ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչները դժգոհում են քաղաքի բաց կոյուղիներից: Նրանց պատմելով՝ հատկապես ամռան ամիսներին քաղաքով մեկ գարշահոտություն է տարածվում: Ավելի քան երեք տարի է, ինչ մասիսցիները պայքարում են այս խնդրի կարգավորման համար, սակայն առայժմ անօգուտ: «Կանաչ Մասիս» ՀԿ-ի իրավաբան Ռոբերտ Ռեւազյանի խոսքերով՝ խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ Արարատյան դաշտում ավելացել են արտեզյան հորերը: Արդյունքում քաղաքի դրենաժային համակարգի խոշոր հորերը, որոնք նախկինում օգտագործվել են ճահիճները չորացնելու համար, հիմա ցամաքել են, դրանցով ջուր չի հոսում, փոխարենը կոյուղիներն են լցվում այնտեղ, ինչից էլ առաջացել է բաց կոյուղային համակարգ:
Տեղեկացնենք, որ Մասիս քաղաքում առկա են բազմաթիվ ջրանցքներ, որոնք նախատեսված են եղել ցամաքուրդային (դրենաժային) ջրերի հեռացման համար: Սակայն ժամանակի ընթացքում կոյուղու բացակայության պատճառով այդ ջրանցքների մեջ են ուղղվել քաղաքի կոյուղաջրերը: «Կանաչ Մասիս» ՀԿ-ի իրավաբան Ռոբերտ Ռեւազյանի խոսքերով՝ դրենաժային ջրերի խիստ նվազման պատճառով նշված ջրանցքների մի մասն ընդհանրապես չորացել է, իսկ մյուս մասի միջով հոսում են միայն կոյուղաջրեր: «Այսինքն՝ դրենաժային ջրերի հեռացման համար նախատեսված ջրանցքները ժամանակի ընթացքում փաստացի վերածվել են բաց կոյուղատարների: Այս տարիների ընթացքում թեեւ մի քանի անգամ դրանք մաքրելու փորձ է արվել, բայց այդպես էլ խնդիրը չի լուծվել: Եւ այդ եղանակով չի էլ կարող լուծվել»,- հավելեց Ռեւազյանը:
Իրավաբանի համոզմամբ՝ կոյուղաջրերի բաց արտահոսքը տարբեր հիվանդությունների առաջացման եւ տարածման վտանգ է ներկայացնում, չհաշված շրջապատում տարածվող գարշահոտությունը եւ տհաճ տեսարանը: Այս խնդրի կարգավորման համար ՀԿ-ն մի լուծում է առաջարկում. նախկինում դրենաժային ջրերի հեռացման համար նախատեսված ջրանցքների փոխարեն պետք է ստեղծել փակ կոյուղատար համակարգ: Եւ սա իրագործելու համար անհրաժեշտ է ՀՀ Կառավարության օժանդակությունն ու վերահսկողությունը: Սակայն ըստ «Կանաչ Մասիս» ՀԿ-ի՝ Կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում:
Ռ. Ռեւազյանի խոսքերով՝ Մասիս քաղաքում առկա իրավիճակը ստեղծվել է Արարատյան դաշտավայրի ինքնաշատրվանող աղբյուրների ցամաքելու պատճառով: «Հետեւաբար ցամաքեցին նաեւ այդ ջրանցքները: Հիմա արդեն կոյուղաջրերը սկսել են թափվել այդ ջրանցքներ, ինչի հետեւանքով ուղղակի ահավոր գարշահոտություն է տարածվել այդ տարածքում: Եւ դա ավելի սուր զգացվում է հատկապես ամռան ամիսներին, չհաշված հակասանիտարական վիճակը եւ տհաճությունը: Ու այս ամենը քաղաքի կենտրոնական հատվածներում է, որովհետեւ այդ ջրանցքները հենց այդ տարածքում են»,- ներկայացրեց ՀԿ-ի իրավաբանը:
Այս խնդրի կապակցությամբ «Կանաչ Մասիս» ՀԿ-ն հուլիսին դիմել է ՀՀ Կառավարությանը. «Տեղի իշխանությունները ի զորու չեն այս խնդիրը կարգավորել, սա միայն Կառավարության իրավասությունների շրջանակներում է: Այս պատճառով էլ մենք դիմեցինք Կառավարություն: Սակայն ապարդյուն: Գործադիրը մեր խնդրանք-դիմումը մերժեց»:
Կառավարությունը «Կանաչ Մասիս»-ի խնդրանք-դիմումին ի պատասխան՝ ուղարկել է հետեւյալ գրությունը. «ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի կոլեկտորադրենաժային միջոցով կոյուղաջրերի հեռացման խնդիրը կարգավորելու եւ նոր փակ կոյուղատար համակարգ կառուցելու համար կպահանջվեն մեծ ֆինանսական միջոցներ: Ներկայումս «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն գտնվում է ծանր ֆինանսական վիճակում եւ չունի համապատասխան միջոցներ՝ իրականացնելու նմանատիպ լայնածավալ շինարարական աշխատանքեր: Նկատի ունենալով հարցի կարեւորությունը՝ ֆինանսերի առկայության դեպքում բարձրացված հարցը հաշվի կառնվի:
Առայժմ ստեղծված իրավիճակը մեղմացնելու նպատակով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն իր հնարավորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կձեռնարկի նշված ջրանցքների մաքրման աշխատանքներն իրականացնելու նպատակով»: «Այս պատասխանից ենթադրում ենք, որ իրենք նպատակահարմար չեն գտնում խնդիրը կարգավորել: Կառավարությունը որեւէ կերպ չի փորձում լուծել այս խնդիրը»,- եզրահանգեց ՀԿ-ի իրավաբան Ռեւազյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ջրահեռացման բաժնի պետ Հենրիկ Վարդանյանի հետ. «Խնդիրը կապված է կոյուղագծի հետ. լցվածության մակարդակը նորմերից բարձր է եղել: Խնդիրը մասամբ է լուծված: Այսինքն՝ բնակիչների կոյուղաջուրը լցվում է դրենաժային համակարգ, որը նորմալ չէ: Դա գլոբալ լուծում է պահանջում. նախ՝ հսկայական չափերի կոյուղագծեր պետք է կառուցվեն, ապա Մասիս քաղաքի համար պետք է պոմպակայան կառուցվի, հետո՝ կոյուղու մաքրման կայան: Իսկ այս ամենը կառուցելու համար մեծ չափի գումար է պետք: Այս խնդիրը մեր տեսադաշտում է»:
Հ.Գ. Ի դեպ, Մասիսի բնակիչները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ տեւական ժամանակ է, ինչ Երեւան-Մասիս տանող ճանապարհին հսկայական ծավալով խողովակներ են ապամոնտաժվում, ապա տեղափոխվում Մասիս քաղաքի շենքերի մոտ եւ հանվում վաճառքի: Մասիսցիները վստահ են, որ երկար տարիներ իրենց անհանգստացնող այս խնդիրը հնարավոր է ապամոնտաժված խողովակներով լուծել: Սակայն քաղաքային իշխանությունը դա հնարավոր չի համարում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ