Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են կենսաապահովման տարաբնույթ աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ տարի քաղաքապետարանի ծրագրով և «Երևան ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաև մասնավոր ընկերությունների կողմից մայրաքաղաքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունները հիմնականում վերացված են:

Քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում:
Զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 16 արձանագրություն, որից 7-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար: Վերականգնվել և փոխարինվել է 20 ճանապարհային նշան, կատարվել են գծանշման աշխատանքներ: Մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակներում շարունակվում է ուժեղացված հսկողությունը կրթական հաստատություններին հարակից տարածքներում: Հանձնարարվել է հասարակական տրանսպորտի երթևեկի ժամանակացույցը պահել ամենօրյա խիստ հսկողության տակ:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 17 վարչական արձանագրություն: Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ 7 վարչական շրջաններում կատարված ստուգայցերի ընթացքում 23 արձանագրություն է կազմվել:

Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:
Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 61 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
Մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման և ծաղկապատման, խոտհնձի և ոռոգման աշխատանքները: Ընթացքի մեջ են 2016 թվականի ծաղկասածիլների ներկրման աշխատանքները:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են կենսապահովման ոլորտի տարաբնույթ աշխատանքները: Զեկուցվել է, որ շարունակվում են տարածքի արտաքին լուսավորության նոր ցանցի կառուցման աշխատանքները: Խմելու ջրի և ոռոգման խնդիրը լուծելու նպատակով էլ կառուցվում են նոր ջրագծեր, տեղադրվում նոր պոմպեր։ Բացի այդ , զեկուցվել է, որ ավարտվել են նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Էլեկտրամատակարարումն ապահովելու համար տեղադրվում են նոր հենասյուներ, կառուցվում են ենթակայաններ: Հարկ է նշել, որ Նոր Խարբերդ թաղամասում կառուցվել է նաև գազատար, որով առաջին անգամ ապահովվել է գազի մուտքը թաղամաս։ Պատասխանատուներին հանձնարարվել է հետևողականորեն շարունակել աշխատանքները:




Լրահոս