Հայաստանի նախկին եւ ներկայիս իշխանությունների գործունեության հետեւանքով առաջիկա տասնամյակներին մեր երկիրը ՀԾԿՀ-ի կարիք չի ունենալու. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հերթական նիստ է հրավիրել, որի ընթացքում որոշվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ Հայաստանի Հանրապետությունում բնական գազի բաշխման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» պատասխանատվությամբ ընկերության բնական գազի փոխադրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 29-ը։ Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված Վրաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի 1-ը:
ՀԾԿՀ-ի լրատվական ծառայության տարածած այս տեղեկատվությունն իրականում զավեշտալի է այն պարզ պատճառով, որ Հայաստանի իշխանությունների, նաեւ` նույն ՀԾԿՀ-ի գործունեության արդյունքում Հայաստանի ողջ գազաբաշխիչ համակարգը հարյուր տոկոսով տրված է «Գազպրոմ Արմենիային», անգամ Հայաստանի սեփականությունը հանդիսացող վերջին 40 կիլոմետրանոց խողովակաշարն էլ մի քանի ամիս առաջ օտարվեց եւ անցավ «Գազպրոմ Արմենիայի» սեփականությանը, հետեւաբար ուրիշ ում, եթե ոչ այս ռուսական ընկերությանը պետք է տրվի գազամատակարարման օպերատորի ծառայության լիցենզիա:

Ուստի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այս բծախնդրությունը` «Գազպրոմ Արմենիայի» լիցենզիան ընդամենը մինչեւ 2017 թվականի սեպտեմբերը երկարաձգելը, մեղմ ասած, ծիծաղելի է: Իսկ ի՞նչ է՝ 2017 թվականից հետո ՀԾԿՀ-ն այդ լիցենզիան ինչ-որ այլ ընկերությա՞ն է տալու: Սա ինչ ձեւականություն է, թե իբր` տեսեք, տեսեք, մենք ինչ-որ բան ենք կարգավորում: Իրականում ակնհայտ է, որ ՀԾԿՀ-ն մի անիմաստ, ձեւական կառույց է, որի պահպանությունն էլ, ի դեպ, բավականին թանկ է նստում շարքային հարկատուներիս վրա:

Հայաստանի նախկին եւ ներկայիս իշխանությունների գործունեության հետեւանքով այսօր եւ առաջիկա տասնամյակներին մեր երկիրը նման կառույցի կարիք չի ունենալու, քանի որ Հայաստանը՝ որպես պետություն, իր հզորություններն օտարելով` վաղուց եւ անվերադարձ զրկվել է դրանց գործունեությունը վերահսկելու անգամ ձեւական հնարավորությունից:
Ուստի ավելի ճիշտ կլինի, եթե առաջիկա սահմանադրական փոփոխությունների շրջանակներում վերանայվի նաեւ Հայաստանում կարգավորող այս եւ նման այլ` ավելորդ, ձեւական կառույցների գոյությունը: Իսկ ռուսական ընկերությունների, այդ թվում եւ «Գազպրոմ Արմենիայի» լիցենզիաների երկարաձգումն էլ` յուրաքանչյուր տասը կամ հարյուր տարին մեկ (դժվար թե այդ ընթացքում ինչ-որ բան փոխվի), շատ հանգիստ կարող է իրականացնել նույն էներգետիկայի նախարարությունը:




Լրահոս