Ադրբեջանում քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Armlur.am-ը ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից տեղեկանում է, որ դեռևս օգոստոսի 31-ին Քննչական կոմիտեն ՀՀ Ոստիկանությանը պաշտոնական գրություն է ուղարկում` պահանջով գտնել Վահան Մարտիրոսյանին և օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով թույլ չտալ նրան ու իր ընտանիքին դուրս գալ երկրից. «Դա պաշտոնական հանձնարարություն է եղել ոստիկանությանը»: Նշենք, որ Վահան Մարտիրոսյանը մեղադրվում էր իր ծանոթուհու տնից խոշոր չափի գումար գողանալու մեջ:
Իսկ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ տեղեկացրեց, որ օգոստոսի 25-ին երեկոյան ժամը 21:35-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն հաղորդում է ներկայացրել քաղաքացի Ռ. Մարգունի և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել:
Նյութեր են նախապատրաստվել, որն օգոստոսի 27-ին ուղարկվել է Արաբկիրի քննչական բաժին: Հաջորդ օրը հարուցվել է քրեական գործ: Այնուհետև ոստիկանության Արաբկիրի բաժին Արաբկիրի քննչականից սեպտեմբերի 1-ին ստացվել է օգոստոսի 31-ի գրությունը, որով ոստիկանությանը հանձնարարվում է պարզել հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, գտնվելու վայրը և այլն: ՀՀ կառավարության որոշման համաձայն` ոստիկանությունը սահմանային էլեկտրոնային համակարգ տվյալներ կարող է մուտքագրել հետախուզում հայտարարելու և խափանման միջոց ընտրելու պահից սկսած: Իսկ այդ ժամանակ Վահան Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չի եղել, ինչպես նաև հետախուզում հայտարարված չի եղել:
Ահարոնյանի խոսքով` սեպտեմբերի 2-ին Արաբկիրի քննչական բաժնից տրված որոշման հիման վրա, նույն օրը Վահան Մարտիրոսյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Վահան Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է ստորագրությունը չհեռանալու մասին:
Այստեղ հատկանշական է, որ Վահան Մարտիրոսյանը մի քանի օր է ինչ խուսափում էր իրավապահներից, նման վարք էր դրսևորում և անհասկանալի է, թե ինչու է քննիչը ստորագրությամբ չհեռանալու մասին որոշում կայացրել կալանավորելու փոխարեն
Ոստիկանության լրատվական վարչության պետը նաև մեզ փոխանցեց, որ Վահան Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի մասին քննիչը Ոստիկանության Արաբկիրի բաժին տեղյակ չի պահել:
Վերջում հավելենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում այլ մանրամասներ չներկայացրեց օգոստոսի 31-ին իրենց ուղարկած գրության և գործի հետագա ընթացքի վերաբերյալ` պատճառաբանելով, որ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն, որում ամեն ինչ կներկայացնեն: Դե ինչ, մնում է սպասել Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը, որով հուսով ենք նրանք կկարողանան բացատրել իրենց քննիչների, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ գործողությունները և օրենքի ուժ չունեցող որոշումները:
Քրիստինա Աղալարյան