ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՉԻ ԴԱՌՆԱ, ՆԱ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ չի ցանկանում որեւէ կուսակցության անդամ դառնալ ու այն տեղեկությունները, թե համալրելու է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ստեղծած «Լուսավոր Հայաստան» կուսակցության շարքերը, իրականության հետ որեւէ կապ չունեն:

-Պարո՛ն Պողոսյան, տեւական ժամանակ է` տեղեկություններ են շրջանառվում, որ Դուք պատրաստվում եք անդամագրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, այդպե՞ս է արդյոք:
-Ես կուսակցական չեմ, ես այսօր ընդգրկված եմ «Ժառանգություն» խմբակցությունում, պարտականություններ ու էթիկա կա, ես որեւէ այլ խնդիր իմ առջեւ չեմ դրել: Ես միայն ողջունել եմ, որ ստեղծվել է նման կուսակցություն: Ես մեկ անգամ չէ, որ ասում եմ՝ եթե կլինի որեւէ ուժ, որը կփորձի Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, եվրոպական արժեքներն առաջ տանելուն օժանդակել, դա լինի հասարակական կազմակերպություն, թե քաղաքական կուսակցություն, ես պատրաստ եմ իրենց հետ ճանապարհ անցնել: Որովհետեւ այնտեղ սկսվում են արժեքներ՝ կլինեն 20 հոգի, կլինեմ այդ 20 հոգու հետ, կլինեն 30, իրենց հետ կլինեմ, կլինի 1-ը, մեկի հետ կլինեմ: Այսօրվա դրությամբ նման որեւէ խնդիր չկա: Ցանկացած քաղաքական ուժ, որը ձեւավորվում է նոր երիտասարդներով, ես ողջունում եմ, ինչպես Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այնպես էլ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, վաղը կլինի մեկ ուրիշը, ես էլի կողջունեմ: Սերնդափոխությունը պետք է լինի, նման փոփոխություններ մեր երկրին իսկապես անհրաժեշտ են, ու ես ուրախ եմ դրա համար: Բայց իմ պարտականություններից, էթիկայից ելնելով՝ չեմ պատրաստվում որեւէ կուսակցության անդամագրվել:
-Եթե նշում եք էթիկայի եւ պարտավորությունների մասին, կարելի՞ է ենթադրել, որ եթե կուսակցական դառնաք, ապա կանդամակցեք «Ժառանգությանը», առավել եւս, որ նշված կուսակցությունը եվրոպական արժեքների կողմնակից է:
-Ես կրկնում եմ՝ եթե լինի 30 կազմակերպություն, ես 30-ի հետ էլ աշխատելու եմ, որեւէ բան այստեղ չեմ տեսնում: Այո՛, «Ժառանգություն»-ը եւս եվրոպական արժեքների կողմնակից է, որտեղ ես աշխատում եմ, ունեմ իմ պարտավորությունները, որոնք ես կատարում եմ: Որեւէ այլ տեղ գնալու ցանկություն չունեմ, որեւէ այլ կուսակցության անդամագրվելու ցանկություն չունեմ: Որեւէ պատճառ չկա ինչ-որ մի կուսակցության անդամ դառնալու, ուղղակի ես այդպես եմ ցանկանում, ես իմ աշխատանքն ունեմ, ես իմ ճանապարհն ունեմ, ես իմ պարտավորություններն ունեմ, որոնք կատարում եմ: Չեմ կարծում, որ իմ պարտավորությունները կատարելու համար պետք է անպայման ինչ-որ մի կուսակցության անդամ դառնամ: Ես որ որեւէ թիմի հետ ճանապարհ եմ գնում, որեւէ ձեւով այդ թիմին հարվածներ չեմ հասցնում, ես այդպես եմ դաստիարակվել:
-Բայց, այնուամենայնիվ, Դուք նաեւ այդ թիմի անդամը չեք, որում այսօր Ձեր գործունեությունն եք իրականացնում:
-Ես արժեքներ եմ կիսում, ինչու եք ցանկանում, որ ինչ-որ մի կազմի մեջ լինեմ, ես կազմի մեջ լինելու խնդիր չեմ տեսնում: Եթե ես կուսակցական չեմ, դա դեռ չի նշանակում, որ ես չեմ կարողանալու իմ գործունեությունն իրականացնել այնպես, ինչպես ես եմ ցանկանում: Ես այս ժամանակահատվածում աշխատել եմ, կատարել եմ իմ պարտականությունները: Կազմի մեջ ընդգրկվելով՝ ես որեւէ այլ բանի չեմ հասնելու, որ այս ժամանակահատվածում չեմ կարողացել հասնել: Դա ինքնանպատակ չէ: Այսօրվա դրությամբ ինձ համար նման հարց չկա դրված, էլի եմ կրկնում՝ եթե գա ժամանակը, այլ պարտավորություններ լինեն, այդ ժամանակ էլ ես կորոշեմ՝ ինչպես անեմ, ոնց անեմ: Այժմ իմ առջեւ նման նպատակ դրված չի:
-Եթե Սահմանադրության նոր նախագիծն ընդունվի, քաղաքական դաշտում մնալու եւ քաղաքական գործունեությունը շարունակելու համար հարկ կլինի անդամակցել որեւէ կուսակցության: Դա Ձեզ չի՞ մտահոգում:
-Մեկը նախընտրում է իրենը ստեղծել, մյուսը նախընտրում է միայնակ գործել, չգիտեմ, թե առաջիկայում ինչ է լինելու, ես չեմ մտահոգվում դրանով, քանի որ ես դեռ ունեմ իմ ճանապարհը անցնելու: Կանցնեմ, իմ պարտականությունները բոլորը կկատարեմ, այդ ժամանակ էլ կասեմ: Ես ինքս իմ առջեւ եմ պարտավորություններ ստանձնել, որպեսզի կատարեմ լավագույնս: Ես սիրում եմ ազնվություն, ու առաջին հերթին այդ ազնվությունը պետք է իմ մեջ լինի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 
«ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՅԱԼԱԳՅՈԶՈՒԹՅՈՒՆ Է»

Երեկ Ազգային ժողովում շարունակվում էր սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը, որը բավականին լարված մթնոլորտում անցավ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը սուր որակումներով ելույթ ունեցավ, ինչն էլ զայրացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, որը շտապեց արտահերթ ելույթով հակադարձել Մանուկյանին եւ հորդորել հարգանքով խոսել միմյանց հետ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր ելույթում հայտարարեց, թե Հայաստանը չի գտնվում այն վիճակում, որ պետք է կառավարման մոդելի փոփոխության գնա: «Դուք բերում եք հարյուր երկրի տարբերակ, սակայն բերեք ՀՀ օրինակը: Հայաստանը կարիք ունի ուժեղ իշխանության, քանի որ գտնվում է պատերազմից հինգ պակաս իրավիճակում, գտնվում է տնտեսական, քաղաքական այնպիսի համակարգում, որտեղ բոլորը կիսանախագահական են: Այս չարեփոխումների արդյունքում Հայաստանը հայտնվելու է աննորմալ իրավիճակում»,-իր ելույթում նշեց Մանուկյանը:
Վերջինս նաեւ անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի՝ նախօրեի ելույթին, որի ընթացում ՀՀԿ-ական պատգամավորը քննադատել էր Սահմանադրության նոր նախագծի դեմ «խոսողներին»: «Այստեղ ասում են՝ Սերժ Սարգսյանը հո տանը չի նստելու. ով չի ուզում տանը նստել, պետք է գա, երկրի նախագահ դառնա՞, ի սեր Աստծո, տարե՛ք ձեր տուն: Այստեղ շողոքորթության շքերթ է ստեղծվել, մարգարիտներ են շաղ տալիս: Այս ի՞նչ վիճակ է: Սովետմիությունում ասում էին՝ սովետական սահմանադրությունը նոր մարդ է ձեւավորելու՝ հոմոսովետիկուս, հիմա դուք հոմոսերժիկո՞ւս եք ձեւավորում: Այս ինչ քծնանք է: Սա քաղաքական քյալագյոզություն է»:
Արամ Մանուկյանի այս ելույթից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտապեց արտահերթ ելույթով հակադարձել ընդդիմադիր պատգամավորին: Նա նշեց, որ բնական է՝ մայր օրենքի քննարկումը պետք է անցնի բուռն. «Բայց ես ակնկալում եմ զգացմունքային ելույթները համեմել բովանդակային գնահատականներով: Մենք քննարկում ենք շատ կարեւոր փաթեթ, որը կարեւոր է ոչ միայն մեզ՝ այստեղ գտնվողներիս համար, այլեւ հասարակության եւ ապագա սերունդի համար: Չի կարելի այդ բառապաշարով խոսել, սա այդ տեղը չի, մենք գործընկերներ ենք: Հարգեք մեր կարծիքը»,-կոչ արեց ԱԺ փոխնախագահը` հորդորելով առավել գրագետ հակափաստարկներ ներկայացնել:
Երեկ ուշագրավ ելույթ ունեցավ նաեւ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը երկու անգամ պաշտոնապես հայտարարել է, թե չի ցանկանում, որ ՀՀ անցում կատարվի խորհրդարանական կառավարման մոդելին: «Այսօր, ի հեճուկս իր իսկ հայտարարություններին, խորհրդարանին է ներկայացրել մի Սահմանադրության նախագիծ, որի առանցքային դրույթը անցումն է կառավարման խորհրդարանական մոդելի: Ընդ որում, այս ընթացքում ոչ մի բացատրություն չի տվել՝ ինչպես եղավ, որ տեղի ունեցավ իր ցանկությունների էվոլուցիան, ռեվոլուցիան: Սա պոկերի լեզվով կոչվում է բլեֆ»,- բնորոշեց Փաշինյանը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 
ԴԱՏԱՎՈՐԻ ՎՐԱՑԱԿԱՆ ԼԱՐԻՆԵՐԸ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանն իր հիմնական եկամուտները, պարզվում է, ստանում է վրացական լարիով: Ըստ նրա 2014 թվականի հայտարարագրի՝ անցած տարվա վերջի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 30 մլն դրամ եւ 50 հազար դոլար: Դատավորի ամսական աշխատավարձը կազմել է՝ մոտ 600 հազար դրամ: Բացի այս՝ դատավորը նախորդ տարվա ընթացքում ստացել է 95 հազար 576 վրացական լարի արժողությամբ շահաբաժին: Եթե այդ գումարը վերածենք դրամի, ապա կստացվի, որ նա Վրաստանից մոտ 19 մլն դրամ է ստացել: Ի դեպ, դատավորը նախորդ՝ 2013 թվականին էլ 82 հազար 284 վրացական լարի է ստացած եղել: Դատավորի կինը՝ Աստղիկ Նազարյանը, ում ամսական աշխատավարձը կազմում է 107 հազար 500 դրամ, նախորդ տարվա ընթացքում գնել է «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենա՝ 10 մլն դրամ արժողությամբ: Նազարյանի կնոջ դրամական միջոցները կազմել են 2.5 մլն դրամ:

 

ՏԱՐՈՆԸ ՉԻ ՎՍՏԱՀԵԼ
Երեկ անակնկալ ձեւով հայտարարվեց, որ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Ղազարյանը: Սակայն քաղաքապետարանի հաղորդագրությունում ոչինչ նշված չէ այն մասին, թե Ղազարյանն ինչու է ազատվել իր պաշտոնից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օգտագործելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առիթը Սերժ Սարգսյանի մոտ, հայտարարել է, թե իրեն վարչական շրջաններում անհրաժեշտ են վստահելի մարդիկ: Ըստ այդմ, նա ասել է, որ Գեւորգ Ղազարյանին չի վստահում եւ նրա հետ չի կարողանա աշխատել: Իսկ Տարոն Մարգարյանի կողմից Գեւորգ Ղազարյանին չվստահելու պատճառն այն է, որ նա, մինչեւ թաղապետ նշանակվելը, եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի տեղակալը, ասել է թե՝ ԴԱՀԿ պետի՝ Միհրան Պողոսյանի վստահելիներից է: Ինչը Տարոն Մարգարյանի սրտով չէ: Չի բացառվում, որ Ղազարյանը ետ վերադառնա իր նախկին աշխատանքին: Սակայն նրանից մեկնաբանություն ստանալու «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերն անցան ապարդյուն:

 

7-ՐԴ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբերի 28-ին Մոսկվայում աչքի տեսողությունը վերականգնելու նպատակով հերթական վիրահատության կենթարկվի Գորիս քաղաքի բնակիչ Հարություն Զաքարյանը: Ըստ Հարությունի հարազատների՝ սա կլինի նրա 7-րդ վիրահատությունը: Հիշեցնենք, որ Հարություն Զաքարյանը մեկ աչքի տեսողությունը կորցրել էր մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ նրա ընկերների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում: Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեն արդեն դատարանին միջնորդել է, որ Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացվի:




Լրահոս