Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն այլևս չի մեկնաբանում, իսկ ազատամարտիկները սպասում են քննության ավարտին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է ինչ բուռն քննարկման թեմա է դարձել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի ենթարկելու փաստը: Նրան ծեծի ենթարկելու տարբեր վարկածներ են առաջ քաշվում` քաղաքական հետապնդումից, հաշվեհարդարից մինչև անձնական, կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպ որակելով: Ինքը` ազատամարտիկը, երեկ ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր նկատմամբ կատարված այս քայլը քաղաքական հետապնդում է, ինքը որևէ մեկի հետ անձնական խնդիր չունի:

Իսկ ահա ասյօր, ազատամարտիկը կտրականապես հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել: Նրա հարազատները նախ ասացին, որ Սմբատ Հակոբյանի առողջական վիճակը լավ չէ, ի վիճակի չէ հարցազրույց տալու, այնուհետև ասացին, որ Սմբատ Հակոբյանն ասելու բան չունի, ամեն ինչ երեկ հայտարարվել է:

Ինչևէ, Armlur.am-ը զրուցեց ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանի հետ, նրանից որոշակի հարցերի պատասխան ստանալու ակնկալիքով: Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինչ-որ մարդիկ շահագրգռված են, որպեսզի այս միջադեպը որակվի որպես անձնական: Հարցին` ով և ինչու է քաղաքական հաշվեհարդար տեսնում Սմբատ Հակոբյանի նկատմամբ, Մուշեղ Սաղաթելյանը պատասխանեց. «Այն անձը, որին ոչ ոք, ոչ մի իրավական, պետական մարմին ոչ մի հարցով չի դիմել, բայց ինքն իր նախաձեռնությամբ սկսում է Սմբատ Հակոբյանին մրոտել»: Դիտարկմանը` խոսքը Ռուբեն Հայրապետյանի մասին է, Մուշեղ Սաղաթելյանը հստակ պատասխան չտվեց:

Նրա խոսքով` իրենք` ազատամարտիկները, սպասելու են քննության արդյունքներին և «վենդետայով» չեն զբաղվելու: «Հիմա պետք է պայքարենք, որ մինչև վերջ նախաքննությունը նորմալ տանեն և բացահայտեն ու պատիժները ճիշտ կիրառեն»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս