Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների՝ ՀՀ նախագահի ընտրություններում ամենավատ ցուցանիշը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի համար ապահովել են ՀՀԿ Երեւանի կառույցները: Եղել են անգամ վարչական շրջաններ, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանին ավելի շատ են ձայն տվել, քան Ս. Սարգսյանին, կամ էլ, լավագույն դեպքում, ձայները բաշխվել են հավասարապես:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ մի քանի պատասխանատուների հետ:
Դավթաշեն վարչական շրջանն ընգրկող թիվ 5 ընտրատարածքց ԱԺ պատգամավոր ընտրված ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ (այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 14.407 ձայն, Սերժ Սարգսյանը՝ 15.333 ձայն)
-Պարո՛ն Գեւորգյան, Դուք, լինելով Դավթաշեն վարչական շրջանի ՀՀԿ-ի պատասխանատուն, ինչո՞ւ չկարողացաք բարձր ցուցանիշ ապահովվել ՀՀԿ առաջնորդի համար: Ի՞նչն էր պատճառը, որ լավ չեք աշխատել:
-(ծիծաղում է-Ս. Գ.) Ի՞նչ թվերի մասին է խոսքը, դրա վատը ո՞րն է: Այն, որ թեկնածուները հավասար ձայներ են ստացել, դա փաստում մի իրողության մասին, որ մենք ապրում ենք շատ ժողովրդավար երկրում:
-Ձեր կարծիքով՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը գո՞հ է Ձեր կատարած աշխատանքից:
-Առավել ձայներ հավաքելու խնդիր դրված չի եղել: Ու ընդհանրապես, ձայները հավաքելը մեկ օրվա աշխատանք չէ: Մեր մոտի թվերով երեւում է, որ Դավթաշենում առավել ձայները հավաքել է Սերժ Սարգսյանը, եւ դա շատ նորմալ է: Իհարկե ես գոհ եմ իմ կատարած աշխատանքից, քանի որ առանց որեւէ պրոբլեմի, առանց կուրյոզ վիճակների, շատ խաղաղ ու հանգիստ անցան ընտրությունները: Եվ դա վերաբերում է ամբողջ քարոզարշավի ընթացքին ու նաեւ ընտրությունների օրվան: Պատասխանատուն եղել է վարչական շրջանի ղեկավարը՝ որպես իշխող կուսակցության անդամ: Ինձ համար գերխնդիր էր, որ արդար եւ մաքուր ընտրություն լիներ, ինչը հաջողվեց ապահովել:
-Քարոզարշավի ժամանակ մի միջադեպ գրանցվեց Դավթաշեն վարչական շրջանում՝ հայտնի Չեբուրաշկայի պատմությունը, ինչը, ըստ լուրերի, շատ էր բարկացրել Ս. Սարգսյանին: Ի՞նչ եք կարծում, արձանագրված վատ ցուցանիշները դրա հետ կապ ունեի՞ն:
-Ես չեմ կարողանում Ձեր ընկալումը հասկանալ՝ Չեբուրաշկայի պատմության հետ կապված: Դա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ: Այդ կինն ինչո՞վ է մեղավոր: Կին էր, որը ինքնաբուխ արտահայտություն արեց ու ոչ մի վատ բան չասաց, նա ընդամենը իր սրտի ցանկությունն արտահայտեց:
Ուրեմն ես Ձեզ խորհուրդ եմ տալիս եւս մեկ անգամ լսել այդ տեսանյութը, թե ինչ է ասում այդ կինը, ու հասկանալ, թե որտեղ է նեղացնում Սերժ Սարգսյանին: Իհարկե դրա համար Ս. Սարգսյանը բարկացած չէ:
Երեւանի Կենտրոն վարչական շրջանն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում Ր. Հովհաննիսյանը հավաքեց 11.268, իսկ Ս. Սարգսյանը՝ 12.113 ձայն: Այս արդյունքների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց այդ ընտրատարածքից ընտրված պատգամավոր ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԻ հետ:
-Պարո՛ն Նուշիկյան, այնտեղ, որտեղ Դուք ՀՀԿ-ի պատասխանատուն էիք, Սերժ Սարգսյանը քիչ ձայն ստացավ: Ինչո՞ւ:
-Քվեարկել են այնքանով, որքանով որ քվեարկել են:
-Դուք գո՞հ եք Ձեր աշխատանքից, Ձեր խոստումը համարո՞ւմ եք կատարված:
-Ի՞նչ է նշանակում՝ ես գոհ եմ կամ դժգոհ եմ, ինչ կա, էդ էլ կա, էլի՛:
-Ձեր վատ աշխատանքի պատճառով, հնարավոր է, ՀՀԿ առաջնորդը բարկանա Ձեզ վրա:
-(ծիծաղում է-Ս. Գ.) Ինչո՞ւ, Սերժ Սարգսյանն այն տեղերում, որտեղ պարտություն է տարել, չի բարկացել, ինչո՞ւ այստեղ պետք է բարկանա: Ինչ կա, այն էլ կա, ժողովուրդն ինչ արտահայտել է ձայներով, դա էլ կա, փաստ է: Լավ է, վատ է, ինչ ունենք, դա ունենք:
-Լավ, իսկ Ս. Սարգսյանին շնորհավորե՞լ եք:
-Այո՛, երեկ շնորհավորել ենք:
Երեւանի Նոր Նորք վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում եւս Ս. Սարգսյանը քիչ տարբերությամբ է հաղթել Ր. Հովհաննիսյանին: Հովհաննիսյանը հավաքել է 14.682 ձայն, Սարգսյանը՝ 15.498: Մինչդեռ ՀՀԿ պատասխանատուները՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն ու ԱԺ պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ, ավելին էին խոստացել:
-Պարո՛ն Ֆարմանյան, Դուք եւս չեք կարողացել Ձեր խոստումը կատարել ու Ս. Սարգսյանի համար լավ ձայներ ապահովել:
-Դրա փոխարեն կարող եք ինձ շնորհավորել իմ ծննդյան առիթով, ու ես բնավ ցանկություն չունեմ հարցազրույց տալու: Նոր Նորքում նորմալ տվյալներ են:
Հ.Գ. Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը (ի դեպ, շնորհավորում ենք) մշտապես աչքի է ընկնում նման տարօրինակ վարքագծով ՝ պատեհ, անպատեհ առիթ օգտագործելով, որպեսզի չշփվի լրագրողների հետ: