակցության անունից կամ իր անունից հստակ դիրքորոշում է արտահայտում, դրան պետք է նորմալ վերաբերվել, ես դրանից չեմ հասկանում, որ որեւէ մեկը ահասարսուռ վիճակի մեջ է:

-Բայց տեսակետ կա, որ դա արվում է միտումնավոր` Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները անցկացնելու համար, քանի որ վտանգ կա, որ իշխանություններին չի հաջողվելու կյանքի կոչել նոր նախագիծը:

-Ես որեւիցե վտանգ չեմ տեսնում Ռ. Քոչարյանի խոսքերում, առաջ չընկնենք, Կիկոսի մահը չսարքենք, մտացածին սցենարների մասին չխոսենք: Երբ կգա կոնկրետ գործնական դրսեւորման պահը, այդ ժամանակ էլ ես կպատասխանեմ, կասեմ իմ դիրքորոշումը Ձեր հարցերի հետ կապված: Դուք «եթե»-ներով հարց եք ուղղում ու ուզում եք, որ ես այդ ամենին կոնկրետ պատասխան տամ, իսկ դրան պատասխան չկա, քաղաքականության մեջ չի կարելի «եթե»-ներով խոսել, դիրքորոշում արտահայտել: Երբ կլինեն գործնական դրսեւորումներ, այդ ժամանակ հարց կուղղեք, ես էլ կպատասխանեմ, իմ վերաբերմունքը կասեմ, չարժի վերաբերմունք արտահայտել մի պրոցեսի մասին, որը դեռեւս չկա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս