Օրինական կառավարության ոչնչացմանն ուղղված գործողություններն հանգեցնում են այն իրավիճակին, որն այժմ մենք տեսնում ենք այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լիբիան ու Իրաքը: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի նախօրեին CBC հեռուստաալիքի ամերիկացի լրագրող Չարլի Ռոուզիին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, արդյոք ցանկանում է փրկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը:
«Սիրիական ճգնաժամի լուծման ոչ մի այլ տարբերակ չկա, բացի գործող պետական իսնտիտուտների ամրապնդումից ու ահաբեկչության դեմ պայքարում նրանց օգնություն ցուցաբերելուց»,- հավելել է ՌԴ նախագահը:
Պուտինն ասել է, որ անհրաժեշտ է դրդել Սիրիայի իշխանություններին «երկխոսություն սկսել առողջ ընդդիմության հետ ու բարեփոխումներ իրականացնել»:
«Իմ խորը համոզմամբ, ցանկացած այլ ուղղությամբ իրականացված գործողություններն ուղղված են լեգիտիմ կառավարության ոչնչացմանն ու այնպիսի իրավիճակ ստեղծելուն, որը կարելի է տեսնել տարածաշրջանի այլ երկրներում կամ այլ շրջաններում, ինչպես օրինակ Լիբիայում, որտեղ քանդված են պետական ինստիտուտները: Ցավոք, մենք նման իրավիճակ ենք տեսնում նաև Իրաքում»,- ասել է Պուտինը: